ԱՌԱՆՑՔՈՒՄ

«Ցանկացած իշխանության պետք է անընդհատ պահել մամլիչի տակ». Հակոբ Բադալյան

«Գլխավոր նպատակը, ես կարծում եմ, կյանքի կոչված է, որն է՝ իշխանության փոփոխությունը և նաև Հայաստանում գործող փաստացի հասարակարգի փոփոխությունը, այն իմաստով, որ այդ հասարակարգը դե ֆակտո կոռուպցիոն սխեմաների և մեխանիզմների վրա էր հիմնված, և հիմա մենք տեսնում ենք, որ այս ամեն ինչի դեմ իսկապես պայքար է տարվում, բնականաբար այս պայքարը բացարձակ արդյունք չի ունենում երբեք և չի ունենա»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդաշարի ընթացքում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հակոբ Բադալյանը՝ խոսելով հեղափոխությունից մեկ տարի անց Հայաստանում տեղի ունեցող զարգացումների մասին:

«Մենք տեսնում ենք, որ անմիջականորեն վարչապետին առընթեր վերահսկողության ծառայության առումով ԱԱԾ-ն հարուցել է գործ կոռուպցիոն ռիսկի և պաշտոնի չարաշահման հատկանիշով: Սա, կարծում եմ, ցուցիչ է, որ իսկապես պայքար տարվում է կոռուպցիայի դեմ»,- հավելեց քաղաքագետը:

Բադալյանի կարծիքով՝ բնականոն անցումային փուլում ենք գտնվում, որը դեռ կշարունակվի, և որում անխուսափելիորեն լինելու են նաև որոշակի բռնկումներ սոցիալական դժգոհությունների, տարբեր լոկալ բողոքների տեսքով:

«Շատ լավ է, որ հանրության մեջ շերտ կա, որ անբավարար է համարում, որովհետև ցանկացած իշխանության պետք է անընդհատ պահել մամլիչի տակ, որպեսզի իրենք էլ շահագրգռված լինեն ավելի ու ավելի ինտենսիվացնելու պայքարը կոռուպցիայի դեմ:

Անդրադառնալով սահմանադրության փոփոխության անհրաժեշտությանը՝ քաղաքագետը շեշտեց, որ խորհրդարանական մոդելի անցած սահմանադրությունը հնարավորություն է տալիս հանրությանը՝ քայլ առ քայլ ավելի մոտենալու իշխանության վերահսկման մեխանիզմներին:

«Որ ասում էին՝ Սերժ Սարգսյանը սահմանադրությունը փոխում է իշխանությունը պահելու համար, մենք տեսանք, չէ՞, որ բացարձակ հակառակը ստացվեց, ընդ որում, 2005 թվականին նույնը ասում էի Ռոբերտ Քոչարյանի մասին… այսինքն՝ սահմանադրությունն իշխանություն պահպանելու մեխանիզմ չէ, որքան էլ որ լավ կամ վատ գնահատենք»:

Ըստ քաղաքագետի՝ ի վերջո առանցքայինն այն է, որ այս մոդելը մեզ հնարավորություն է տալիս ավելի մոտենալու ժողովրդավարությանը:

Ավելին
Back to top button
Close