Նորություններ

«Իրանի առաջարկներն այնքան էլ մեր օգտին չեն, լուրջ և էական բաներ չեն առաջարկում». Արմեն Վարդանյան

«Իրանի իսլամական հանրապետությունն ունի վախենալու պատճառներ, որ Իրանի հյուսիսային սահմաններին անկայուն իրավիճակ է, և պատերազմը, ըստ էության, իր սահմանների անվտանգությանն է սպառնում: Իրանի առաջարկած նախաձեռնությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ հաշվի չեն առնվել շատ իրողություններ: Իրանցիները առաջարկում են դուրս բերել հայկական զորքերը օկուպացված (ինչպես իրենք են նշում) տարածքներից, այսինքն՝ մեր ազատագրած տարածքներից: Դրա փոխարեն լուրջ և էական բան չեն առաջարկում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման իրանական առաջարկին:

Քաղաքագետի խոսքերով՝ Իրանի առաջարկներն այնքան էլ մեր օգտին չեն.

«Առաջարկում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը փոխվի և Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ «Աստանայի խաղաղության գործընթացի» փորձի վրա Աստանա-2 ձևաչափ ստեղծվի, իսկ արևմտյան երկրներին՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային, ըստ էության, դուրս են մղում բանակցային գործընթացից, որը չի բխում մեր շահերից»,- շարունակեց Արմեն Վարդանյանը:

Վարդանյանի խոսքով՝ Իրանը չի ուզում, որ պատերազմ լինի, բայց մյուս կողմից էլ Իրանում կան մինչև 20 մլն. ադրբեջանցի կամ թուրք-ատրպատականցի, որը բավականին մեծ թիվ է այդ երկրի համար, և Իրանը չի կարող բացահայտ դիրքորոշում ունենալ: Իրանը թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի հետ լավ հարաբերությունների մեջ է:

«Իրանը արցախա-ադրբեջանական հակամարտության մեջ կներքաշվի այն ժամանակ, երբ մեր ազատագրած տարածքներից ահաբեկիչներ ներթափանցեն Իրան, և լուրջ հարվածներ լինի, որը կբերի մարդկային կորուստների: Հիմա կարծում եմ, որ այդ կարմիր գիծը չի անցել, իհարկե մի քանի անգամ արկեր ընկան Իրանի տարածք, բայց դա լուրջ վնասներ չի տվել և առիթ չի տվել, որ Իրանը ներքաշվի այս պատերազմի մեջ:

Իրանը երկու երկրների հետ էլ լավ հարաբերությունների մեջ է և չի ուզենա, որ կորցնի թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին:

Այդ երկիրը բազմաթիվ խնդիրներ ունի և իրեն ձեռք չի տալիս, որ մտնի նոր պատերազմի կամ կոնֆլիկտի մեջ:

Նրա դաշնակիցները, Իրանի ազդեցության տակ գտնվողները պատերազմի մեջ են, և Իրանն էլ ամերիկյան ծանր պատժամիջոցների տակ է, տնտեսությունը փլուզման եզրին է, այդ խնդիրներով հանդերձ Իրանը հազիվ թե ցանկանա նոր հակամարտության մեջ մտնել»,- եզրափակեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

 

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close