Նորություններ

«Պետք է մտածել մեխանիզմներ, որոնցով ԱԱԾ-ն և ոստիկանությունը կբերվեն ավելի հանրային և թափանցիկ դաշտ». Լիլիթ Մակունց

«Ես կարծում եմ, որ Քաղաքացու օրը նշելու համար պետք է հատկացվեն գումարներ: Բայց այստեղ կարևոր շեշտադրում կա՝ այդ գումարը ծախսվելու է Քաղաքացու օրը նշելու ոչ միայն Երևանում՝ մայրաքաղաքում, այլ նաև տասը մարզերում: Գործընթացն այսպիսին է՝ փորձել հնարավորինս ապակենտրոնացնենք տոնակատարությունների անցկացումը և փորձել հնարավորինս սեղմ գումարի մեջ տեղավորվել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Քաղաքացու օրը նշելու համար կառավարության այն որոշմանը, որով 124 մլն է հատկացվելու այդ օրը նշելու համար:

Թե ինչ միջոցառումներ են անելու այդ 124 մլն-ով, Մակունցը հորդորեց հարցնել կառավարությանը. «Միջոցառումները հագեցված են, որքանով ես եմ տեղյակ, ամբողջ հանրապետությունում միևնույն միջոցառումների ցանկը լինելու է»: Մակունցը չմանրամասնեց՝ 124 մլն-ով համե՞րգ են անելու, հրավառությո՞ւն, թե՞ այլ բան: Ասաց, որ կառավարությունը միջոցառումների ծրագիրը կհրապարակի:

Անդրադառնալով ԱԺ վերջին նիստերի ընթացքում տեղի ունեցած բանավեճերին՝ Լիլիթ Մակունցը նշեց, որ կա որոշակի լարվածություն, ավելի ճիշտ՝ էմոցիոնալ ֆոն, սակայն նա կարծում է, որ խնդիրը ստեղծվեց անձնական վիրավորանքներից։

«Էմոցիոնալ ֆոնը պայմանավորված է նրանով, որ մի քանի անգամ եղել են դիտարկումներ, կարծիքներ, հայտարարություններ, որոնք եղել են անձնական տիրույթում։ Կոնկրետ օրինակների չեմ անդրադառնա, քանի որ կարծում եմ, որ էմոցիոնալ ֆոնը պետք է ոչ թե էսկալացնել, այլ տարրալուծել»։

Ինչ վերաբերում է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե միայն դատարկ-դատարկ խոսելով չէ, թող ժողովրդի հույսերն արդարացնեն, ներդրումներ բերեն, Լիլիթ Մակունցը նշեց, որ խորհրդարանի որևէ պատգամավոր պարտավոր չէ ներդրում անել։

«Ներդրումներ կատարողները պատգամավորները չեն։ Պատգամավորներն այն անձինք են, ովքեր պետք է զբաղվեն օրենսդրական գործունեությամբ, համապատասխան տնտեսական միջավայր ստեղծեն ներդրումների համար»:

Անդրադառնալով ուժային կառույցների՝ ԱԱԾ-ի և ոստիկանության վերահսկման առումով ԱԺ-ում կառույցների ղեկավարների հետ քննարկում անելուն, նաև նախարարության կարգավիճակ տալու հարցին՝ Մակունցը նշեց, որ խմբակցությունը պատրաստվում է աշխատել այդ ուղղությամբ, և այս պահին այդ կառույցները նախարարություն դարձնելու նպատակահարմարությունը չի տեսնում:

«Մեր առաջարկն այս կառույցների կարգավիճակի մասով, որ երեկ հնչեց խորհրդարանից, այն էր, որ պետք է մտածել մեխանիզմներ, որոնցով այդ կառույցները կբերվեն ավելի հանրային և թափանցիկ դաշտ»:

Back to top button
Close