Նորություններ

Հրադադարից հետո Արցախ մեկնող 3 քաղաքացիներն, ամենայն հավանականությամբ, գերեւարվել են Լիսագոր-Շուշի տանող ճանապարհին

Հրադադարից հետո՝ նոյեմբերի 11-ին, Արցախ մեկնելու ճանապարհին գերեւարվածներից մեկը Երեւանի բնակիչ 40-ամյա Դավիթ Իսահակյանն է:

Գերեւարվածի կնոջ տեղեկություններով, ամուսինը, ամենայն հավանականությամբ, ադրբեջանցիների կողմից առեւանգվել է Լիսագորից Շուշի տանող ճանապարհին: «Դա ենթադրում եմ, որովհետեւ ինքս գնացի այդ ճանապարհներով: Այնտեղ այդ հատվածում ինձ չթողեցին իջնել ներքեւ, ասացին՝ անվտանգ չէ, այնտեղ արդեն ռուս խաղաղապահներն էին: Հարց ու փորձ էի անում, ասում էին՝ բացառվում է այստեղով անցած լինի: Հետո մյուս գերիների մասով տեղեկություններ հասան, որ բոլորն էլ այդ մասում են առեւանգվել»,- Aravot.am-ին պատմեց գերեւարված տղամարդու կինը՝ Ժաննա Ղազարյանը:

Դավիթ Իսահակյանը Նորք Մարաշ թաղամասի բնակիչ է, նոյեմբերի 11-ին Արցախ է տարել հարեւանի տանը բնակվող երկու արցախցու: «Մեր հարեւանի տանը ժամանակավոր բնակվում էին Արցախի հանրապետության տարեց ամուսիններ՝ Ավթանդիլյան Բենիկը եւ Սարգսյան Էլզան: Նրանք խնդրեցին Դավիթին, որ մեր անձնական մեքենայով իրենց տանի Արցախ՝ իրենց տուն՝ Մարտունու շրջանի Գիշի գյուղ: Գորիսից պետք է վերցնեին նաեւ իրենց աղջկան, նա նույնպես Արցախի բնակչուհի էր ու ճանապարհը շարունակեին: Գորիսի մոտակայքում Դավիթի հեռախոսից զանգահարել են աղջկան, որ դուրս գա, աղջիկը կամուկացի մեջ է եղել, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ չի միացել նրանց: Ամուսինս ճանապարհը շարունակել է Լաչինով, ինչից հետո կապ չենք ունեցել, անհետացել էին: Ամուսնուս երեք հեռախոսներից ոչ մեկը չէր պատասխանում, անհասանելի էր: Անորոշության մեջ էինք մինչեւ նոյեմբերի 14-ը: Սոցցանցերից ենք տեսել ադրբեջանցիների տարածած տեսահոլովակը, որից հայտնի դարձավ, որ գերեւարվածների մեջ են:

ՄԻՊ-ից մեզ հետ կապվել են, բոլորն էլ խոստացան, որ հնարավորության սահմաններում կապահովեն նրանց ողջ ու առողջ վերադարձը: Ոչ մի պաշտոնական տեղեկություն չունեմ նրանց առողջության մասին, ինչ տեսել եմ՝ վիդեոյից եմ տեղեկացել: Ամուսնուս հագի հագուստն իրենը չէ, ինքը վերքերով, խոշտանգումները երեւում են: Ակնհայտ է, որ ֆիզիկական ու հոգեկան ճնշումների է ենթարկվել»,- պատմեց Ժաննա Ղազարյանը:
Նրա խոսքով, ինքն ու ամուսինը մինչեւ համավարակը անհատ ձեռնարկատիրությամբ էին զբաղվում, տուրիստական գործակալություն ունեին, ինչը համավարակի պայմաններում ստիպված փակեցին, ամուսինը սկսեց սեփական մեքենայով տաքսի վարել: ՊՆ-ից հրադադարի պայմաններում քաղաքացիների անվտանգության ապահովման առնչությամբ պարզաբանում մեզ չհաջողվեց ստանալ, մեզ փոխանցեցին, որ գերիների հարցերով զբաղվում է «Կարմիր խաչը»: Հայտնի է, որ այս պահին ընթանում է զոհվածների դիերի փոխանակման գործընթացը, իսկ գերիների փոխանակման փուլը կսկսի դիերի հանձնումից հետո:

Թե արդյոք «Կարմիր խաչից» այցելել են Դավիթ Իսահակյանին ու նրա երկու ուղեւորներին, ինչ տեղեկություններ ունեն նրանց մասին, «Կարմիր խաչից» մեզ հայտնեցին, որ նման տեղեկություններ ստանալուն պես՝ իրենք աշխատում են պարզել հանգամանքները եւ իրենց հարցերն են ուղղում համապատասխան իշխանություններին, բայց նման տեղեկությունները չեն հրապարակայնսցնում: Մեզ հայտնեցին, որ «Կարմիր խաչ» կազմակերպությունից նաեւ փորձում են կապի մեջ լինել գերեւարվածների հարազատների հետ: Մեր հարցին՝ հանդիպե՞լ են Իսահակյանին ու նրա երկու ուղեւորներին, թե՞ ոչ, մեր զրուցակիցը պատասխանեց՝ լուրը չի կարող հիմա հաստատել, միայն ասաց՝ նման դեպքերը ու այս դեպքն էլ իրենց ուշադրության կենտրոնում են:

aravot.am

Back to top button
Close