Նորություններ

«Շատ հարգելով ձեր անձնական որոշումը՝ եկել եմ խնդրելու Գեղամ Մանուկյանին, Կիմ Բալայանին, տիկին Անահիտին, մեր մյուս երեք քաղաքացիներին՝ դուրս գալ հացադուլից»

ԱԺ «Լուսավոր Հայաստան» պատգամավորական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր այցելել էին վարչապետի հրաժարականի եւ նրան քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջներով հացադուլ հայտարարած անձանց: «Ես բոլոր վեց հացադուլավորներին ուզում եմ խնդրել դադարեցնել պայքարի այս ծայրահեղ միջոցը: Ընդդիմադիր կյանքը տեսել է հացադուլներ:

Հիշենք Րաֆֆի Հովհաննիսյանին: Ես չեմ հիշում դեպք, երբ հացադուլը եղել է արդյունավետ պայքարի միջոց: Դա, բնականաբար, հարգանքի եւ ակնածանքի արժանի է, բայց ընդդիմադիրները պետք է իրենց լավ նայեն, որովհետեւ եթե այս երկրում ընդդիմադիր, այլընտրանքային հայացքներ ունեցող մարդիկ հիվանդանան, Աստված մի արասցե, ընկնեն հիվանդանոց, մենք կկորցնենք ամեն ինչ:

Այսօր ինչ գործ կա անելու՝ գերիների հետ կապված, այլ խնդիրների հետ կապված, էլի ընդդիմադիր դաշտից է արվում: Ես չեմ տեսնում կառավարություն: Շատ հարգելով ձեր անձնական որոշումը՝ եկել եմ խնդրելու Գեղամ Մանուկյանին, Կիմ Բալայանին, տիկին Անահիտին, որը զոհված հերոս զինվորի մայր է, մեր մյուս երեք քաղաքացիներին՝ դուրս գալ հացադուլից:

Դրանով մենք, այո, ուշադրություն ենք հրավիրում այս խնդրի նկատմամբ, բայց ես գիտեմ, որ այս խնդիրը կոնսենսուս մինուս 1-ի մակարդակի է: Այսինքն, բոլորը գտնում են, որ Փաշինյանը պետք է հեռանա, միայն Փաշինյանն է գտնում, որ ինքը պետք է մնա: Ես եկել եմ իմ զորակցությունը հայտնելու, առողջություն ցանկանալու, եւ հույս ունեմ, որ այս հացադուլը շուտափույթ կավարտվի, քանի որ այն իր առքելությունը արդեն իրականացրել է, ասել է թե այս հացադուլով ինչ ուղերձ պետք է հղվեր, արդեն հղված է: Հետեւաբար, ինձ համար շատ թանկ են պարոն Բալայանի, Գեղամի ու բոլորի առողջությունը:

Ասածս այն է, որ հիմա մենք այնքան բան ունենք անելու, որ մեզ ուժ է պետք»,- ասաց Էդմոն Մարուքյանը եւ ավելացրեց, որ իշխանությունը որոշ թեզեր է դրել շրջանառության մեջ:

Back to top button
Close