ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Նկարի տղան իմ ձեռքը պինդ բռնեց, որ քիչ շարժվեմ, որպեսզի ցավեր չլինի. հիմա փնտրում եմ նրան». 18-ամյա զինծառայողի հայտնի լուսանկարի պատմությունը

Աշոտ Թադևոսյանը պարտադիր ժամկետային զինծառայող է, պատերազմից 2 ամիս առաջ էր զորակոչվել բանակ: Ծառայության 2 ամիսներն անցել է Ջրականում՝ Ջաբրայիլում:  Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ զինծառայողը ստացել է ծանր վիրավորում ողնաշարի հատվածում: Այս պահին 18-ամյա հերոսը դեռևս շարունակում է բուժում ստանալ:

Ասում է՝ բուժման պրոցեսը բարդ ու երկար է, բայց կամաց-կամաց հաղթահարում է բոլոր դժվարությունները. ամենադժվարը հաղթահարված է…

«Պատերազմի հենց առաջին օրը բարձրացել եմ դիրքեր և հենց այդ նույն օրն եմ վիրավորվել: Ողնաշարի հատվածում ականանետից ստացել եմ վիրավորում, ոտքի բեկորային կոտրվածքներ: Մինչև հիմա ողնաշարիս հատվածում բեկորներ կան: Երեկ մեջքս ցավում էր, պարզվեց՝ մեջքիցս բեկոր էր քայքայվել դուրս եկել:

Այս պահին առողջական վիճակս նորմալ է, հենակներով եմ քայլում, մի քիչ ցավեր կան, բայց ամեն ինչ լավ կլինի, ես հույսս չեմ կորցնում»,- շարունակեց ժամկետային զինծառայողը:

Աշոտ Թադևոսյանը պատմում է համացանցում տարածված լուսանկարի մասին, որտեղ իրեն վիրավորված տեղափոխում են, իսկ մարտական ընկերն ամուր բռնել է իր ձեռքը:

«Սեպտեմբերի 28-ի առավոտն էր, ինձ Ջաբրայիլից տեղափոխում էին Ստեփանակերտ: Նկարի տղան, ով բռնել է իմ ձեռքը, իմ գումարտակից է, առանձնապես իրար հետ շփում չենք ունեցել, բայց շտապօգնության մեքենայում զրուցեցինք իրար հետ:

Ճանապարհները ահավոր վատն են… շարժվելուց ուժեղ ցավեր ունեի, և այդ տղան իմ ձեռքը պինդ բռնեց, որ քիչ շարժվեմ, որպեսզի ցավեր չլինի: Թե ով է նկարել ու երբ, ես տեղեկություն չունեմ: Անկեղծ ասած՝ Ստեփանակերտի հոսպիտալ տեղափոխելուց հետո ոչ մի շփում չի եղել, կապը չի շարունակվել, ես հիմա փնտրում եմ այդ տղային»,- պատմում է Աշոտը:

«Պատերազմը ինձ տվեց մի քիչ սառնասրտություն, որովհետև նախքան պատերազմը այդքան էլ սառնասիրտ չէի: Պատերազմը մեզնից խլեց մեր լավ ընկերներին: Պատերազմը փոխում է մարդուն, կյանքի, ապագայի մասին պատկերացումները, և մի բան հստակ է, որ մինչև այդ ամենի միջով չանցնես, չես կարող գնահատել պատերազմի վատ գինը և ինչ է իրենից ներկայացնում պատերազմը:

Պատկերացումներով հնարավոր չէ մարտական ոգին բարձրացնել: Մենք մարտական էինք տրամադրված, բնականաբար ուրիշ կերպ հնարավոր էլ չէր: Մենք սառն էինք դատում և գիտակցում էինք պահի լրջությունը. դա կյանքի մի հատված էր, որ լրջություն և պատասխանատվություն էր պահանջում:

Իհարկե վախեր էլ կան… ինձ մոտ այդ վախը զգացվել է 2 անգամ. մեկը, երբ զորամասում էի, և խփեցին, ու ես հանկարծակիի եկա, այդ ժամանակ մի քիչ վախ եմ զգացել: Վիրավորում ստանալուց հետո էլ վախեցա, որովհետև ոտքերս չէի զգում և մտածում էի, որ կորցրել եմ ոտքերս»:

Աշոտն ասում է, որ միայն պատերազմի ժամանակ է բացահայտվում մարդու դեմքն ու կռվելու պատրաստակամությունը.

«Խաղաղ պայմաններում մարդիկ կային, որ իրենց նայում էիր,  մտածում էիր, որ պատերազմի ժամանակ ուրիշ ձև իրենց կդրսևորեն… կային նաև այնպիսինները, որ մտածում էիր, որ պատերազմի ժամանակ արագ կկողմնորոշվի, ինքը կարող է ավելի լավ կռվել, բայց ցուցադրեց լրիվ այլ կողմ և չէր կարողանում իր ուժը, մարտական պատրաստվածությունը կիրառել:

Պատերազմն այնպիսի իրավիճակ է, որ ոգևորում է քեզ, գործողությունների մեջ մարտական ոգիդ է բարձրանում: Քեզ ոգևորում է այն, որ դու դրանք ֆիլմերում կամ չգիտեմ որտեղ ես տեսել, ու էդ դրվագները կատարվում է քեզ հետ…»:

Ժամկետային զինծառայողին տխրեցրել է եռակողմ հայտարարությունը, բայց ավելի շատ վրդովվել է, երբ տեսել է, որ Ադրբեջանի նախագահը Ջաբրայիլի իրենց գումարտակ է մտել և այնտեղ Ադրբեջանի դրոշն է եղել ամրացված:

«Ես հիվանդանոցում էի, արթնացա և իմացա, որ հողերը հանձնել են. դա սուգ էր բոլորիս համար, շատ ծանր տարանք… չեմ ուզում պատկերացնել՝ մարդիկ իրենց տները, հողերը թողնելուց ինչ հոգեվիճակի մեջ են:

Բայց կարծում եմ, որ եթե չստորագրվեր այդ պայմանագիրը, կարող էր ավելի վատ լինել, և հնարավոր է, որ պետք է հենց այդպես էլ լիներ:

Ես իմ հույսը չեմ կորցրել պայքարի համար և չեմ կարծում, որ այսքանով ամեն ինչ ավարտվեց… թեկուզ մի քիչ ուշ, բայց լավ է լինելու»,- եզրափակեց ժամկետային զինծառայող Աշոտ Թադևոսյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close