Նորություններ

«Էն փոքրիկ ճյուղը, որն ինքը ջրում է այդ չորացած հողում ու կյանք տալիս, հիմա իր նոր կյանքի սկիզբը դարձավ». հայտնի լուսանկարի տղան վիրավորվել է

Դիրքերում ծառ ջրող հայտնի լուսանկարի տղան Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղից է․Կարո Պողոսյանը ծանր մարտերից մեկում վիրավորվել է: Դիրքերում ծառի փոքրիկ շյուղ ջրող զինծառայողի լուսանկարը,որը տարածվեց համացանցով,այս օրերին արժանացել է բազմաթիվ դրական արձագանքների, հազարավոր օգտատերեր այն տեղադրեցին իրենց էջերում ու համարեցին մերօրյա պատերազմի խորհրդանշական լուսանկարներից մեկը:

ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող 26-ամյա Կարո Պողոսյանը Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղից է։ Նա այժմ վիրավոր է և գտնվում է այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:Այդ մասին հայտնեց Կարոյի մայրը՝ Շողիկ Սողոյանը:

«Տղաս արդեն 17 օր է վերակենդանացման բաժանմունքում է: Ուներ բազմաթիվ կոտրվածքներ,Արցախից սկզբում տեղափոխել էին Աստղիկ բժշկական կենտրոն, որտեղ վիրահատել էին, հետո տեղափոխել են այրվածքաբանության կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:Մեր հերոս բժիշկների շնորհիվ է միայն, որ հիմա Կարոս ապաքինվում է »,-ասում է տիկին Շողիկը:

Կարոն առաջնագծում է եղել հենց սեպտեմբերի 27-ից։Հոկտեմբերի 19-ին դիրքերից վերադառնալիս իրենց մեքենան ռմբակոծել են. Կարոն հրաշքով է փրկվել:

«Տղաս հրաշքով է փրկվել,անկեղծ ասած հետը դեռ չեմ էլ կարողացել խոսել ու հասկանալ ոնց է դեպքը տեղի ունեցել: Իր հետ նույն մեքենայում է եղել նաև հորաքրոջ տղան՝ Աշոցքից, ով մահացել է, բայց ինքը ոչ մի բանից տեղյակ չէ, անգամ չգիտի մյուս զինակից ընկերների մահվան մասին:Սարսափելի դեպք էր, ես այդ օրն անհանգիստ էի, մենք դեպքի մասին իմացել ենք հոկտեմբերի 20-ի երեկոյան ու շտապ հասել ենք Երևան»-հուզված պատմում էր Կարո Պողոսյանի մայրը:

Կարոն ընտանիքի միակ արու զավակն է, ունի երեք ավագ քույրեր: Ինքն է ցանկացել ծառայության անցնել սահմանապահ զորքերում,շատ է սիրում զինվորականի գործը,արդեն հինգ տարի է ահմանապահ զորքերում է ծառայում:

Որ նրա լուսանկարը միանգամից տարածում կստանար համացանցում, չէին էլ մտածում: Այն դեպքից հետո հրապարակել է Կարոյի զինակից ընկերներից մեկը,տիկին Շողիկի համար իր տղայի նկարը համացանցում տեսնելը անսպասելի է եղել:

«Պատահական տեսա,համ լացել եմ, համ ուրախացել, որ իմ բալես փրկվեց էդ պայթյունից: Ինչքան գիտեմ իր ընկերներն են լուսանկարել, հենց մարտական գործողությունների ժամանակ է եղել, դիրքերում: Երևի խորհրդանշական լուսանկար եղավ տղայիս համար: Էն փոքրիկ ճյուղը, որն ինքը ջրում է այդ չորացած հողում ու կյանք տալիս, հիմա իր նոր կյանքի սկիզբը դարձավ, երեխաս նորից ծնվեց, ինչպես այդ փոշու մեջ ապրել ցանկացող բարակ ծառի շյուղը », -հուզված պատմում է տիկին Շողիկը:

Որ հայտնի լուսանկարի տղան իրենց կենտրոնում բուժում ստացող զինվորականն է, գիտեն նաև բուժհաստատության բոլոր բժիշկներն ու բուժքույրերը, ճանաչել էին հերոս տղային:

«Բոլորն էլ գիտեն,որ Կարոն է այդ լուսանկարում: Այսօր խնդրեցինք բժշկին, որ իր հեռախոսը մոտեցնի, տղայիս հետ խոսենք:Աղջիկս նկարի համար պատմեց Կարոյին, որ միանգամից լայն տարածում է ստացել ու շատ դրական մեկնաբանություններ են գրել մեր ժողովուրդը: Կարոս լսեց ու ասաց՝ էս այրվածքներիս ու ցավերիս մեջ նկարի ու մեկնաբանությունների ժամանակն եք գտել տնաշեններ: Հետո ժպտաց ու ասաց, որ ամեն ինչ լավ է լինելու,միևնույնն է հաղթելու ենք»-ասում է Շողիկ Սողոյանը:

Կարո Պողոսյանը դեռ բուժման երկարատև կուրս է անցնելու,ապաքինվելուց հետո կվերադառնա տուն: Ըստ մայրիկի, հավանաբար ծառայությունը կշարունակի ,եթե առողջական վիճակը թույլ տա:

 

Back to top button
Close