«Կոսմետիկ փոփոխությունների մարտավարությունը հաջողություն չի բերի». Գարեգին Միսկարյան

ԳԱԼԱ-ի հարցազրույցը «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանի հետ:
—Պարոն Միսկարյան, հեղափոխությունից մեկ տարի է անցել: Դուք՝ որպես ակտիվ մասնակից, ինչպե՞ս եք գնահատում, արդյոք մենք այսօր ապրում ենք նոր Հայաստանում։
-Եթե մի բառով պատասխանեմ՝ այո, այլ հարց է, թե որքանով է նոր այդ Հայաստանը։ Հեղափոխության օրերին, որպես հեղափոխության մասնակից, բոլորը, այդ թվում նաև ես, ունեինք մեր առավելագույն ու նվազագույն ակնկալիքները հեղափոխությունից։ Ասել, որ ակնկալիքներն ընդհանրապես չեն իրականացել կամ իրականացել են ամբողջությամբ, սուտ կլինի։

Ուստի, որպեսզի կարողանանք գնահատել, թե որքանով ենք ապրում նոր Հայաստանում, պետք է առանձնացնել էական փոփոխությունները՝ առանց շոշափելի ճնշումների ու առանց ընտրակաշառքի ընտրությունների անցկացումը, արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի դերի, նշանակության մեծացումը, աղմկահարույց մի քանի քրեական գործերը նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որոնք հույս են տալիս կարծելու, որ Հայաստանում վերջապես կհաստատվի արդարությունը, և ժողովրդից գողացվածը կվերադարձվի ժողովրդին։
—Պարոն Միսկարյան, երբ դուրս եկաք փողոց, ի՞նչն էր Ձեզ ստիպում դիմել բողոքի գործողությունների, և ինչպիսի՞ Հայաստանի հեռանկարով էր, որ Դուք դարձաք հեղափոխության մասնակից: Արդյոք ՀՀ նոր իշխանությունները մնում են հավատարիմ հեղափոխության ոգուն, թե՞ հեռացել են գաղափարներից ու հռչակած արժեքներից:
-Ասեմ, որ հեղափոխությունն ինձ համար չի սկսվել 2018-ի գարնանը։ Տարիներ շարունակ ընկերներով հանդիպումների, քննարկումների ու բանավեճերի միջոցով անընդհատ փորձել ենք վերհանել այն խնդիրները, որոնք խանգարել են հեղափոխության կայացմանը։ Զուգահեռաբար մասնակցել ենք գրեթե բոլոր քաղաքական և քաղաքացիական շարժումներին։ Դրանց մասնակցելու շարժառիթը եղել է երկրում արդարության, արդարադատության բացակայությունը, սոցիալական ծայրաստիճան բևեռվածությունը, քաղաքական դաշտի մոնոպոլիզացիան և այլն։ Հետևաբար կարող եմ ասել, որ հենց հիշյալ խնդիրների լուծման ակնկալիքով էլ մասնակցել եմ հեղափոխությանը։ Ակնհայտ է, որ այսօր այդ խնդիրները չեն լուծվել, բայց, մյուս կողմից, պետք է գիտակցել, որ դրանք պահանջում են երկարատև տքնաջան աշխատանք։ Արժեքներից շեղվելու հետ կապված՝ հեղափոխական օրակարգը, իհարկե, դեռևս իրականացված չէ, բայց ես ավելի հակված եմ դիտարկել սա որպես թերացում, այլ ոչ թե միտումնավոր շեղում։
—Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը գնում է իրականացնելու տնտեսական հեղափոխություն: Կա՞ ծրագիր, քայլերի հաջորդականություն, որով իրականացվում է ՀՀ—ում տնտեսական հեղափոխությունը:
-Հեղափոխական թիմին իմ և ընկերներիս՝ հեղափոխությունից հետո չմիանալու հիմնական պատճառը գաղափարական էր. հեղափոխությունից անմիջապես հետո ակնհայտ էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «իզմերը» մերժելով հանդերձ, որդեգրել է նեոլիբերալ քաղաքական գիծ, իսկ մենք արժեքներով սոցիալ-դեմոկրատ ենք։ Չանդրադառնալով դրանց տարբերություններին՝ պիտի նշեմ, որ մենք ազատական նեոլիբերալական տնտեսական քաղաքականությամբ Հայաստանում թռիչքաձև աճ չենք ակնկալում։
—ՀՀ վարչապետն օրերս ԵԽԽՎ ամբիոնից հայտարարեց, որ ավելի քան 50 հազար աշխատատեղ է ստեղծվել և դուրս եկել ստվերից: Մինչդեռ ԱՎԾ վիճակագրությունը կոնկրետ գործազրկության ցուցանիշի վերաբերյալ նման առաջընթաց արձանագրող թվային տվյալ չի հրապարակել:
-Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե որտեղից է Նիկոլ Փաշինյանը վերցրել իր հրապարակած տվյալները, բայց, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, չեմ վստահում ԱՎԾ կողմից հրապարակվող տվյալներին, որովհետև Հայաստանում համակարգային փոփոխություններ տեղի չեն ունեցել, ավելին՝ տնտեսական, ֆինանսական, հարկային քաղաքականությունները մշակվում և վարվում են նախկին պաշտոնյաների կողմից, ովքեր ժամանակին ջանք ու եռանդ չեն խնայել նկարելու թվեր «առաջնորդին» սիրաշահելու համար։
—Նիկոլ Փաշինյանն ունի մեծ հեղինակություն, բայց, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանի համար կարված Սահմանադրությամբ է երկիրը ղեկավարվում: Սա վտանգներ պարունակո՞ւմ է իր մեջ:
-Սահմանադրության, նրա լեգիտիմության հարցը քննարկվել է Նիկոլ Փաշինյանի հետ դեռևս հեղափոխության պրոցեսներից առաջ։ Նա դրական է արձագանքել Սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտությանը, և ես կարծում եմ, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանում այլընտրանք չունի։ Այլ է ժամկետների հարցը։ Կարծում եմ, որ տարաձայնությունները ոչ թե հենց փոփոխության, այլ ժամկետների մեջ են։ Վտանգներ կլինեն, եթե Սահմանադրության փոփոխությունները չլինեն առհասարակ։ Ես լիահույս եմ, որ այդպես չի լինի։
-Մեր երկրում հիմա կա՞ն հստակ սահմանազատված իշխանություններ և ինստիտուտներ: Երկրի խորհրդարանը, դատական իշխանությունն ի վիճակի՞ են արդյոք իրականացնել սահմանադրորեն իրենց վերապահված իշխանությունը, եթե այո, ապա որքանո՞վ, եթե ոչ, ապա ինչո՞ւ: Եթե ոչ, ապա ինչպե՞ս են գործում հիշյալ իշխանությունները:
-Հայաստանում առաջնային խնդիրներից մեկը պետական համակարգի կայացումն է, որի ուղղությամբ, ցավոք սրտի, շատ քիչ գործ է արվում։ Ինչպես ես եմ հասկանում, կառավարող քաղաքական ուժը դեռևս փորձում է եղած ինստիտուտների շրջանակներում կոսմետիկ փոփոխություններով հասնել համակարգի արդյունավետ աշխատանքի։ Ես կարծում եմ, որ այդ մարտավարությունը հաջողելու հնարավորություն չունի։ Քաղաքական, տնտեսական թռիչքի համար մեզ պետք են նոր, թարմ լուծումներ։ Թե որոնք կարող են լինել այդ լուծումները, երկար քննարկելու թեմա է։ Որպես օրինակ կարող եմ նշել իմ կողմից մշակված և կառավարման ոլորտում նորարարական գործիք հանդիսացող ddp.am հարթակը։ Այն հնարավորություն է տալիս ապահովելու քաղաքացիների անմիջական մասնակցությունը կառավարման գործընթացում՝ սկսած ՏԻՄ-երից, վերջացրած նախարարություններով։
Հարցազրույցը՝ Ք. Մկրտչյանի