Նորություններ

«Լայվերը հենարան չեն ապահովում, մի օր աշխատում են, մյուս օրն աշխատելու են քո դեմ»

ԳԱԼԱ-ի հարցազրույցն անկախ փորձագետ Հայկ Բալանյանի հետ:

Պարոն Բալանյան, հեղափոխությունից մեկ տարի է անցել: Արդյոք կարելի է ասել, որ մենք ապրում ենք Նոր Հայաստանում։ Ի՞նչ ակնկալիքներ ունեիք մեկ տարի առաջ, և ի՞նչ չափով են դրանք արդարացել:

-Այո, ապրում ենք նոր Հայաստանում, բայց դեռ ոչ ապագա Հայաստանում, մենք գտնվում ենք տրանսֆերի, փոփոխությունների, վերափոխման ճանապարհին, ընդ որում՝ ոչ երաշխավորված ելքով: Անհրաժեշտ են արմատական ու երկարատև բարեփոխումներ, որպեսզի նորը դառնա անդառնալի ու ստանա կառուցվածքային որակական նոր ձև:

Ակնկալիքների մասով ես ենթադրում էի բարեփոխումների շատ ավելի բարձր տեմպ, որոնք չարդարացան, բայց հուսով եմ իշխանությունը կհամոզվի, որ արմատական բարեփոխումները քաղաքական այսրոպեական հաշվարկներից ավելի կարևոր են:

-Պարոն Բալանյան, որո՞նք են մեկամյա «թավշյա» իշխանությունների սխալներն ու բացթողումները, և ի՞նչ կարևոր ձեռքբերումներ կմատնանշեիք:

-Ինձ համար գլխավոր սխալը բարեփոխումների տեմպ չապահովելն է: Նշանակումները կամ այս կամ այն որոշումներն ինչ-որ սկզբունքային հարցեր չեն, դրանք կան և կլինեն յուրաքանչյուր իշխանության օրոք: Ինձ համար ամենամեծ սխալը սահմանադրական, սոցիալ-տնտեսական, քաղաքական արմատական վերակառուցման ուշացումն է, որը և թույլ կտար կադրային կամ ինչ-որ կիրառական սխալ որոշումներից անկախ գնահատել այս իշխանությունը պատմական կոնտեքստում:

Որպես ձեռքբերում ինձ համար կարևոր հանգամանք է Արցախի հարցում վախվորած քաղաքականությունից հրաժարվելը, ԶՈՒ նկատմամբ ուշադրության բարձրացումը, ներքին ինքնամաքրման ու ինքնավերահսկման մեխանիզմների ստեղծման փորձերը, ինչը հույս է տալիս ակնկալելու, որ իշխանությունն ունի ներքին քաղաքական ռեսուրս՝ փոփոխելու քաղաքականությունը, երբ վերջնականապես համոզվի, որ ինչ-որ քայլեր տեղին կամ մարդիկ տեղում չեն և լուրջ շտկումների կարիք կա:

-Արդյոք հեղափոխական իշխանությունը շարունակո՞ւմ է մնալ հեղափոխության հռչակած գաղափարներին հավատարիմ: Որո՞նք են իշխանությունների այն քայլերը, որոնք հակասում են հեղափոխության արժեքներին:

-Կարծում եմ, որ իշխանության մաս կազմող առանցքային դեմքերը հավատարիմ են այդ գաղափարներին, և կարևորն այդ հանգամանքն է: Այլ հարց է, որ տեսլականները, պատկերացումները իշխանության ներսում են տարբեր, և իմ գնահատականով այդ տարբերությունների հաղթահարումն ու միասնական գծի ձևավորումը դեռ չի կայացել:

Կան հանգամանքներ, որոնք իրար հետ համատեղելի չեն, և այդ գիտակցությունն իշխանության մեջ ես չեմ տեսնում: «Ամեն լավ բանի համար ընդդեմ ամեն վատի» սկզբունքը լոկ բարի ցանկություն է, և ինչ-որ պահի պիտի ներսում բյուրեղանա գիտակցությունը, որ հակոտնյա գաղափարական հոսանքները համատեղել չի լինի: Խնդիրը տեսական մոտեցումներն ու իզմերը չեն, չնայած տեքստերն իհարկե կարևոր են: Խնդիրը պետության մոդելի մեջ է, որտեղ իրար արմատապես հակասող գաղափարները համատեղել անհնար է, և իշխանությունը պիտի ի վերջո ընտրի, թե ինչից ու ումից պիտի ազատվի: Քանի դեռ այդ գիտակցությունը չկա ու չկա հստակ ուղերձ հանրությանը, թե ինչ են ուզում անել, հեղափոխության արժեքներին համապատասխանության հարցն անիմաստ է. ամեն անձ կամ խմբավորում իր տեսակետից է բնութագրում այդ արժեքները: Մարդիկ պիտի հասկանան, թե ինչ երկիր ենք ուզում կառուցել: Եթե անորոշությունը պահպանվի, ապա և հանրային աջակցությունը, և իշխանության գործունեության պտուղները ևս կլինեն անորոշ ու հակասական, հետևաբար ոչ անդառնալի, իսկ հեղափոխությունը կմնա անավարտ:

-Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը գնում է իրականացնելու տնտեսական հեղափոխություն: Արդյոք սկսե՞լ է: Դուք նկատո՞ւմ եք: Կա՞ ծրագիր, քայլերի հաջորդականություն, որով իրականացվում է ՀՀ-ում տնտեսական հեղափոխությունը:

-Ոչ, չկա, և չեմ տեսնում: Այն, ինչ կատարվում է, զարգացման էվոլյուցիոն ճանապարհի հարթումն է: Կոռուպցիա չլինելը կամ ատկատներից հրաժարվելն իրավական ու բարոյական նորմ է, ինչ-որ սկզբունքային արմատական փոփոխություն դրանում ես չեմ տեսնում: Հեղափոխություն կլիներ, եթե սեփականության լեգիտիմացման ու լեգալացման իրավական և հրապարակային գործընթաց ընթանար ու իրականացվեր հանրային հաշտեցման իրավական գործընթաց, բիզնեսն ու անհայտ սեփականատերերը դուրս գային ստվերից, նաև իրականացվեր հարկային բեռի սկզբունքային վերաբաշխում՝ սպառողներից դեպի հարստություն, երբ դրամավարկային քաղաքականությունը ներմուծողների շահերից վերափոխվեր արտահանման խրախուսմանը, երբ հակամենաշնորհային օրենսդրությունը բարեփոխվեր, և մենաշնորհ ընկերությունները տրոհվեին, կամ իրենց գործունեությունը լիմիտավորվեր և այլն: Այդ ամենը չկա, իսկ տնտեսական զարգացման արհեստական խոչընդոտների վերացումն ընդամենը էվոլյուցիոն ճանապարհի ապահովումն է:

-ՀՀ վարչապետն օրերս նաև ԵԽԽՎ ամբիոնից հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, որ ավելի քան 50 հազար աշխատատեղ է ստեղծվել և դուրս եկել ստվերից: Մինչդեռ ԱՎԾ վիճակագրությունը կոնկրետ գործազրկության ցուցանիշի վերաբերյալ նման առաջընթաց արձանագրող թվային տվյալ չի հրապարակել: Սա թվերի մանիպուլյացիա՞ էր, որ արեց վարչապետը ԵԽԽՎ բարձր ամբիոնից, թե՞ ձեռքբերում:

-Վարչապետից է պետք ճշտել, թե ով է այդ թվերը տվել, և ինչպես են հաշվել: Բայց ստվերից դուրս գալու մասով ինձ համար նշված թիվն ընդհանուր առմամբ իրականին մոտ է թվում:

Նիկոլ Փաշինյանն ունի մեծ հեղինակություն, բայց Սերժ Սարգսյանի համար կարված Սահմանադրությամբ է երկիրը ղեկավարվում: Սա վտանգներ պարունակո՞ւմ է իր մեջ:

-Անկասկած, որովհետև նման կարգավիճակը չի պարտադրում վարչապետին գնալ հանրային հենարանի ընդլայնմանը քաղաքական իմաստով: Լայվերը հենարան չեն ապահովում, մի օր աշխատում են, մյուս օրն աշխատելու են քո դեմ: Եթե այդ սուպերլիազորությունների հնարավորությունը չլիներ, ապա կարծում եմ՝ իշխանությունը շատ ավելի ուշադիր կլսեր հանրությանն ու ավելի ակտիվ կաշխատեր մարդկանց հետ:

Նման սուպերլիազորությունները նաև պարտադրում են վարչական ապարատի սուպերկարծրություն և սուպերպատասխանատվություն, որը կաշկանդում է արագ ու ճկուն արձագանքը, ամեն հարց պիտի անցնի իշխանական բուրգով և կրկին հետ իջնի, դա ժամանակ է խլում ու առօրյա ընթացիկ հոգսերի բեռի տակ թույլ չի տալիս լիարժեք ռազմավարություն իրականացնել: Ոչ մի անձ չի կարող զուտ մարդկային ուժերի տեսակետից այդքան ինֆորմացիոն ծավալը կրել երկար ժամանակ, ինչպես մենք տեսանք նույն Սերժ Սարգսյանի օրինակով, իսկ ամբողջ պատասխանատվությունը մնում է մեկ անձի վրա:

Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի

Back to top button
Close