Նորություններ

«Իշխանությունը մեզ ցույց տվեց, որ ինքը թվային գերակայություն ունի և թույլ չի տալու, որ մեր նախաձեռնություններն առաջ գնան». Տարոն Սիմոնյան

Ազգային ժողովն այսօր ձայների 41 կողմ, 67 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ չընդունեց «Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդունելու մասին» հարցը։ Առաջարկն Ազգային ժողով է ներկայացրել «Լուսավոր Հայաստան»-ը։

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, որ համաձայն չէ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հնչեցրած տեսակետի հետ, որ նման որոշում կայացնելու համար մեկ հանդիպումը բավարար չէ կողմ քվեարկելու համար: Ըստ պատգամավորի՝ բավարար է անգամ այդ մեկ վրիպումը, եթե այդ մեկ վրիպումն էական է:

«Պառլամենտական հանրապետությանը ոչ հարիր վարքագիծ է դրսևորվել գործադիր իշխանության ներկայացուցչի կողմից և ոչ հարգալից պատասխան է ներկայացվել խմբակցության առաջ քաշած հարցին, և ավելին, ոչ միայն գրավոր պատասխանն էր թերի, այլ նաև բանավոր խոսքում չտրվեց որևէ նորմալ պատասխան»:

«Այս առումով էլ իշխանությունը մեզ ցույց տվեց, որ ինքը թվային գերակայություն ունի և թույլ չի տալու, որ մեր նախաձեռնություններն առաջ գնան»:

Անդրադառնալով այն փաստին, որ սա առաջին դեպքն էր, երբ խորհրդարանական ընդդիմությունը բարձրացնում էր կառավարության անդամի պաշտոնանկության հարցը, Տարոն Սիմոնյանը շեշտեց, որ սրան միայն դրականորեն պետք է արձագանքել:

«Սա նշանակում է, որ մենք խորհրդարանական մշակույթը փորձում ենք զարգացնել և նոր քաղաքականություն ենք մտցնում, սրան միայն դրականորեն պետք է արձագանքել, որովհետև կան գործիքներ, որ պառլամենտական հանրապետություններում պետք է օգտագործվեն, սակայն որոնք մեր կողմից մինչև օրս չեն օգտագործվել: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը փաստորեն այդ պատմությունը կերտող առաջին խմբակցությունն է:

Հիշեցնենք՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարցապնդմամբ էր դիմել կառավարությանը՝ հետաքրքրվելով, թե օպտիմալացումների հետևանքով քանի հանրային աշխատող է կրճատվելու, որքան գումար է տնտեսվելու կրճատումների արդյունքում, ինչպես է տնօրինվելու կրճատված աշխատողների ճակատագիրը և այլն, սակայն թե՛ հարցապնդման պատասխանում, թե՛ խորհրդարանական քննարկման ժամանակ այդպես էլ տվյալներ չներկայացվեցին։

Back to top button
Close