Նորություններ

ԱԱԾ նախկին աշխատակիցը ՀՔԱՎ-ի իրավական աջակցությամբ վերականգնել է խախտված իրավունքը

2020 թ․ հոկտեմբերի 14-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է ՀՔԱՎ փաստաբան Սամսոն Գալստյանի հայցը՝ ԱԱԾ նախկին աշխատակցի ոտնահարված իրավունքների վերականգման վերաբերյալ:

ԱԱԾ  նախկին աշխատակից Ա.Կ.-ը 2014 թ.-ից ՌԴ անվտանգության դաշնային ծառայության կենսաթոշակառու է: Մինչ այդ՝ 1973-2000 թթ.-ին բարձր պաշտոն է զբաղեցրել ԱԱԾ համակարգում: 1998 թ. նոյեմբերի 25-ին համապատասխան հրամանով տեղի է ունեցել պաշտոնի  իջեցում: ՌԴ օրենսդրության պահանջներից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել պարզելու, թե ինչ հիմնավորմամբ են  նրան տեղափոխել ցածր պաշտոնի:

2018 թ.-ին  նա դիմում է ԱԱԾ-ին՝ խնդրելով տրամադրել ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարի 1998 թ.-ի  հրամանի պատճենը: Պատճենի փոխարեն տրամադրվում է  քաղվածքը՝ պատճառաբանելով, որ հրամանը գաղտնի տեղեկություն է պարունակում:

2019 թ.-ին Ա.Կ.-ը դարձյալ դիմում է ԱԱԾ՝ խնդրելով հայտնել, թե ինչ հիմքով է կատարվել իր պաշտոնի իջեցումը՝ վերոհիշյալ հրամանով: Պարզաբանվել է, որ 1998 թ.-ին իր նկատմամբ իրականացվել է ծառայողական քննություն: Մասնագիտական պահանջների կոպիտ խախտումների համար  առաջարկվել է արձակել նրան ծառայությունից:
Սակայն, հաշվի առնելով երկարամյա աշխատանքային ստաժը, նա նշանակվել է ցածր պաշտոնի:

Գտնելով, որ իր իրավունքները խախտվել են, Ա.Կ.-ը դիմել է նաև ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին և ՀՀ վարչապետին:

Փաստացի 2 անգամ ԱԱԾ-ն հրաժարվել է արտադատական կարգով լուծելու խնդիրն ու Ա.Կ.-ին տրամադրել իրեն վերաբերող փաստաթղթերի պատճենները:

Իրավական աջակցության նպատակով Ա.Կ.-ը դիմում է ՀՔԱՎ Երևանի ներկայացուցչություն՝ դատական կարգով վիճարկելու իր պահանջը: Ներկայացուցչության փաստաբան Սամսոն Գալստյանը 2020 թ.-ին ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցով պահանջում է պարտավորեցնել ԱԱԾ-ին տրամադրել վերոնշյալ փաստաթղթերի պատճենները:

Պատասխանող կողմ ԱԱԾ-ը ողջ դատական գործընթացում պնդում էր, որ հայցն ամբողջովին անհիմն է և ենթակա մերժման: Մինչդեռ ՀՔԱՎ փաստաբանն իր հայցում հղում է արել ՀՀ Սահմանադրությանն ու մի շարք օրենքներին, որոնց իրավական վերլուծությունը փաստում է, որ ԱԱԾ-ը անհիմն է  մերժել նախկին աշխատակցին:

Այսպես՝ Ս. Գալստյանը, մեջբերելով ՀՀ Սահմանադրության և  ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածներ, գտել է, որ Ա.Կ.-ի նկատմամբ անարդար մոտեցում է ցուցաբերվել: Պետական մարմինը կարող է մերժել տեղեկություն տրամադրելը միայն օրենքով սահմանված դեպքերում և հիմքերով:

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի մի շարք դրույթների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Ա.Կ.-ին ցածր պաշտոնի տեղափոխելու մասին հրամանը, ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունը անմիջականորեն Ա.Կ.-ի անձին վերաբերվող տեղեկություններ են: Նա պետք է օբյեկտիվ հնարավորություն ունենար ծանոթանալու այդ փաստաթղթերին: ԱԱԾ-ը հաշվի չի առել այն էական հանգամանքը, որ այդ տեղեկությունները գաղտնի են 3-րդ կողմի, բայց ոչ այն անձի համար, ում դրանք վերաբերում են: ՀՔԱՎ փաստաբան Ս. Գալստյանը պնդել է, որ ԱԱԾ-ի պատճառաբանություններն ու մերժումն անհիմն են այն պարզ պատճառով, որ պահանջված տեղեկությունները Ա.Կ.-ի անձի վերաբերյալ են և չեն կարող համարվել գաղտնի: Ելնելով վերոգրյալից՝ փաստաբանը խնդրել էր դատարանից բավարարել հայցն ու պարտավորեցնել ԱԱԾ-ին տրամադրել հայցվող փաստաթղթերի պատճենները:

Վարչական դատարանը, լսելով կողմերի բացատրությունները, վերլուծելով և գնահատելով գործով ձեռք բերված բոլոր ապացույցները՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, եզրահանգել է, որ Ա. Կ.-ի հայցն ընդդեմ ԱԱԾ-ի ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ:

Դատարանն արձանագրել է, որ նույն խնդրով Ա. Կ.-ը մի քանի անգամ դիմել և մերժվել է, որից հետո ստիպված է եղել դատական կարգով պաշտպանել իր խախտված իրավունքը: Վկայակոչելով ՄԻԵԴ վճիռներում դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները՝ Դատարանը մատնանշել է արդար դատաքննության իրավունքը՝ երաշխավորված Կոնվենցիայով:

Բացի սրանից՝ ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքներով անձն ունի տեղեկատվություն ստանալու իրավունք: Ինչ վերաբերում է տեղեկության գաղտնիությանը, ապա «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով  տեղեկության տրամադրումը մերժվում է, եթե այն պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք:

Ա.Կ.-ի դեպքում հայցվող տեղեկությունը ոչ միայն չի պարունակում պետական գաղտնիք, այլև վերաբերում է անմիջականորեն իր անձին, հետևաբար՝ պետք է բաց ու հասանելի լինի իրեն: Առավել ևս, որ դրա գաղտնիության՝ օրենքով նախատեսված բոլոր ժամկետները սպառվել են: Դատարանն արձանագրել է, որ ողջ դատավարության ընթացքում պատասխանող կողմն այդպես էլ որևէ ապացույց չի ներկայացրել՝ պահանջվող փաստաթղթում պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակելու մասին:

Հաշվի առնելով վերոգրյալը` դատարանը վճռել է բավարարել Ա. Կ.-ի ներկայացուցիչ, ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Սամսոն Գալստյանի հայցն ու պարտավորեցնել ԱԱԾ-ին տրամադրել պահանջվող փաստաթղթի պատճենները և հօգուտ նախկին աշխատակցի՝ ԱԱԾ-ից բռնագանձել 4.000  ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար:

 

Back to top button