Նորություններ

Հայ մտավորականների դիմումը ֆրանսիացի ժողովրդին և Ֆրանսիայի Սենատին

Հարգարժան Սենատորներ,

Թույլ տվեք մեր ժողովրդի անունից երախտագիտություն հայտնել Արցախի հակամարտության ողջ ընթացքում և հատկապես սեպտեմբերի 27-ի թուրք-ադրբեջանական ոճրագործ ագրեսիայի հետևանքով սանձազերծած պատերազմի ընթացքում Ֆրանսիայի Հանրապետության ազնիվ և հետևողական դիրքորոշման համար: Մենք երբեք չենք մոռանա վերջին հարյուր տարվա արհավիրքների և ողբերգությունների ընթացքում ֆրանսիացի ժողովրդի սրտացավ և եղբայրական աջակցությունը հայ ժողովրդին հանուն ազատության և հավասարության տարվող պայքարում: Մեր՝ հայերիս ցավոտ, արյունալի պատմության մեջ սա ֆրանսացիների առաջին միջամտությունը չէ օրհասական պահին: Մենք չենք մոռացել, թե ինչպես 1915 թվականին  Մուսա լեռան գագաթին 53 օր շարունակ պաշարված, ինքնապաշտպանվող հայերին ֆրանսիական նավերը հասան օգնության ու փրկեցին  կործանման եզրին հասած 4092 հոգու, տեղափոխելով նրանց «Ժանն դ’Արկ», «Գիշեն»  և այլ նավեր ու հասցրին Պորտ Սաիդ: Եվ, որպես երախտագիտություն, այս փրկված հայերը ֆրանսիական բանակի կազմում ստեղծեցին «Հայկական լեգիոն»:

Այսօր մեր հայացքն ուղղված է Ձեզ՝ Ֆրանսիայի Հանրապետությանը, որպես մեր ժողովրդի ինքնիշխան իրավունքների պաշտպանության բարձրագույն ատյան:

Մեկ դարից ավելի է, ինչ թուրքական վերնախավը մերժում է հայերի բոլոր իրավունքները, ներառյալ կյանքի իրավունքը, ինչը և հանգեցրեց մարդկության պատմության ամենաամոթալի էջերից մեկին՝  Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությանը:

Նմանակելով թուրքերին, նորաստեղծ ադրբեջանական կառավարությունը 1920 թ-ին արյան մեջ խեղդեց Շուշին՝ իրականացնելով հարավային Կովկասում ամենադաժան և մասշտաբային էթնիկ զտումը: Այժմ Ադրբեջանը ցանկանում է հաստատել տարածաշրջանում նոր միջազգային կարգ, որը բացառում է մարդու իրավունքերը և ազատությունները, ինքնորոշման իրավունքը և ազգային-կրոնական բազմազանությունը, ժողովուրդների խաղաղ համակեցությունը:

Շատ հատկանշական է համամարդկային մշակութային գանձարանի մաս կազմող Արցախի տարածքում գտնվող հարյուրավոր հուշարձանների ճակատագիրը։ Վերջին 26 տարվա ընթացքում վերջապես ջանքեր էին գործադրվել դրանց գոնե մի մասը փրկելու և վերականգնելու ուղղությամբ։ Հայ ժողովուրդը վերագտավ հինավուրց Դադիվանքը, Ամարասը, որտեղ հիմնադրվել է առաջին հայկական դպրոցը, Տիգրանակերտը՝ կառուցված մ.թ.ա. 1-ին դարում հայոց արքա Տիգրան Մեծի կողմից, քրիստոնեական քաղաքակրթության համար մեծ նշանակություն ունեցող Գանձասարը, որտեղ ամփոփված են Հովհաննես Մկրտչի մասունքները և բազում այլ արժեքներ։ Այժմ ակնհայտ է, որ այդ ահռելի մշակութային հոգևոր շերտին սպառնում է նույն ճակատագիրը, ինչ Նախիջևանի միտումնավոր ոչնչացված 700-ից ավելի հայկական մշակութային կոթողներին։

Ներկայումս, երբ կոպտորեն ոտնհարվել են վեճերի խաղաղ կարգավորման և ուժի չգործադրման միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, Արցախի Հանրապետության իրավահավասարության ճանաչումը միակ ճանապարհն է ապահովելու Արցախի հայերի կյանքի իրավունքը: Մենք հուսով ենք, որ Հարավային Կովկասի ապագան զարգանալու է ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքների հիման վրա, այլ ոչ թե բռնի ուժով հաստատված անարդար կարգերի:

Այս, մեզ համար ծանր, ճակատագրական օրերին, մենք, հայ մտավորականներս, հույսով դիմում ենք Ֆրանսիայի Հանրապետության Սենատին Արցախի կողքին կանգնելու և Արցախի անկախությունը ճանաչելու խնդրանքով:

Back to top button
Close