Նորություններ

Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձեւը կարեւոր քայլ է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման ուղղությամբ․ ՀՀ ԱԳՆ

Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձեւը կարեւորագույն քայլ է Արցախի ժողովրդի կողմից իրականացված ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ արցախյան հիմնահարցի արդարացի լուծման ուղղությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։

«Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձեւը կարեւորագույն քայլ է Արցախի ժողովրդի կողմից իրականացված ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ արցախյան հիմնահարցի արդարացի լուծման ուղղությամբ։ Այս որոշմամբ Ֆրանսիայի ժողովուրդը եւ նրան ներկայացնող Ֆրանսիայի Սենատը վերստին ապացուցում են մարդու իրավունքների համընդհանուր քաղաքակրթական արժեքներին անշեղորեն հավատարիմ լինելու հանգամանքը։

Որոշումը, վերահաստատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը, ուղիներ է նախանշում Ադրբեջանի կողմից Թուրքիայի ու վարձկանների աջակցությամբ Արցախի ժողովրդի դեմ իրականացված ագրեսիայի ծանր հետեւանքների վերացման համար։ Հատկապես կարեւոր ենք համարում, որ որոշման մեջ իրենց հստակ արձանագրումն են գտել Ադրբեջանի զինուժի կողմից միջազգային իրավունքի ու մարդու իրավունքների նորմերի խախտումները, ինչպես նաեւ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը։

Ֆրանսիացի օրենսդիրների կողմից Արցախի ժողովրդի ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի դեմ իրագործված հանցավոր ագրեսիայի անաչառ գնահատականը ու դատապարտումը ճանապարհ է բացում տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն հաստատելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Back to top button
Close