Նորություններ

Վարչապետին ասել եմ՝ դուք ԳՇ պետ նշանակել եք ամենաանպատրաստ գեներալին՝ Արտակ Դավթյանին. Մովսես Հակոբյան

Ես հիմնավորում եմ պահանջել վարչապետից ինձ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից հանելու համար: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ Մովսես Հակոբյանը:

«Այդ հիմնավորումը տեւել է 5 օր: Հիմնավորումը բերել է, որը հիմա չեմ բարձրաձայնի, դա ինձ բավարարել է եւ ես ասել եմ՝ իրավունք ունեք հրաման գրել, ես չեմ բողոքարկի: Նաեւ առաջարկել եմ պաշտոնյա, ով կարող է ինձ փոխարինել եւ պատրաստ եմ եղել նրա կողքին կանգնելու:

Ես չեմ ակնկալել, որ ինձ հետ պետք է խորհրդակցի վարչապետը, բայց նա կառավարության նիստում ասել է, որ ինձ հետ կխորհրդակցի ու կնշանակի: Բայց այդպիսի զրույց մեր մեջ չի եղել:

Երբ ես իմացա, թե ում է նշանակել, ասել եմ՝ դուք նշանակել եք ԳՇ պետ ամենանպատրաստ գեներալին՝ Արտակ Դավթյանին»,-ասաց նա՝ հավելելով, որ ինքն առաջարկելու էր այն մարդուն, որը հիմա գլխավորում է գլխավոր շտաբը:

«Այդ օրվանից սկսել է բանակի քանդման գործընթացը: Սա դավաճանություն չի, անգրագիտություն է, պատերազմի արվեստին, ղեկավարման արվեստին չտիրապետելն է: Ես հիմա այս մասին խոսում եմ, որովհետեւ առկա խնդիրների մասին ես գրավոր ներկայացրել եմ»:

news.am

Back to top button