ՄիջազգայինՆորություններ

ԱԴԾ-ն կանխել Է ահաբեկչական գործողությունները Մոսկվայի տարածաշրջանում

Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) օպերատիվ աշխատողները կանխել են ահաբեկչական գործողությունները, որոնք պատրաստել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության բջիջի անդամները: Այդ մասին հաղորդել են ԱԴԾ-ում: «Արմատական իսլամիստների գտնվելու վայրերում հայտնաբերվել եւ առգրավվել Է ինքնաշեն պայթուցիկ սարք՝ հանդերձված խոցող բաղադրիչներով, այլ առարկաներ եւ փաստաթղթեր»,-ասվում Է հրապարակման մեջ:

Ուժայիններին հաջողվել Է Վլադիմիրսկի մարզում ձերբակալել խմբի մասնակցին, որը Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քաղաքացի Է: Թե որտեղ են գտնվում մյուս կասկածյալները, չի ճշտվում: ԱԴԾ-ն նաեւ տեղեկություններ ունի, որ բջջի անդամները հավաքագրել են պոտենցիալ զինյալների եւ դրամ հավաքել ահաբեկիչների կարիքների համար: Միայն վերջին ամիսների ընթացքում սա Ռուսաստանում ահաբեկչությունների կասեցման արդեն առնվազն չորրորդ դեպքն Է: Այս աշնանն ուժայինները հարձակումներ թույլ չեն տվել Մոսկվայում, Վոլգոգրադում եւ Ստավրոպոլում: Ընդհանուր առմամբ, դատելով ԱԴԾ-ի հաշվետվություններից, ամեն տարի պոտենցիալ գրոհների թիվը հասնում Է տասնյակների: Ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի խոսքով՝ Ռուսաստանում տասը տարում կանխել են 150-ից ավելի ահաբեկչական գործողություններ: Դրա հետ մեկտեղ ԱԴԾ-ում քանիցս նշել են, որ հատուկ ուշադրություն են հատկացնում արմատական իսլամի տարածմանն աշխատանքային միգրանտների շրջանում եւ գաղութներում, որտեղ պահվում են արդեն դատապարտված այն ահաբեկիչները, որոնք Ռուսաստան են վերադարձել Սիրիայի եւ Իրաքի պատերազմներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Back to top button
Close