Հայաստանում ստեղծված իրավիճակի պատասխանատուները ոչ թե նախարարներն են, այլ կառավարության ղեկավարը․ իրավապաշտպան

«Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնանկությունը կարծում եմ, որ պայմանավորված է պատերազմում կրած պարտության հետ: Առհասարակ երկրում տեղի ունեցող զարգացումները, Մովսես Հակոբյանի երեկվա ասուլիսը կապված են պատերազմի և հետպատերազմական իրավիճակի հետ: Եթե ուղղակի պաշտոնանկություններ են տեղի ունենում, և այդ պաշտոնին նոր մարդիկ են նշանակվում, դա չի նշանակում, որ երկրում ինչ-որ բան է փոխվելու կամ կառավարությունում «ինքնամաքրվելու» գործընթացի մասին է խոսք գնում»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով այսօրվա պաշտոնանկություններին:
Հարությունյանի կարծիքով, Հայաստանում ստեղծված իրավիճակի պատասխանատուները ոչ թե նախարարներն են, այլ կառավարության ղեկավարը:
«Ես կադրային փոփոխություններին շատ մեծ ուշադրություն չեմ դարձնում, պետք են համակարգային փոփոխություններ: 2,5 տարվա ընթացքում համակարգային փոփոխություններ կատարելու փոխարեն փորձել են առաջին դեմքերին փոխել՝ մտածելով, որ առաջին դեմքերի փոփոխությունը կարող է լավացնել համակարգերը։
Այսպիսի պատերազմից և այսպիսի պարտությունից հետո չէր կարող չլիներ լարում, և այդ լարվածությունը չեզոքացնելու կամ մեղմելու համար կադրային փոփոխությունները անօգտակար են լինելու:
Պատերազմի պարտությունը վերագրել միայն գործող իշխանություններին սխալ է. դա նաև նախորդ իշխանությունների մեղքն է, որովհետև չեն աշխատել տարիներ շարունակ: Չենք կարողացել ունենալ 21-րդ դարի բանակ. չնայած մենք շատ հնարավորություններ չենք էլ ունեցել, և բնական է, որ 20-րդ դարի բանակը պետք է պարտվեր 21-րդ դարի բանակին:
Այս իրավիճակի ելքը կլիներ այն, որ ՀՀ վարչապետը հանդես գար հայտարարությամբ, որ ինքը պատրաստվում է հրաժարվել իշխանությունից և դրա համար իրեն ժամանակ է պետք, որպեսզի երկրում անցնցում իշխանափոխություն լինի՝ ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների միջոցով:
Այդ ժամանակ մենք կունենայինք նոր ընտրված լեգիտիմ իշխանություն, որը կկարողանար ստեղծված իրավիճակից ելքեր գտնել: Այս իշխանությունը, գործող իշխանությունը ՀՀ-ն ներկայացնելու ռեսուրս չունի այլևս»,- եզրափակեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Դավիթ Տոնոյանն ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից և նույն պաշտոնին նշանակվել է Վաղարշակ Հարությունյանը:
Պաշտոնանկ է արվել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, նույն պաշտոնին նշանակվել է Մեսրոպ Առաքելյանը:
Ֆելիքս Ցոլակյանը ազատվել է ԱԻ նախարարի պաշտոնից, նախագահի հրամանագրով ԱԻ նախարար է նշանակվել Անդրանիկ Փիլոյանը:
Անահիտ Չալիկյան