Նորություններ

«Այս պատերազմը վերջ է դնելու Արցախի հակամարտությանը, հակառակ դեպքում՝ ևս մեկ նմանատիպ պատերազմ դժվար կլինի վարելը». Արմեն Հայրապետյան

«Ադրբեջանը սանձազերծել է պատերազմ, որը մեզ հնարավորություն է տվել լուծելու Արցախի հակամարտության հարցը, և այս պատերազմը պետք է լինի վերջինը: Ես հավատում եմ, որ այս պատերազմը վերջ է դնելու Արցախի հակամարտությանը, հակառակ դեպքում՝ ևս մեկ նմանատիպ պատերազմ դժվար կլինի վարելը: Ես հավատում եմ, որ հայկական բանակը պատերազմը հասցնելու է հաղթական ավարտին»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պատմաբան Արմեն Հայրապետյանը:

Ըստ պատմաբանի՝ առաջին արցախյան պատերազմում արցախահայությունը իրավունք ձեռք բերեց ապրել իր հայրենիքում, իր տարածքում, իսկ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմը Ադրբեջանի համար անհաջող փորձ էր, որովհետև Ադրբեջանը կարծում էր, որ ժամանակն է, որպեսզի Արցախում իր գերիշխանությունը վերականգնի:

Արմեն Հայրապետյանը, անդրադառնալով Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը, նշեց.

«Արտաքին հարաբերություններ պետք է ձևավորվեր մինչ այս պահը, և արտաքին հարաբերություններ կձևավորվի պատերազմից հետո:

Միջազգային հանրությունը իր խուլ, համր և կույր վերաբերմունքով ապացուցեց, որ համամարդկային արժեքները իրենց չի հետաքրքրում. նրանց միայն փողն ու նավթն է հետաքրքրում, և այդ ամենը տեսնելով՝ մենք պետք է դասեր քաղենք:

Անցած 30 տարիների ընթացքում միջազգային հանրությունը այնքան էլ մեծ բան չի արել հակամարտության հարցում, իսկ վերջին 40 օրերի ընթացքում ցույց տվեց, թե ինչքան անգործ են և ծախու: Պատմությունը բազմիցս ցույց է տալիս, որ երբ հայ ժողովուրդը հույսը դրել է միջազգային հանրության օգնության վրա, միշտ անլուծելի խնդիրների առաջ է կանգնում:

Եվրոպական օգնություն մենք որպես այդպիսին չենք տեսել, բայց փոխարենը Կիլիկիայում կորցրեցինք պետականությունը:

19-րդ դարում պատմությունը նորից կրկնվեց. ռուս-թուրքական, ռուս-պարսկական պատերազմների արդյունքում հայ ժողովրդի պատմական հայրենիքի որոշ հատվածներ ռազմական գործողությունների շնորհիվ ազատագրվում էին թուրքական տիրապետությունից, այնուհետև դիվանագիտական պայքարում այդ նույն Եվրոպան բոլոր ջանքերը գործադրում էր, որպեսզի այդ գրաված տարածքները նորից վերադարձվեն Թուրքիային:

Կարծում եմ, որ պատերազմի ավարտից հետո մենք շատ բան ունենք վերանայելու՝ մեր վերաբերմունքը Արևմուտքի նկատմամբ:

Որոշ բաներ պետք է վերանայվի՝ կապված նաև ՀԱՊԿ-ի հետ, այսինքն ինչքանո՞վ ՀԱՊԿ-ը իրեն արդարացրեց: Վերջին օրերին Ղազախստանի և Թուրքիայի միջև կնքված պայմանագիրը շատ վտանգավոր է:

Երկրի ներսում միակ բանը, որ կարող ենք անել, մեկ բռունցք դառնալն է և պատերազմը հասցնել հաղթական ավարտին, իսկ մնացածը ընթացքում պիտի նայենք:

Պատերազմը պիտի հասցնել այնպիսի վախճանի, որ Ադրբեջանը ոչ թե բանակցելու հնարավորություն ունենա, այլ ստիպված լինի ընդունել մեր պահանջները»,- ընդգծեց պատմաբանը:

«1915թ. հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացրած պետությունը, մեկ այլ ցեղասպանություն վերապրած պետություն Իսրայելը Եվրոպայի քթի տակ, աչքի առաջ և Եվրոպայի լուռ համաձայնությամբ փորձում է իրագործել նոր ցեղասպանություն: Մեր նկատմամբ կրկնվում է այն նույն քաղաքականությունը, ինչ արվել է հայ ժողովրդի դեմ, այսինքն՝ ցեղասպանության ծրագիր է իրագործվում:

Այս պարագայում Եվրոպայից սպասել որևէ հայամետ, հայանպաստ բան, իմ կարծիքով, ամենամեծ սխալն է: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում վերջին քվեարկությունը վառ օրինակն է:

Թուրքիան, օգտվելով ստեղծված իրավիճակից, փորձում է իրագործել իր վաղեմի պանթուրքիստական ծրագիրը և դուրս գալ Միջին Ասիա, և դրա միակ ճանապարհը Հայաստանն ու Արցախն է:

Թե պատերազմը երբ կվերջանա, դա ոչ ոք չի կարող պատասխանել, բայց ցանկացած դեպքում պատերազմը պիտի ավարտվի հայկական ուժերի լիակատար հաղթանակով, հակառակ դեպքում հերոս տղերքի թափած արյունը ի չիք կդառնա:

Ոչ միայն պիտի վերականգնվի կորցրածը, այլև մի բան էլ ավելին, և այդ ժամանակ էլ մեր պատերազմը կվերջանա, այսինքն՝ պատերազմը կվերջանա այն ժամանակ, երբ Ադրբեջանը այլևս չունենա առաջ շարժվելու հնարավորություն»,- եզրափակեց Արմեն Հայրապետյանը։

Անահիտ Չալիկյան

 

 

 

Back to top button
Close