Նորություններ

«Փամփուշտներով աղջիկների անուններ էի գրում. դա փոքրիկ շնորհակալություն էր մեզ ոգեւորող աղջիկներին»

«Ես յոթ ամիս Հայաստանում չէի, սեպտեմբերի 25-ին վերադարձա հայրենիք: Իմ վերադարձից 2 օր հետո սկսվեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, և պատերազմի չորրորդ օրն ինձ զինկոմիսարիատից զանգեցին, և ես գնացի մեր սահմանները պաշտպանելու: Այս պահին դիրքերից իջել եմ, բայց 8 օրից նորից կբարձրանամ դիրքեր»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց Էդուարդ Առուստամյանը:

Էդուարդը մասնագիտությամբ լուսանկարիչ է, պատմում է, որ պատերազմի օրերին հասցրել են լուսանկարվելու համար էլ ժամանակ գտնել. ասում է՝ հետո կնայեն, կհիշեն:

«Մեր ջոկատում տարբեր տարիքի մարդիկ են, բայց դա կապ չուներ. մենք բոլորս ընկերներ էինք, մի տան անդամի նման էինք իրար հետ շփվում: Անգամ ամենածանր իրավիճակում չէինք կորցնում հումորը, իրար «դուխ» էինք տալիս: Կյանքը դիրքերում ուրիշ է, դիրքերում այլ է մթնոլորտը:

Պատերազմի ժամանակ, երբ դու կռվում ես, պետք է ոչնչի մասին չմտածես՝ մոռանաս քաղաքացիական կյանքդ, որովհետև անգամ փոքր խնդիրն այդ պահին կարող է քեզ վնասել: Կռվելու ժամանակ պիտի ուղեղդ անջատես և միայն մտածես՝ ինչպես անես, որ ողջ մնաս»,- նշում է կամավորականը:

Էդուարդի խոսքերով՝ աղջիկներն իրենց «Սնիկերսներ» են ուղարկել, դրանց հետ ոգևորող նամակներ, եւ սահմանին կռվող տղերքն իսկապես շատ են ոգեւորվել:

Երիտասարդ կամավորականը որպես շնորհակալություն փամփուշտներով աղջիկների անուններ է գրել, ասում է՝ գրեցի, հետո նկարեցի, ու այդ նկարները տարածվեցին համացանցում. դա էլ փոքրիկ շնորհակալություն էր աղջիկներին:

Ըստ նրա՝ առաջնագծում կռվող զինվորի համար ամենամեծ դժվարությունը վախն է.

«Մենք պատերազմի մեջ էինք, մեզ վրա կրակում էին, ու շատերի համար դա առաջին անգամն էր. կրակոցներ, մի խոսքով՝ վտանգավոր իրավիճակ էր, և չկար այնպիսի մեկը, որ վախ չունենար:

Եթե մեր տղերքից ինչ-որ մեկը վախենում էր կամ արդեն վախեցած էր, մենք իրեն դուխ էինք տալիս, հումորի էինք վերածում, որպեսզի վախը միջից դուրս գա: Դժվարը սկզբում էր, բայց հետո վախը մեր միջից կորավ, ու ամեն ինչ, անգամ բարձր կրակոցի ձայները մեզ համար դարձան սովորական և նորմալ:

Իմ պարտադիր զինվորական ծառայության երկու տարիները ոչինչ էին այս պատերազմի 45 օրերի համեմատ: 45 օրվա ընթացքում էնքան բան ես տեսել… մարտական ընկերոջ կորուստ, ու զգում ես, որ ամեն ինչ սովորական է դառնում, այդ ամեն ինչը տեսնելով՝ դու ավելի ուժեղ ես դառնում և անգամ մի վայրկյան չես մտածում հետ քաշվելու կամ հետ քայլի մասին:

Մենք ունեինք հրամանատար, որը ցանկացած դժվարության պահին մեր կողքին էր կանգնած: Պատերազմի ծանր և դժվար պահերին մեզ ուժ է տվել, 45 օր ինքը մեր հետ է եղել, որովհետև այդ օրերին եթե էդ դուխը չլիներ, շատերը կփախչեին»,- շարունակում է Էդուարդ Առուստամյանը:

Այս պատերազմը նրա կյանքում շատ բան է փոխել. նախ պատասխանատվությունն է մեծացել, և հիմա այլ կերպ է նայում ամեն ինչին:

Ըստ Էդուարդի՝ նման ելքով պատերազմի ավարտը սպասելի էր, որովհետև փոքր երկիրը պայքարում էր միանգամից մի քանի ուժերի դեմ.

«Մենք պատրաստ չէինք այս պատերազմին, քիչ ռեսուրս ունեինք, բայց դիմանում էինք: Մենք կարծես խաղալիքով մեծ տանկի դեմ կռվեինք, ոչինչ մեզ չէր կոտրում: Գիտեինք, որ վաղ թե ուշ պատերազմ լինելու է, բայց այնքան հանկարծակի եղավ ամեն ինչ:

Հալալ է մեր տղերքին, հալալ է մեր բանակին… մեր 18-20 տարեկան տղան կռվում էր վարձկանի դեմ, ջախջախում հակառակորդին:

Իհարկե կապիտուլյացիայի որոշումը բոլորիս համար էլ ցավալի էր, բայց եթե այդ որոշումը չլիներ, ամեն ինչ ավելի վատ ավարտ կարող էր ունենալ, մենք շատ զոհեր կունենայինք: Մեծամասնությունը միայն խոսում է, բայց չի կարող պատկերացնել՝ ինչ իրավիճակ էր:

Մեզ մարդ էր պետք, մեզ անձնակազմ էր պետք, ու երբ մենք իմանում էինք, որ մի քանի րոպեում հրապարակում այդքան մարդ է հավաքվում, մենք տխրում էինք, որ էդքան մարդ հավաքվել է հրապարակում, իսկ մենք մի քանի հոգով ենք դիրքը պահում, և եթե էդքան մարդ լիներ դիրքերում, չէինք հանձնի թե՛ Շուշին, թե՛ մնացած տարածքները»,- եզրափակեց Էդուարդ Առուստամյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close