Նորություններ

Ասկերանը վերադառնում է նախկին հունին. գործում են բոլոր ենթակառուցվածքները

Ասկերան քաղաքը պատերազմի ընթացքում եղած հրետակոծությունների արդյունքում Արցախի բոլոր շրջկենտրոններից տուժել է ամենաքիչը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը:

Նրա խոսքով՝ Ասկերան քաղաքում ավերածություններ՝ որպես այդպիսիք չկա: Մասամբ տուժել են բնակելի տների պատուհանները և դռները:

Քաղաքապետ Հայկ Շամիրյանը տեղեկացրել է, որ գրեթե բոլոր ենթակառուցվածքներն էլ գործում են, քաղաքում կա գազ, լույս, ջուր: Այս օրերին գազամատակարարման հետ կապված խնդիրներ էին առաջացել Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում, սակայն այդ ուղղությամբ ևս տարվում են աշխատանքներ:

Ասկերան համայնքի ղեկավարը նշել է, որ պատերազմի ողջ ընթացքում այստեղ գործող հացի 2 փռերը աշխատել են նույնիսկ ամենադժվար օրերին՝ այդ կերպ ապահովելով Մարտակերտ, Մարտունի, որոշ դեպքերում նաև Ստեփանակերտ քաղաքներում ապրող բնակիչներին հացի մատակարարումը:

Հայկ Շամիրյանը լավատեսորեն է տրամադրված: Ըստ նրա՝ վերջին օրերին մարդկանց հոսքը դեպի Ասկերան ցույց է տալիս, որ ասկերանցիները ցանկանում են վերադառնալ իրենց տները, որոշ ընտանիքներ սպասում են դպրոցի և մանկապարտեզի վերագործարկմանը:

Ասկերանի քաղաքապետի հիմնական մտահոգությունը քաղաքում առկա բնակֆոնդի զբաղվածության հետ է կապված: Ասում է, որ իրենց մոտ ևս մեկնարկել են բնակարանների վարձակալման աշխատանքները, սակայն ազատ բնակելի տներ շատ քիչ կան: Մինչ պատերազմի սկսվելը, Ասկերանում ընթանում էր 3 բնակելի շենքերի շինարարությունը: Հ. Շամիրյանը նշել է, որ նախատեսվում է այդ բնակարաններում տեղավորել Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի բնակիչներին, ովքեր Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում կորցրել են իրենց բնակավայրը:

Back to top button