Նորություններ

Ողբերգական դեպք Արարատի մարզում. բախվել են տրակտորն ու Opel-ը. վերջինս էլ հայտնվել է ջրատարում. վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19: 00-ի սահմաններում Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի բնակիչ, 43-ամյա Արմեն Մ.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով բախվել է Արարատի մարզի Բերքանուշ գյուղի բնակիչ, 40-ամյա Արման Խ.-ի վարած «Կիրովեց» տեսակի առանց համարանիշի տրակտորին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Opel-ով առաջ է ընթացել և կողաշրջված վիճակում հայտնվել ջրատարի մեջ:

Վթարի հետևանքով Արմեն Մ.-ն տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր ժամանել էին 1 մարտական հաշվարկով:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Դեպքի վար են ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանասերյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան և տրակտորը տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ, երբ Opel-ը բախվել է տրակտորին, Opel-ի և տրակտորի որոշ դետալներ կոտրվել և շպրտվել են, վնասելով BMW և Toyota մակնիշի ավտոմեքենաները:

Բարեբախտաբար, այս դեպքում տուժածներ չկան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button