Նորություններ

«Ներքաղաքական ճգնաժամը ցանկացած տարբերակով պիտի հասնի հանգուցալուծման». Սոֆյա Հովսեփյան  

Երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի և դրա հանգուցալուծման տարբերակների վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրապարակեց ճանապարհային քարտեզ՝ 6-ամսյա ժամկետում ամենակարևոր անելիքները իրականացնելու համար:

Ստեղծված իրավիճակում, երբ կա խորը անվստահություն իշխող քաղաքական թիմի նկատմամբ, արդյոք հնարավոր կլինի նշված կետերը կյանքի կոչել:

Իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ դեռևս չի հասցրել ծանոթանալ վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզին, հետևաբար անիմաստ է համարում տեղյակ չլինելով կարծիք արտահայտել:

Հարցադրմանը՝ ինչո՞ւ «Իմ քայլը» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակում է «սևերի» ու «սպիտակների» քաղաքականությունը. չե՞ն կարծում, որ դա կործանարար հետևանքներ կարող է ունենալ, այն էլ այս փուլում, երբ հանրային համերաշխության խիստ անհրաժեշտություն է զգացվում, Սոֆյա Հովսեփյանը նշեց.

«Ինձ համար միշտ անջատումները, առանձնացումները, որակումները անընդունելի են եղել ցանկացած պարագայում: Պետք է ասեմ, որ, այնուամենայնիվ, գոնե վերջին շրջանում, դաշինքի կողմից դա շատ ընդգծված չեմ տեսել:

Բայց հիմա իրավիճակը այնպիսին է, որ բոլոր քաղաքական ուժերը տիրապետում են այդ մեթոդաբանությանը, և, ցավոք, այս օրերին առկա և տեսանելի է»,- նշեց իմքայլական պատգամավորը:

Սոֆյա Հովսեփյանը, անդրադառնալով ներքաղաքական ճգնաժամի հնարավոր հանգուցալուծման տարբերակներին, նշեց.

«Ես գտնում եմ, որ երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը ցանկացած տարբերակով պիտի հասնի հանգուցալուծման և պետք է ընտրվի այնպիսի տարբերակ, որը կլինի արդյունավետ լուծում:

Կարելի է մտածել, որ վարչապետի հեռանալն է այդ տարբերակը կամ կառավարության փոխելն է այդ տարբերակը, բայց ես իրավունք չունեմ միայնակ որոշում կայացնելու կամ ենթադրություններ անելու: Պետք է ընտրվի այն տարբերակը, որը երկիրը կհանի ներքաղաքական ճգնաժամից և մեզ կտանի բանակցային գործընթացում հաղթանակների. մինչև որ հասկանանք՝ ինչ է լինելու»:

Հարցին, թե արդյոք խմբակցությունում քննարկվել է անցնցում ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման տարբերակներ, Սոֆյա Հովսեփյանը պատասխանեց.

«Ես խմբակցության նիստերին շատ չեմ մասնակցում, վերջին շրջանում չեմ լինում: Հավանաբար քննարկել են …իմ՝ նիստերին եղած ժամանակ, այնուամենայնիվ, փորձել են ինչ-որ քննարկումներ ունենալ, բայց վերջին նիստերից տեղեկություն չունեմ»,- եզրափակեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Անահիտ Չանլիկյան

Back to top button
Close