Նորություններ

«Ոնց կարելի էր ոչինչ չանել և հասցնել այն աստիճանի, որ մարդիկ դուրս գան փողոց». իրավապաշտպան

«Եթե Ռուսաստանի ղեկավարությունն ասում է, որ այդ հայտարարության մեջ այլևս ոչինչ հնարավոր չէ փոխել, ապա նշանակում է, որ ինչ-որ պատասխանատվություն պիտի կրի, բայց դա չի նշանակում, որ ՀՀ կառավարությունը պետք է նստի և սպասի, թե Ռուսաստանը ինչ կորոշի: Կառավարությունը պետք է պահանջի և ամեն ինչ անի, որպեսզի գործեն հայտարարության կետերը, եթե դրանք վերջնական որոշված են»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով եռակողմ հայտարարության 8-րդ կետին, որը վերաբերում է գերիների և պահվող անձանց վերադարձին:

Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ կառավարությունը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի՝ իմանալով, թե գերիները ում ձեռքին են:

«Կառավարությունը որ անկազմակերպ է, մենք դա տեսել էինք, բայց ես չէի պատկերացնում, որ հիմա՝ պատերազմից հետո, երբ ամբողջ Հայաստանում սուգ, վիշտ, թաղումներ են, անհետ կորած զինծառայողների հարցը մարդկանց հատ-հատ հանելու է փողոց: Պետք է այցելեին մարդկանց տները, տեսնեին՝ ինչ վիճակում են այդ մարդիկ, հավաստիացնեին և ամեն ինչ անեին, որպեսզի ռազմագերիների հետ կապված հարցերը կարգավորեն: Ես հասկանում եմ, որ դա դժվար հարց է, բայց չի նշանակում, որ ոչինչ չպետք է անել:

Ոնց կարելի էր ոչինչ չանել և հասցնել այն աստիճանի, որ մարդիկ դուրս գան փողոց, ի վերջո կառավարությունն է պատերազմի պատասխանատուն»,- ընդգծեց իրավապաշտպանը:

Զինադադարից հետո 10 քաղաքացիներ գերեվարվել են Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին: Սա արդյո՞ք խոսում է այն մասին, որ ռուս խաղաղապահները արցախահայության կյանքը պաշտպանելու համար գործառույթ չունեն:

Հարցադրմանն ի պատասխան՝ իրավապաշտպանը հայտարարեց.

«Ես կարծում եմ, որ ռուսներին չարժե ապավինել, որ նրանք մեր քաղաքացիների կյանքի անվտանգությունը կերաշխավորեն կամ անվտանգ պայմաններ կստեղծեն: Այն ճանապարհներին, որտեղից մարդիկ տեղահանվում էին, պետք էր այդտեղ վերահսկողություն սահմանվեր, այնտեղ պիտի մարդիկ լինեին, որ այսպիսի դեպքեր չարձանագրվեին:

Ստեղծվել է անկազմակերպ և անվերահսկելի իրավիճակ, որից օգտվում են ադրբեջանցիները՝ օրը ցերեկով ճանապարհներից մարդկանց են տանում»:

Ալեքսանյանը, անդրադառնալով ադրբեջանական կողմում գտնվող հայ գերիների խոշտանգման դեպքերին, նշեց.

«Ռուսաստանը պետք է իր դաշնակից Ադրբեջանին պարտադրի, որպեսզի դադարեցնի իր վայրագ գործողությունները:

Կառավարությունն էլ պետք է հետևի իր կողմից ստորագրված հայտարարությանը, որպեսզի կատարվեն այդ հայտարարության կետերը: Հետո ինչ, որ Ռուսաստանը եկավ որոշեց՝ ինչ պետք է լինի, և ինչպես պետք է մենք ապրենք՝ իրենց գծած սահմաններով, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ոչինչ չանենք:

Պետք է ահազանգել միջազգային բոլոր իրավապաշտպան կառույցներին»,- եզրափակեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close