Նորություններ

Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել թշնամու դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողություններից

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել Շուշիի հարակից գյուղերի մոտակայքում և անտառներում ադրբեջանական դիվերսիոն խմբերի ոչնչացման աշխատանքների վերաբերյալ: Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարի ընթացքում Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց, որ նկատել է՝ ինչպես է Ադրբեջանի նախագահը ներկայացնում, թե  իբր ադրբեջանական զորքերը հարձակվում են Շուշիի վրա:

«Այդպես նա կերակրում է սեփական հանրությանը, միջազգային հանրությունն է դա լսում: Բայց ես զարմացած եմ և այդպիսի պատերազմի ձև չգիտեմ, որ հարձակվողին փնտրես, գտնես, ոչնչացնես: Փաստացի ի՞նչ է նշանակում հարձակվում են, եթե մենք իրենց փնտրում ենք, գտնում ենք, օրինակ՝ 15-20 հոգանոց խմբերի, խփում ենք, իրենք փախչում են: Փախչում են այլ ուղղությամբ, մտնում են անտառներ, շրջանցում են մեկ այլ տեղից, որտեղ փորձում են գտնել դիմադրության թույլ տեղեր, գյուղեր գտնել, վնասել գյուղերը, դրոշներ դնել, նկարվել: Հետո մեր տղաները մոտենում են, նորից խփում են, իրենք փախչում են՝ տալով 1-2 զոհ կամ վիրավոր»,- մանրամասնեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Շուշիի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն խմբերի պայմանական հարձակումը այնքան էլ լավ չի ստացվում: Հովհաննիսյանն ընդգծեց, որ նոյեմբերի 5-ին ամբողջ օրվա ընթացքում փորձել են մագլցել ժայռերը, որպեսզի Շուշի մտնեն: «Մագլցողները փոքր խմբեր են, 5-10, առավելագույնը՝ 20 հոգանոց: Տղաները խփում են նրանց, հետո մոտենում են, տեսնում են բոլորի մոտ դրոշ կա: Պարզ է չէ՞, որ սիմվոլիկ մի բան են ուզում անել, նկարել, որ մեկը մտավ Շուշի դրոշ դրեց: Նոյեմբերի 9-ին Ադրբեջանում դրոշի օր է, հիմա ուզում են մի բան անել, ցույց տալ, որ վերցրեցին, վերջ, բայց չեն կարողանում: Ինչ-որ մի տեղ փորձում են ճանապարհը կտրել, խփում ենք, փախչում են»,- ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այս իրավիճակը նրանց համար կարող էր բարենպաստ լինել մի դեպքում, եթե կարողանային Մարտունու ուղղությամբ ճեղքում իրականացնել: «Նախորդ 3-4 օրերին փորձեցին, չստացվեց դեպի Մարտունի դուրս գալ, որ կարողանան ամբողջ մայրուղիով վերահսկողություն սահմանել: Այդ դեպքում իրենց դիվերսիոն խմբերը կփրկվեին, այսինքն՝ կազատվեին առանձին կոտորվելու ճակատագրից: Հիմա չստացվեց, և իրենց առանձին խմբերի կոտորվելու ճակատագիրը շարունակվում է: Խնդիրը չեն լուծելու»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Բերձորում տիրող իրավիճակին՝ Հովհաննիսյանը վստահեցրեց, որ քաղաքում ամեն ինչ նորմալ է, մարդիկ ապրում են իրենց սովորական կյանքով: Սակայն նա հավելեց, որ Լիսագոր գյուղի ուղղությամբ դեպի Շուշի խմբեր կան, որոնք նոյեմբերի 4-ի գործողության արդյունքում փախել մտել են անտառ: «Այսօր ամբողջ օրը ականանետերով, հրետանիով, մաքրող խմբերով փորձել ենք, գտել ենք, խփել ենք, նորից փախել են»,- ասաց նա:

Հովհաննիսյանի խոսքով՝ այս պահին գնում է ոչ կոնվենցիոնալ պատերազմ, որի ընթացքում հակառակորդը կիրառում է դիվերսիոն խմբեր, վարձկաններ, որին զուգահեռ փորձում է կենտրոնական և հյուսիսային հատվածներում կոնվենցիոնալ պատերազմ վարել՝ կիրառելով զրահատեխնիկա, հրետանի, ավիացիա և այլն:

Անդրադառնալով հայկական զինված ուժերի առաջնահերթ խնդրին՝ Հովհաննիսյանն ընդգծեց, որ հայկական զինված ուժերը խնդիր ունեն բոլոր ուղղություններում պահել այն բարենպաստ բնագծերը, որպեսզի ռազմաճակատային բնագծի փոփոխություն չլինի, այդ ընթացքում գտնել և ոչնչացնել հակառակորդի դիվերսիոն խմբերին:

Back to top button
Close