Նորություններ

Ենթադրում եմ, որ ԳԱԼԱ-ի դեմ վարչական բողոքը գրել են նույն մարդիկ, ովքեր 2007թ.-ին պրոցեսը ձեռնարկել են

ԱԺ — կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բարձրացրեց ԳԱԼԱ-ի դեմ ՊԵԿ-ի՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը:

Մարուքյանը դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասելով.

«Պարոն վարչապետ, 2007թ.-ի հոկտեմբերի 17-ին դուք գնացել եք Գյումրի և ԳԱԼԱ հեռուստաընկերությունում հարցազրույց եք տվել, որից հետո ԳԱԼԱ հեռուստաընկերության դեմ սկսվել է մի մեծ բռնարարքների շարք. ԱԱԾ-ի կողմից գովազդատուներին վախեցնել, գովազդները հանել են, հարկայինը 25 մլն դրամով տուգանել է, որից հետո մարդիկ դրամահավաք են արել, վճարել են: Վանաձորում գտնվող մեր փաստաբանական գրասենյակը փաստաբան Կ. Թումանյանի գլխավորությամբ դիմել է ՄԻԵԴ: ՄԻԵԴ-ը որոշել է, որ տեղի է ունեցել խախտում, Հայաստանում վերաբացվել է գործը, և վարչական դատարանը վերացրել է այն ակտը, որով 25 մլն դրամ տուգանել էր ԳԱԼԱ հեռուստաընկերությանը: Հիմա տեղի է ունեցել մի բան, որն ինձ համար զարմանալի է, որպես այդ գործի վրա աշխատած մարդ եմ ասում:

Պետությունը բողոքում է ընդդեմ վարչական դատարանի որոշման: Այսինքն՝ ընկերությունը հետապնդվում էր Ռ. Քոչարյանի օրոք: Վարչական դատարանում վկաները, պարոն վարչապետ, ասել են, որ «KGB-ն ինչ ասել է, գրել ենք», և վարչական դատարանը վերացնում է այդ որոշումը, հիմա պետությունը կրկին բողոք է գրում և ասում է, որ ԳԱԼԱ հեռուստաընկերության կրած 25 մլն դրամ վնասը մենք չենք ուզում վերադարձնել որպես պետություն: Ուզում եմ պարզապես հասկանալ՝ դուք տեղյա՞կ եք, թե՞ ոչ»:

Հարցին պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ասաց, որ առաջին անգամ է լսում այդ մասին.

«Շնորհակալ եմ, պարոն Մարուքյան, առաջին անգամ եմ լսում այն, ինչի մասին ասում եք: Բայց անկեղծ ասեմ՝ նման իրավիճակների մասին առաջին անգամ չէ, որ լսում եմ:

Կհետաքրքրվեմ և առավել մանրամասն հետաքրքրվելուց հետո որոշում կկայացնեմ: Ենթադրում եմ, որ այդ վարչական բողոքը գրել են այն նույն մարդիկ, ովքեր 2007թ.-ին այդ ստուգումները և պրոցեսը ձեռնարկել են: Այս առումով նրանց ռեակցիան գուցե և բնական է: Համաձայն եմ Ձեզ հետ, որ այդպիսի իներցիոն երևույթներն այնքան էլ բնական չեն համարվում: Բնականաբար չեմ կարող ամեն ինչով միանգամից զբաղվել, ընդհանրապես իներցիայի խնդիրը կա, կարծում եմ՝ դեռ երկար կլինի:

Իրականում ոչ մի ողբերգություն չկա, որովհետև խնդիրը հասանելիության և լուծելիության տիրույթում է: Ես որոշակի պարզաբանումներ ստանալուց հետո Ձեր հարցին ավելի առարկայական կպատասխանեմ»:

Էդմոն Մարուքյանի հարցին, թե՝ «Ետ կվերցնե՞ք բողոքը, թե՞ ոչ», Փաշինյանը պատասխանեց.

«Ճիշտ չի լինի՝ հարցի բոլոր հանգամանքներին տեղյակ չլինելով՝ կոնկրետ պատասխան տամ: Իմ վերաբերմունքն այդ ողջ պատմության նկատմամբ գիտեք: Գաղտնիք չկա, թույլ տվեք, որ ամբողջական պարզաբանում ունենամ, որից հետո դիրքորոշումս կարտահայտեմ: Մի բան կասեմ, որ բացառում եմ, որ ՀՀ-ում որևէ լրատվամիջոց քաղաքական հետապնդման ենթարկվի: Դա բացառվում է: Չէի ուզենա ասել հենց ԳԱԼԱ-ն, նաև ԳԱԼԱ-ն, և բացառում եմ, որ ՀՀ-ում որևէ լրատվամիջոց քաղաքական հետապնդման ենթարկվի»:

Back to top button