ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Կարծում եմ՝ ազգի մեծ մասը դեռ դասեր չի քաղել պատմությունից, այլապես այսպես չէր ստացվի»

-Ի՞նչ են ասում լեռները իրենց խրոխտ լռության մեջ։

-Լեռներն ասում են՝ պահի՛ր մեզ, զինվո՛ր, որ մենք էլ քեզ պահենք…

Դավիթ Եղիշյանը կիբեռնետիկայի մասնագետ է, պատերազմի մասին լուրն իմանալուն պես շտապել է կամավորագրվել և մասնակցություն ունենալ հայրենիքի պաշտպանության գործին:

Ասում է՝ գիտեի, որ վաղ թե ուշ պատերազմ է սկսվելու, և ես այդ որոշումը շատ վաղուց էի կայացրել. որոշել էի, որ պետք է գնամ ու պաշտպանեմ հայրենիքս:

Դավիթը պատմում է, որ հստակ գիտակցել է՝ ուր է գնում և ինչի համար:

«Ընտանիքում որոշումս անհանգստությամբ ընդունեցին, անհանգստությունը վառ արտահայտվեց հատկապես մայրիկիս ու քույրիկիս մոտ, սակայն գիտեմ, որ հայրս էլ էր խիստ անհանգիստ… չեմ փոշմանել, որ նման որոշում եմ կայացրել:

Ընդհանրապես ամենադժվարը սկզբում է, հետո կամաց-կամաց հարմարվում ես ամեն ինչին: Այս պատերազմը տարբերվում էր թե՛ արցախյան առաջին պատերազմից, թե՛ 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմից: Մեր դեմ կռվում էր իրականում թուրքական բանակը: Նրանք վարում էին ժամանակակից մարտ, ժամանակակից տեխնիկայով. բալանսը շատ էր խախտված մինչ պատերազմը, իսկ պատերազմի առաջին օրերին էլ ավելի խախտվեց, նրանք ոչնչացրել էին մեր զինտեխնիկայի մեծ մասը, զինապահեստները»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է կամավորականը:

Նրա խոսքերով՝ անհավասար մարտում առաջնագծում տղաների նպատակը մեկն էր՝ ինչ անեն, որ ողջ-առողջ և հաղթանակած վերադառնան տուն.

«Մեզ ոգևորում էր թշնամու կորուստները և հարձակման անհաջող փորձերը, բայց իրականում մենք այս պատերազմին պատրաստ չէինք, նույնիսկ այս կարգի ինտենսիվ ու տեխնիկաներով հարուստ հարձակում չէինք պատկերացնում: Մեզ զենք էր պետք, «եթե»-ները շատ են, բայց մեկ կարևոր «եթե» կասեմ. եթե կարողանայինք ԱԹՍ-ների ու ինքնաթիռների դեմն առնել, հեշտ կլիներ պաշտպանվելը, որը և այս պարագայում կարող էր բերել հաղթանակի:

Անհնար է պարտվել պատերազմում, ունենալ տարածքային կորուստներ, ունենալ մարդկային հազարավոր զոհեր և ունենալ լավ տպավորություն: Կարծում եմ՝ ազգի մեծ մասը դեռ դասեր չի քաղել պատմությունից, այլապես այսպես չէր ստացվի:

Փառք Աստծո, մարտական ընկերներս ողջ ու արդեն առողջ են, մի քանի վիրավորներ ենք ունեցել, որոնցից շատերը կազդուրվել են, մյուսներն էլ այդ ճանապարհին են»,- պատմում է կամավորը:

Դավիթն ասում է՝ մեր նահատակված տղաների կյանքը հետ չենք բերի, բայց կծնվեն երեխաներ, ու կյանքը կշարունակվի, նրանց ծնունդով է Հայաստանն ապրում:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close