ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

Փաշինյանը դարձավ նախորդ իշխանությունների բանակցային մոտեցումների պատանդը. առաջիկայում էլ չենք ունենա խաղաղություն

Բանակցային գործընթացում ինչպիսի՞ սխալներ թույլ տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որոնք անխուսափելի դարձրեցին պատերազմը: Անդրադառնալով այս հարցադրմանը՝ ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը նշել է.

«Նախորդող ամբողջ բանակցային գործընթացը իր բովանդակությամբ և ուղղվածությամբ նախապատրաստել է պատերազմական գործողությունները: Այդ փորձերն արվել են 2016 թվականին, մինչ այդ տեղի ունեցավ հայկական զինուժի ուղղաթիռի խոցումը 2014 թվականին… այսինքն, բոլոր դեպքերում մեր բանակցային դիրքերն այնպիսին էին, որ թշնամուն իրավունք էին վերապահում ուժի դիրքերից թելադրել քաղաքական օրակարգ:

Մենք քաղաքական մակարդակում որևէ գործնական քայլ չկատարեցինք, որպեսզի կանխենք պատերազմը և նաև սանձենք հակառակորդի գործողությունները ճակատային գծում»:

Արման Մելիքյանի կարծիքով, գալով իշխանության՝ Փաշինյանը արել է մեկ-երկու կարևոր հայտարարություններ, սակայն այդ հայտարարությունները հռչակագրային բնույթից այն կողմ չանցան, բանակցային օրակարգի շրջանակներում փոփոխություններ չկատարվեցին, այդ փոփոխությունները հայկական կողմի ջանքերով նաև չնախապատրաստվեցին հավուր պատշաճի.

«Ավելին, գործող իշխանությունը իր կառավարության ծրագրում չէր նախատեսում Արցախի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու դրույթ: Չկա այդպիսի դրույթ: Հայաստանի իշխանությունը Արցախի տարածքը որպես անձեռնմխելի հայրենիք չի դիտարկել: Նրանք մնացին նախորդ իշխանությունների բանակցային մոտեցումների պատանդը, չցանկացան անսալ այն նախազգուշացումներին, որոնք արվել են հրապարակավ, շարունակեցին այդ տխմար գիծը, և մենք ունենք այն արդյունքը, որը բոլորով միասին նախապատրաստել էին վերջին առնվազն 15 տարիների ընթացքում»,- ընդգծում է դիվանագետը:

Back to top button
Close