Նորություններ

«Եռակողմ հայտարարության մեջ ամենավատ կետը դա չէ, ավելի վատ կետեր կան». Ա. Վարդանյան

«Ես մեծ վտանգ չեմ տեսնում, ուղղակի Հայաստանի տարածքով ավտոճանապարհ է անցնելու (Ադրբեջանն էլ կարող է մեզ ճանապարհ տալ)՝ Նախիջևանն ու Ադրբեջանը իրար կապող, որտեղ պարեկություն են անելու ռուս խաղաղապահները»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով Նախիջևանից դեպի Ադրբեջանի մայրցամաքային հատված տարանցիկ երթուղու ստեղծմանը:

Ըստ քաղաքագետի՝ եռակողմ հայտարարության մեջ ամենավատ կետը դա չէ, ավելի վատ կետեր կան:

«Այնպես չէ, որ Հայաստանը իր սահմանը որպես տարածք տալիս է Ադրբեջանին, ուղղակի ավտոմեքենայի ճանապարհ են սարքելու՝ Ադրբեջանի մայրցամաքային հատվածն ու Նախիջևանը իրար կապող, բայց դա չի նշանակում, որ մեր տարածքը իրավաբանորեն անցնում է Ադրբեջանին»,- ընդգծեց Վարդանյանը:

Այս փուլում արդյո՞ք իրատեսական եք համարում վարչապետի՝ Հայաստանի համար բացվող նոր հնարավորությունների վերաբերյալ հայտարարությունները, Իրանի հետ երկաթուղային կապը:

Հարցադրմանն ի պատասխան՝ քաղաքագետը հայտարարեց.

«Սովետական տարիներին Հայաստանի հետ կապող երկաթուղի կար, որն անցնում էր Նախիջևանով, և մինչև հիմա էլ կա, բայց այս փուլում, կարծում եմ, դա դեռ չի աշխատի, որովհետև դեռ անորոշությունները շատ են, և քանի դեռ ղարաբաղյան կոնֆլիկտը վերջնականապես չի լուծվել, դա շատ մշուշոտ հեռանկար է:

Մենք երկար տարիներ խոսում էինք այս մասին, ուզում էինք ներդրումների միջոցով կառուցել Հայաստան-Իրան երկաթուղին, բայց այն միլիարդներ էր պահանջում, և այդպես էլ որևէ ներդրող չգտնվեց: Հիմա փաստացիորեն Ադրբեջանի տարածքում կա, և նոր երկաթուղի չենք կառուցելու, այլ պարզապես օգտվելու ենք այդ երկաթուղուց, իհարկե ըստ այդ պայմանավորվածության»:

Քաղաքագետը, անդրադառնալով տարածաշրջանային նոր իրավիճակում Հայաստան-Իրան հարաբերություններին, նշեց.

«ԱՄՆ նախագահ ընտրված Ջո Բայդենը խոստացել է հանել Իրանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները, որը լրացուցիչ հնարավորություն է տալիս մեզ: Այսինքն՝ Իրանի տնտեսությունը ոտքի կկանգնի, և մենք էլ պետք է օգտվենք այդ առիթից և զարգացնենք մեր տնտեսական կապերը, ընդլայնենք և ամրապնդենք: Կան մի շարք համատեղ նախագծեր. Մեղրիի հէկ-ի կառուցումը և մի շարք այլ հարցեր պետք է կյանքի կոչել»,- ընդգծեց Արմեն Վարդանյանը:

Քաղաքագետը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությանը, նշեց. «Դա իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ չէ, դա հայտարարություն է, որը ամեն պահ կարող է խախտվել, խախուտ փաստաթուղթ է և ամբողջությամբ իր մեջ պարունակում է անորոշություններ և վտանգներ: Այդ փաստաթուղթը ծայրից ծայր մեր դեմ գործող փաստաթուղթ է և ոչ մեր շահերից բխող, հետևաբար մեզ համար չի կարող ընդունելի լինել՝ ո՛չ կարճաժամկետ, ո՛չ երկարաժամկետ ապագայում:

Ես կարծում եմ, որ սա ժամանակավոր է, և մեր բանակը կվերակազմավորվի, տեխնիկայի մասով կորցրածը կհամալրի, և կփորձենք կորցրածը հետ բերել:

Ադրբեջանը կվերցնի Լաչինը և Քարվաճառը, Հայաստանը կկտրի Արցախից, և ապագայում մեզ համար շատ բարդ կլինի, և հետագայում, եթե պատերազմ սկսի, պատերազմական գործողություններ վարեն, իրենք առավելություններ կունենան»,- եզրափակեց քաղաքագետը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close