Նորություններ

«Շատ բարդ խնդրի առաջ ենք մենք կանգնած, և այն լուծելու համար մեծ ջանքեր են պետք»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ անելիքների վերաբերյալ ճանապարհային քարտեզ հրապարակեց, ճանապարհային քարտեզ հրապարակեցին նաև Ազատության հրապարակում հավաքված քաղաքական ուժերը, սակայն շատերի համար ընկալելի չէ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը: Հասարակության զգալի հատված չի պատկերացնում Փաշինյանի հեռանալը, որովհետև ունեն մտավախություն, որ իշխանության կգան նախկինները: Երկրում ստեղծված լարված իրավիճակի, ճգնաժամի հանգուցալուծման հնարավորությունների վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ:

Քաղաքագետի կարծիքով՝ երկրում ստեղծված իրավիճակը չի կարելի համարել փակուղային, չնայած, որ բավականին բարդ խնդրի առջև ենք կանգնած:

«Ես կարծում եմ, որ մենք հայտնվել ենք բավականին բարդ կացության մեջ: Շատ բարդ խնդրի առաջ ենք մենք կանգնած, և այն լուծելու համար մեծ ջանքեր են պետք, հանդարտություն, դեմագոգիայի բացառում, որովհետև հիմա սխալների գինը լինելու է անընդունելիորեն բարձր: Այնպես որ, հիմա պահանջվում է շատ բարձր պատասխանատվություն ձեռնարկվող քայլերի և ընդհանրապես խոսքի մեջ»,- նշեց Ռուբեն Մեհրաբյանը:

Վարչապետը հայտարարեց, որ պարտության, կորցրած տարածքների և զոհերի համար ինքն է պատասխանատու, նաև նշեց, որ պատրաստ է կանգնելու ժողովրդի «դատի» առաջ, արդյո՞ք այս պահին նրա հեռանալը իրավիճակի փոփոխության կհանգեցնի, ինչպե՞ս եք պատկերացնում ներքաղաքական այս ճգնաժամի հանգուցալուծումը:

Հարցադրմանն ի պատասխան՝ քաղաքագետը հայտարարեց.

«Այս պահին կամ առաջիկայում, իմ համոզմամբ, Հայաստանում հակացուցված է ցանկացած ցնցում և ցանկացած արտահերթ ինչ-որ գործընթաց: Ես կարծում եմ, որ դրան պետք է նախորդի մի կառուցողական գործընթաց, որի արդյունքում նոր կերևան հետագա քայլերը, ինչու չէ, նաև կարող են լինել արտահերթ ընտրություններ, բայց հիմա մենք ուղղակի կփլուզվենք և կկորցնենք անգամ այն, ինչն այսքանից հետո մեր ձեռքում մնացել է: Հայաստանը կարող է կորցնել իր սուբյեկտայնությունը, և պետք չէ կապրիզով առաջնորդվել, թե Նիկոլը պետք է գնա կամ Նիկոլը պետք է չգնա։ Ես կարծում եմ, որ դա այն հիմքը չէ, որի վրա հենվելով՝ մենք պետք է ընդհանրապես խոսակցություն կազմենք»,- ընդգծեց Մեհրաբյանը:

Անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարարի փոփոխությանը, քաղաքագետը նշեց.

«Նորանշանակ արտգործնախարարը կադրային դիվանագետ է, և պետք է նրան արժանին մատուցել, որ այս դժվարին պահին համաձայնել է ստանձնել այդ պատասխանատու պաշտոնը, և պետք է աջակցել նախարարի գործունեությանը, մինչև նա ամբողջ ծավալով ստանձնի բանակցային գործընթացը, որից կախված է Ղարաբաղի ճակատագիրը»,- եզրափակեց քաղաքագետը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close