Նորություններ

«Սու-30ՍՄ կործանիչները գնել ենք Նիկոլ Փաշինյանի ու Դավիթ Տոնոյանի սելֆիի համար. մենք արդյոք այդքան հարուստ ենք, որ 200 մլն դրամ տանք առնենք ու միայն սելֆիի համար». Վահան Բադասյան

«Այս պատերազմը նախորդ արցախյան պատերազմից տարբերվում էր Ադրբեջանի կողմից կիրառած ռազմական տեխնիկայով, սա 21-րդ դարի պատերազմ էր, որտեղ մեկ օպերատոր նկուղում նստած վարում էր մարտը, որի արդյունքում խոցվում էին մեր զինվորները, զինտեխնիկան, կառավարման կենտրոնները. դա խուճապ էր առաջացնում բնակչության և կամավորների շրջանում, կանոնավոր զորքի վրա դա չազդեց, զինվորները շարունակում էին կռվել»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց ազատամարտիկ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը:

«Մենք առաջին օրերին դիմացանք,  բայց պատերազմի 7-րդ, 8-րդ օրը հակառակորդը ճեղքեց հարավային հատվածը: Մենք փորձեցինք կամավորներով և մոբիլ ռեսուրսով փակել դա, որովհետև կանոնավոր զորքը արդեն սպառված էր, կային զոհեր և վիրավորներ, և նաև ֆրոնտն էր մեծացել: Մենք փաստորեն զրկվեցինք մեր հիմնական տեխնիկայից, իրենք մեկ օրվա ընթացքում Գորիսի առաջին բանակային կորպուսի ընդհանուր 22 «գրադ» կայանի 15-ը ոչնչացրին, հաջորդ օրը մյուս 7-ն էլ ոչնչացվեց: Հակառակորդը ոչնչացրել է մեր թնդանոթները, և մնացել էր ընդամենը 2-3 մարտկոց, որը եղածի 10%-ն էր:

Ոչնչացվել են զորքին տեղափոխող մեքենաները, կամազների մեծ մասը, հակառակորդը հարվածում էր վիրավորներին տեղափոխող շտապօգնության մեքենաներին: Այդ ամենը բերեց նրան, որ ճակատային գիծը մեծացավ»,- ավելացրեց ազատամարտիկը:

Ըստ Բադասյանի՝ ՀՀ զինկոմիսարիատները սխալ են աշխատել, որովհետև զորամասերին կցագրում կամ համալրում չի իրականացվել, ընդամենը ուղարկվել են կամավորներ.

«Կամավորները, իմ նկարագրած մարտը տեսնելով, անպայման հետ էին գնալու, հո մսաղացի մեջ չէին մտնելու: Նրանք ամեն պատճառ կգտնեն, բայց չեն ասի, որ իրենք փախել են կամ բարոյալքվել են, դասալիք են դարձել, այլ կասեն, որ իրենք նահանջել են:

Ես կամավորներին բնագծի մեջ շարում էի, մինչև գնում էի հաջորդ կամավորների խմբին բերելու, գալիս էի և տեսնում, որ մյուսները փախել են: 52 տարեկան մարդ եմ, առաջին արցախյան պատերազմում ծանր վիրավորված, բայց ես կամավոր գնացել եմ կռվի: Ես ասում էի՝ ես եմ կամավոր, դուք զինապարտ եք, դուք կամավոր չեք»,- նշեց Վահան Բադասյանը:

Նրա խոսքերով՝ բավական էր, որ Հայաստանը մի բանակային կորպուս ևս ուղարկեր ռազմաճակատ, և ոչ Շուշին կհանձնվեր, ոչ Հադրութը:

«Շուշիի գրավման համար թուրքերը ընտրել էին ամենածանր ճանապարհը… Շուշիի գրավումը պրովոկացիա էր: Մեր զինվորները 2000-3000 հոգի էին Շուշին պաշտպանող, իսկ ադրբեջանցիները մի քանի հարյուր հոգի էին: Դժվար էր այդպիսի ճանապարհով ադրբեջանական զորքի տեղափոխումը: Խոսում են ադրբեջանական 6000-7000 զորքի մասին, դա սուտ է:

Արցախի ղեկավարությունը, ՊԲ ղեկավարությունը մնացած պաշտպանական շրջաններից հանել է զինվորներին և ուղարկել Շուշիի ֆրոնտ:

Զինվորները բարոյալքված էին, գալիս էին և փախուստի էին դիմում այնտեղից, որովհետև մինչ այդ անարդարություններ էր տեղի ունեցել Արցախում:

Ժողովրդի և իշխանության միջև առաջացել էր անջրպետ, անարդարությունների անդունդ էր առաջացել, և կռված մարդիկ, ովքեր առաջին արցախյանի ժամանակ մասնակցել էին պատերազմին, այսօր հրաժարվում էին կռվել, և դա էր պատճառը, որ Արայիկ Հարությունյանն ասում էր՝ դավաճանել ենք բոլորս, բայց ինքն է առաջին հերթին դավաճանել, որովհետև խաղաղ պայմաններում դիմում էին ամեն ինչի: Երբ պատերազմը սկսվեց, անունը դրեցին հայրենիք տվեցին զինվորին և հասարակ ժողովրդին:

Շուշիի անկումից հետո կապիտուլյացիայի ստորագրմամբ պարզվեց, որ այդ ամենը կազմակերպվել է անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից: Ինձ այդ ամենը պարզ դարձավ Մովսես Հակոբյանի ասուլիսի ժամանակ: Մովսես Հակոբյանը պատմում էր, որ 2018թ. ինչ պլաններ են փոխվել՝ կապված զենքի և զինամթերքի գնման հետ, 4 ՍՈՒ կործանիչների մասին, որոնք պատերազմի ժամանակ չգործեցին՝ հրթիռներ չունեին և անգամ հրթիռներ տեղադրելու տեղ էլ չունեին. դա գնել ենք Նիկոլ Փաշինյանի ու Դավիթ Տոնոյանի սելֆիի համար: Մենք արդյոք այդքան հարուստ ենք, որ 200 մլն դրամ տանք առնենք ու միայն սելֆիի համար»,- հայտարարեց Վահան Բադասյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close