Նորություններ

Երևանում Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ծառայողական ավտոմեքենայով վրաերթի է ենթարկվել 2 հետիոտն․ վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 10-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 54-ամյա Արամ Ասմանգուլյանը իր վարած Hyundai մակնիշի 030 SS 01 համարանիշի ավտոմեքենայով Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Եղվարդի բնակիչ 24-ամյա Անդրանիկ Պ․-ին և Երևանի բնակիչ 37-ամյա Տաթևիկ Ե․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել «Նաիրի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ա․ Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է ՀՀ դատական դեպարտամենտի Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հաշվեկշռում և սպասարկում է նշված դատարանի նախագահ Արթուր Մարգարյանին, Ա․ Ասմանգուլյանն էլ նրա վարորդն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close