Նորություններ

The National Interest. Սա Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջը չէ, սա միայն նոր գլխի սկիզբն է

Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու համաձայնագրի կապակցությամբ Հայաստանի ժողովրդի զայրույթը հասկանալի է, գրում է Մայքլ Ռուբինը The National Interest-ի իր հոդվածում:

«Հայաստանի համար այս համաձայնագիրը աղետ է՝ նա կորցրել է Լեռնային Ղարաբաղի հարավի մեծ մասը եւ վիճելի տարածքը շրջապատող առանցքային ռազմավարական տարածքները: Մշակութային մայրաքաղաք Շուշին լքած փախստականներին, ամենայն հավանականությամբ, թույլ չեն տա վերադառնալ: Ադրբեջանի ավտորիտար բռնապետ Իլհամ Ալիեւը, որը պատերազմ էր մղում իսրայելական անօդաչու թռչող սարքերի, սիրիացի վարձկանների, թուրքական F-16-ների եւ սեփական հատուկջոկատայինների հետ, չարախնդում է: Ադրբեջանի նախագահը նշել է, թե չկան երաշխիքներ, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար կառավարությունը կշարունակի գոյություն ունենալ:

Գործարքը, որի մասին, ինչպես հաղորդվում է, պայմանավորվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ոչ միայն նախատեսում է ռուսական եւ թուրքական զորքերի տեղակայում շփման գծերի երկայնքով, այլ նաեւ երաշխավորում է Հայաստանի միջով տրանսպորտային ուղի Ադրբեջանի եւ նրա անկլավ Նախիջեւանի միջեւ: Կետ, որն, ըստ Ալիեւի, ավելացվել է իր պնդմամբ:

Այս երկու փաստերն էլ լուրջ խնդիրներ են առաջացնում, եւ ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է դրանք կասկածի տակ դնի: Թուրքիայի զորքերի մուտքը Հայաստան կամ Լեռնային Ղարաբաղի հայաբնակ տարածքներ թույլ տալը սարսափելի է, քանի որ Թուրքիայի կառավարությունը շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը, եւ քանի որ Էրդողանը ու նրա կառավարության շատ տարրեր շարունակում են խոսել կրոնական պատերազմի մասին: Էրդողանը Սիրիայի հյուսիսում քրդաբնակ շրջաններ ներխուժած թուրքական զորքերին անվանել էր «Մուհամմեդի բանակ», իսկ Էրդողանի կողմից սիրված «Ենի Աքիտ» իսլամիստական թերթն գրել է. «Գնա անհավատներին ասա, որ Մուհամմեդի բանակը վերադարձել է»: Պարզ ասած ՝ պարզապես պատճառ չկա, որ թույլ տրվի Թուրքիան որեւէ դեր խաղա հակամարտության մեջ: Եթե թույլատրվի նրան խաղալ այդ դերը, դա կպարգեւատրի թուրքական ագրեսիան, կհաստատի Էրդողանի պանթյուրքական մոլորությունները եւ կխրախուսի նրան շարունակել մարտահրավեր նետել Թուրքիայի դարավոր սահմաններին:

Ադրբեջանի հարձակումը նաեւ ապտակ է Մինսկի գործընթացին: Այն փաստը, որ Ռուսաստանը ըստ էության բացառեց ԱՄՆ-ին համաձայնագրից, դա Ռուսաստանի հաղթանակն է, որը չի խուսափի տարածաշրջանում ԱՄՆ-ի հավանական դաշնակիցներից: Այն, որ Միացյալ Նահանգները, կարծես, հավանություն են տվել գործարքին, որը լիազորում է Ռուսաստանին իրավասություններով եւ խարխլում է նորաստեղծ ժողովրդավարությունը, ընդգծում է Պետդեպարտամենտի նվաստացումը եւ ռազմավարական շփոթությունը:

Հրադադարի մասին համաձայնագրի իրական խնդիրը Կոնգրեսն է: Գրեթե 7 ամսի է անցել այն բանից ի վեր, երբ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Է. Բիգանը հրաժարվեց չեղարկել Ադրբեջանին զենքի մատակարարումն արգելող օրենքի 907-րդ հոդվածի դրույթների բացառումը եւ եզրակացության եկավ, որ այդ սպառազինությունը «չի խոչընդոտում խաղաղ բանակցությունների ջանքերին»: Կամ Բիգանը ստել է, կամ էլ, ամենայն հավանականությամբ, Բաքվում ԱՄՆ դեսպանատունը չի հասկացել, թե ինչ է մտածել Ալիեւը: Սակայն հետախուզության ձախողումը պետք է հետեւանքներ ունենա՝ նշված բացառման անհապաղ չեղարկում եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների վերսկսում:

Կարճաժամկետ հեռանկարում Ադրբեջանը կարող է տոնել, իսկ Հայաստանը՝ բուժել վերքերը: Վաշինգտոնում ոչ ոք չի կարող չպետք է լռությունը հանգստության հետ շփոթի: Ադրբեջանը հող է նախապատրաստում հակամարտության մեջ նոր գլխի համար: Դա կարող է տեղի ունենալ մեկ ամսվա կամ տասնամյակների ընթացքում, սակայն Թուրքիան եւ Ադրբեջանը քաղաքական վակուում կզգան Էրդողանի կամ Ալիեւի մահից հետո: Սա Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջը չէ, սա միայն նոր գլխի սկիզբն է»:

news.am

Back to top button
Close