ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Այ մամ, ի՞նչ արձակուրդ, հարձակվել են մեր գումարտակի վրա, զինվորս վիրավոր է». շիրակցի 24-ամյա սպան մինչև վերջին շունչը կռվեց հանուն հայրենիքի

24-ամյա ավագ լեյտենանտ Ալեքսան Հարությունի Սաղաթելյանը հերոսաբար զոհվել է թուրք-ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ժամանակ: Ալեքսան Սաղաթելյանը ծնվել է Շիրակի մարզի Շիրակ գյուղում, երիտասարդ սպայի ընտանիքը տեղափոխվել է Գյումրի, մի քանի տարի ապրում է Գյումրիում:

Ալեքսան Սաղաթելյանը ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, այնուհետև ուսումը շարունակելու համար դիմել է մագիստրատուրա՝ որպես ռազմական իրավաբան:

Հերոսի մայրը՝ տիկին Անահիտը, մի կերպ զսպելով հուզմունքը՝ ասում է. «Պատերազմը մի վայրկյանում փոխեց բոլորիս երազանքներն ու պատկերացումները. չէինք պատկերացնում, որ այսքան երկար կտևի… գիտեինք, որ վաղ թե ուշ պատերազմը լինելու է»:

Հերոս որդու մասին պատմելիս հպարտ կեցվածք է ընդունում, ասում է՝ Ալես էր ասում՝ մամ, դու քեզ հպարտ պահիր, չծռվես երբեք… Ալես մեր հույսն էր, մեր ամեն ինչը: Որդու խրախուսական պատվոգրերն է ցույց տալիս, դպրոցական տարիներից ստացած գովասանագրերը: Տիկին Անահիտը ասում է. «Էս գովասանագրերը Ալես իր ձեռքով է դասավորել, աչքի լույսի նման եմ պահում…»:

«Իմ Ալեքսանս, իմ Ալես փոքր հասակից էլ սիրում էր զինվորականի աշխատանքը: Դպրոցն ավարտելուց հետո Ալեքսանս ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Ալեքսանս ավարտելուց հետո աշխատանքի է անցել Ջաբրայիլում: 3-4 անգամ խրախուսական շնորհակալագրեր է ստացել:

Սիրում էր իր աշխատանքը, իր զինվորներին. մաքրասեր էր և նույնը պահանջում էր իր զինվորներից՝ ասելով՝ իր զինվորները իրենց կարգապահությամբ պիտի տարբերվեն մյուս զինվորներից:

26 զինվորներ ուներ, շատ մեծ պատասխանատվություն էր զգում նրանց նկատմամբ: Զինվորների հետ ամենքին անհատական էր վերաբերվում, մտածում էր ամեն զինվորի մասին: Ասում էր՝ շատ խելացի են, կռվող:

Սեպտեմբերի 12-ին արձակուրդ եկավ, բայց 14 օր տևեց: Առավոտյան ժամը 10-ն էր, ընկերը զանգահարեց ասաց՝ Ալեք, դու գիտե՞ս, որ պատերազմ է, ու Ալեքսանս միանգամից զգաստացավ, հավաքեց իրեն ու ասաց՝ ո՞նց թե պատերազմ է: Խառնվեց իրար, հարցրեցի՝ Ալեքսան ջան, ի՞նչ է եղել, ասաց՝ մամ, հարձակվել են մեր գումարտակի վրա, զինվորս վիրավոր է:

Ասեցի՝ տղա ջան, բայց դու հիմա արձակուրդի մեջ ես, ասեց՝ այ մամ, ի՞նչ արձակուրդ, գնում եմ:

Շատ արագ կերպով գնաց Երևան, այնտեղից էլ պիտի արագ Ղարաբաղ հասնեին:

Ղարաբաղ գնալու այդ օրը չկարողացանք հետը խոսել. կապ չկար: Երկրորդ օրը զանգեց ասեց՝ մամ ջան, հասել եմ, ես արդեն դիրքերում եմ, ամեն ինչ լավ է, դուք լա՞վ եք: Մինչև հոկտեմբերի 12-ը ամեն օր Ալես զանգում էր, միշտ կապի մեջ էինք: Ասում էր՝ մամ, տղեդ մի անգամ փրկվեց… ասացի՝ բալես, զգույշ եղիր, Աստված միշտ քեզ հետ կլինի, քեզ ոչինչ չի պատահի:

Հոկտեմբերի 12-ին ժամը 4։30 էր զանգեց, ասաց, որ լավ է, ու էլ չզանգեց, բալիս վերջին զանգն էր, ու էլ իր ձայնը չեմ լսել. ինքը գնաց, բայց հուշերը մնացին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված սպայի մայրը:

Ալեքսանի մայրը պատմում է, որ որդին ամեն ինչից վեր սիրում էր հայրենիքը. հաճախ է ասել՝ մամ, ես էլ քո որդին չեմ, հայրենիքիս որդին եմ:

«Ամեն տարի ծննդյանս օրը ծաղիկներ ու տորթ էր բերում, անակնկալ էր անում, բայց էս տարի ինքը ինձ ուրիշ անակնկալ արեց: Ուսանողական նոթատետրն էի նայում. գրել էր՝ Աստված պահի իմ մամայիս»,- շարունակեց հերոսի մայրը:

Արցախյան պատերազմում նահատակված սպայի հայրը՝ պարոն Հարությունը, պատմում է, որ թեժ մարտերի ժամանակ Ալեքսանին ու իր զինվորներին նահանջ են հրամայել, բայց Ալեքսանը չի կատարել այդ հրամանը, ասել է՝ ոչ մի դեպքում, մենք պիտի մինչև վերջ պայքարենք:

«Հրամանատարն էր ինձ զանգել, ասում է՝ չեք պատկերացնի ինչ հերոս տղա ունեիք դուք:

Ալեքսանը իր գործի նվիրյալն էր, ինքը ուրիշ տեսակի մարդ է: Պատմում են, որ Ալեքսանը ամեն առավոտ զինվորներին շարք կանգնեցնելուց առաջ շոկոլադ է տվել զինվորներին… նույնիսկ դիրքերում ճաշ է եփել, որ իր զինվորը ուտի: Ինքը հայրենիքը ամեն ինչից շատ էր սիրում»,- պատմում է Ալեքսան Սաղաթելյանի հայրը:

Համեստ, կոկիկ, զուսպ, հումորով. հարազատները այսպիսի հատկանիշներով են բնութագրում շիրակցի հերոսին:

Ալեքսան Սաղաթելյանի մայրն ասում է, որ որդին սիրահարված էր զինվորականի մասնագիտությանը, զինվորականի հագուստին: Մորն հաճախ ասել է՝ մամ, գիտես ամեն տղայի սազո՞ւմ է զինվորական հագուստը:

Տիկին Անահիտն ասում է, որ հերոսի մայր լինելը հպարտություն է.

«Ես հպարտ եմ, որ իմ Ալես հերոս է, իր անունը միշտ վառ կմնա բոլորի սրտում: Բոլոր նահատակված զինվորներն էլ, վիրավորներն էլ հերոս են: Պատերազմը այսպիսի ավարտ չպետք է ունենար… նկարներն եմ նայում, կնստիմ կողքը, լաց եմ լինում… ամեն ինչ ուղեղիս մեջ է, հետո հիշում եմ, որ իմ Ալես չի վերադառնա:

Ես գիտեի, որ մի բան լինելու է, մոր սիրտը ամեն ինչ զգում է… մինչև կյանքիս վերջ ցավը սրտումս պիտի ապրեմ, բայց հպարտ եմ, որ որդիս հայրենիքի համար հերոս դարձավ»,- եզրափակեց շիրակցի հերոսի մայրը:

Ալեքսան Սաղաթելյանի քույրը՝ Ազնիվը, պատմում է, որ իրենք իրար հետ շատ կապված են եղել, իրար նկատմամբ շատ ուշադիր ու հոգատար: Ասում է՝ շատ երազանքներ ունեին միասին… Ազնիվը պատմում է, որ եղբոր կորստով իր մի կեսն էլ գնաց:

«Հպարտ եմ, որ հերոսի քույր եմ, հպարտ եմ, որ Ալեքսանի քույրն եմ»:

Անահիտ Չալիկյան

 

 

Back to top button
Close