Նորություններ

«Ռուսաստանը 5 տարի իր առաքելությունը կկատարի Արցախում, 5 տարի հետո դուրս կգա Արցախից՝ իր զենքը թողնելով արցախցիներին, որպեսզի նոր կռիվ սկսեն». Վ. Բադասյան

«Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական գրի գոնե բարոյապես. առավել ևս, երբ դա պահանջում է ժողովուրդը և դա պահանջեց նաև նախագահը: Ինքը էլի լայվեր է մտնում, կրուտիտներ, չգիտես ինչեր է անում կնոջ հետ միասին: Նիկոլ Փաշինյանի կինը «Էրատո» ջոկատ է ստեղծել, և եթե քննարկենք, Էրատոն այն թագուհին էր, ով տանուլ տվեց պատերազմում և փախավ Պարսկաստան: Այնպես որ, ջոկատի անունը հատուկ էր ընտրված: Իրականում այդպիսի ջոկատ չկա, դիրքեր չկա, դիրքեր գնացող չկա: Տիկին Աննան մի նկարում արդուզարդով է, ֆենած մազերով. նման ձևով դիրքեր չեն գնում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց ազատամարտիկ, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը:

«Նիկոլ Փաշինյանը ժողովրդին գցել է կրակի մեջ, և 17 կուսակցությունները, ովքեր պահանջում են նրա հրաժարականը, նրանց սարքել է հրեշ, որովհետև նրանց մեջ կա Ռոբերտ Քոչարյան, նախկիններ:

Նիկոլ Փաշինյանը սիրում է նախկիններին, որովհետև նա միայն այդ ֆոնի վրա կարող է իշխել Հայաստանում, որովհետև ժողովուրդը նախկիններին ավելի շատ է ատում, քան սատանա Նիկոլին:

Նիկոլը բանակի մեջ մի քանի կոսմետիկ բան արեց, բայց հիմնականում կազմաքանդեց բանակը: Ինքը հպարտանում է, որ բանակում սննդի որակն է լավացրել, սնունդը ինքը հենց այնպես չի տվել զինվորին, որովհետև իր տղան էլ էր Արցախում ծառայում: Ում էր պետք էդ սնունդը, երբ զինվորին վերջում տանելու ես կոտորես ու հարամ անես գլխին:

Ավելի լավ չէ՞ր՝ այդ գումարը օգտագործեր սպառազինության վրա, այսինքն՝ անօդաչու թռչող սարքավորումների վրա, Հայաստանում կան այդ մասնագետները:

Ինքը նման մանիպուլյացիաներով ղեկավարեց Հայաստանը այս 2,5 տարվա ընթացքում, և նա պիտի հեռանա»,- հայտարարեց Բադասյանը:

Վահան Բադասյանի խոսքերով՝ Նիկոլ Փաշինյանը չիրացրեց հեղափոխությունը, նա միայն բավարարվեց իր հետ քայլողներին աշխատանքի տեղավորելով և պարգևավճարներ տալով:

«Իր թիմակից Լենա Նազարյանը մի առիթով ասել է. «Բա պիտի ստանան պարգևավճար, հո նվիրյալ չեն». դա պարզապես լկտի խոսակցություն է:

Թեժ պատերազմը գնում էր, բյուջեի մեջ 21 մլրդ. են հատկացնում այս տարվա 19 մլրդ. փոխարեն, որպեսզի պարգևավճարներ տան, հետո էլ խոսում են հների մասին:

Երբ Նիկոլը տեսավ, որ իրեն դավաճան են համարում, ինքը ասաց՝ սիրելի ժողովուրդ, մենք դեռ միտինգներ կանենք, դղյակատերերի ունեցվածքը կխլենք նրանցից, դրանով կուտ էր տալիս ժողովրդին, և այդ կուտը ժողովուրդը չընդունեց:

Իր կազմակերպած հավաքին քիչ մարդ գնաց, բայց դե դրանք կուրծք ծեծողներն են, Նիկոլի զոմբիներն են և այլն»,- ընդգծեց «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահը:

Բադասյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն արդեն իր վրա է վերցրել նախորդների կատարած բոլոր սխալները:

«Ի՞նչ է նշանակում՝ Շուշին դժբախտ և դժգույն քաղաք է, և եթե դժգույն չլիներ, հները ինչ-որ բան կանեին, իսկ դու ի՞նչ ես արել 2,5 տարվա ընթացքում:

2,5 տարին մեծ ժամկետ էր, իրենք ասում են՝ 30 տարի երկիրը քանդել են, կարո՞ղ ա ուզում եք 2 տարում սարքվի. ոչ, ես չեմ ուզում 1-2 տարում սարքվի: Եթե նա առաջին օրից լծվեր աշխատանքի, ապա կտեսնեինք, որ 30 տարվա քանդածը արդեն սարքվում է:

Նիկոլը չի հասկանում, որ Թուրքիան զորք է մոտեցրել Հայաստանի սահմանին, 100 տարի առաջ Թուրքիան և Ռուսաստանը «բազար» արեցին, և այդ «բազարի» մեջ «ապրանքը» մենք էինք:

Ռուսաստանի վարած քաղաքականությունը մեր նկատմամբ շատ ահավոր է, Ռուսաստանը լկտիաբար նախորդ նախագահների ժամանակ մեզ հայտարարեց, որ Ադրբեջանին զենք վաճառելը ելել է իր տնտեսական շահերից:

Ամերիկան և Ֆրանսիան մեր դաշնակիցը չեն, բայց նրանք հրաժարվեցին Ադրբեջանին զենք վաճառել. նրանք ասացին, որ Ադրբեջան, դու դա վերցնում ես հայերի համար: Ռուսաստանը դա չէր կարո՞ղ ասել:

Նիկոլ Փաշինյանը, այս ամենը գիտենալով, չվարեց արտաքին քաղաքականություն. ինքը կատաղեցրեց Պուտինին, Էրդողանին, Ալիևին. ինքը բոլորին վանում էր, նա վանում էր նաև մեր ժողովրդի առողջ մասսային, իր կողքին կանգնած մարդկանց, ովքեր իր թիմից չէին»,- շեշտեց Վահան Բադասյանը:

«Ռուսաստանը 5 տարի իր առաքելությունը կկատարի Արցախում, 5 տարի հետո դուրս կգա Արցախից՝ իր զենքը թողնելով արցախցիներին, որպեսզի նոր կռիվ սկսեն: Արցախի հարցի ձգձգումը շահեկան է Ռուսաստանի համար, և Ռուսաստանը շահագրգռված է, որ Արցախի հարցը վերջնական լուծում չստանա»,- եզրափակեց Վահան Բադասյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close