ՆորություններՏնտեսական

«Կանխատեսվում է, որ տարեվերջին ունենալու ենք դրամի արժեզրկում՝ պայմանավորված տնտեսական անկմամբ, ներդրումների կրճատմամբ և վարած սխալ ֆինանսավարկային քաղաքականությամբ». Ս.Պարսյան

«Այս տարվա ֆինանսատնտեսական ճգնաժամը՝ պայմանավորված կորոնավիրուսով, ավելի է խորացել, դրա վրա մեծ ազդեցություն են թողել վերջին ամիսների պատերազմական գործողությունները: Այն կանխատեսումները, որ հնարավոր է տարեվերջին նվազեցնել անկման տեմպը, տեղի չի ունենա: Մենք կունենանք ավելի վատ տնտեսական ցուցանիշներ: Կանխատեսվում է, որ տարեվերջին հնարավոր է մենք ունենանք երկնիշ կամ երկնիշին մոտ տնտեսական անկում, որը կլինի բացառիկ վատ ցուցանիշ վերջին 12 տարիների վիճակագրությունում»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսական իրավիճակին:

Տնտեսագետի խոսքով՝ այս ամենն արդեն իսկ բացասական ազդեցություն է թողել մեր տնտեսության վրա.

«Կանխատեսվում է, որ տարեվերջին ունենալու ենք դրամի արժեզրկում՝ պայմանավորված տնտեսական անկմամբ, ներդրումների կրճատմամբ և վարած սխալ ֆինանսավարկային քաղաքականությամբ: Այս ամենին գումարվեց նաև պատերազմական գործողությունների արդյունքում լրացուցիչ չպլանավորված դոլարային գնումները: Կառավարությունը ձեռք է բերել մեծ ծավալով ռազմական և ոչ ռազմական ապրանքներ, որոնց համար վճարել է կամ վճարելու է դոլարով:

Բնականաբար այս ամենը դոլարային ճնշումներ է առաջացնում մեր արտարժութային շուկայի վրա: Այսինքն՝ դոլարի նկատմամբ մեծ պահանջարկ կա, և այս պահին և հաջորդ ամիսներին դա ավելանալու է, դրան գումարվում է նաև որոշակի սպեկուլյացիա, որովհետև մարդիկ դոլարը ձեռք են բերում որպես թանկացող ապրանք՝ հետագայում վերավաճառելու նպատակով: Այս բոլոր հանգամանքները ազդում են և ազդելու են, որ դրամը հետագայում ևս արժեզրկվի»,- հայտարարեց Պարսյանը:

Ըստ նրա՝ Կենտրոնական բանկը տնտեսությունը պետք է նախապատրաստեր այս ամենին:

«Նկատի ունենալով, որ տարածաշրջանի բոլոր երկրներում (Թուրքիայում, Ադրբեջանում, Վրաստանում, Իրանում, Ռուսաստանում) ազգային արժույթներն արդեն իսկ այս տարվա ընթացքում արժեզրկվել են,  Հայաստանի դրամը կայուն չէր կարող լինել: Պետք էր ինդեքսավորել կամ բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները, որպեսզի մարդիկ ավելի քիչ կորուստներով դուրս գային դրամի արժեզրկման հետևանքով առաջացած գնաճից, բայց այս ամենը չի արվել: 2021թ. պետական բյուջեում չկան նման մեխանիզմներ, որոնք թույլ կտան փոխհատուցել դրամի արժեզրկման արդյունքում առաջացող սոցիալական խնդիրները: Մարդկանց եկամուտները մնալու են նույնը, իսկ ապրանքների գները թանկանալու են»,- ընդգծեց տնտեսագետը:

Տնտեսությունը փրկելու համար ի՞նչ առաջնահերթ քայլեր պետք է ձեռնարկի կառավարությունը:

Հարցին ի պատասխան՝ Սուրեն Պարսյանը հայտարարեց. «Կառավարությունը պետք է վերանայի իր սոցիալ-տնտեսական քաղաքականությունը:  Կանխամտածված նվազեցրին հարկային մուտքերը՝ զիջելով հարուստներին, բարձր աշխատավարձ ստացողներին և այդ հարկային բեռը փորձելով դնել հասարակության բոլոր խմբերի վրա:

Հաշվի առնելով, որ հասարակությունը ցածր գնողունակություն ունի, կառավարությունը չի կարողանում այդ զիջած հարկերը հավաքել նույն հասարակությունից:

Մի կողմից հարկերը նվազեցրեց, բայց մյուս կողմից չկային մուտքեր, և սրա արդյունքն այն է, որ պետական պարտքն ավելի աճեց, քան պլանավորում էր այս կառավարությունը: Մենք պետք է վերանայենք մեր հարկային քաղաքականությունը, որովհետև եկամտահարկի, շահութահարկի դեպքում պետք է գործի շատից շատ, քչից՝ քիչ սկզբունքը: Հակառակ դեպքում նույնիսկ հնարավոր չի լինի վարկ վերցնել, որովհետև վարկ տվող երկրները, կազմակերպությունները առաջին հերթին հետաքրքրված են հավաքագրվող եկամտով, եթե այդ երկրի հավաքագրվող եկամուտը ցածր է կամ կասկածելի, ապա այդ երկրին վարկ փոխառություն չեն տրամադրում:

Եթե պետությունը այստեղ իրեն չդրսևորի որպես լոկոմոտիվ, ապա մասնավորն ընդհանրապես դուրս կգա, ներդրում չի անի, հակառակը, կարող է գումարները հանել տնտեսության միջից:

Քայլեր պետք է արվեն էներգակիրների գները պահպանելու կամ նվազեցնելու ուղղությամբ»,- շեշտեց տնտեսագետը:

Նրա խոսքով՝ պետք է լուծել նաև մարդկանց զբաղվածության հարցը, որովհետև սահմանները բացվելուն պես հնարավոր է լինի արտագաղթ, պետք է սոցիալական քաղաքականություն մշակվի, որպեսզի մարդիկ մնան Հայաստանում:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close