Նորություններ

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Nissan-ն ու Opel-ը. կա 2 զոհ

Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Nissan-ն ու Opel-ը. կա 2 զոհ. մահացածներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են Nissan Altima և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող թիվ 16 փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Մահացածներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վաչագան Մովսիսյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղազարյանի, բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close