Նորություններ

«18 տարեկանը ընտանիք, երեխա չունի. լավ է գոնե ես երեխաներ ունեմ, սերունդս շարունակող կա. բա չգնա՞մ էդ երեխեքի կողքին կանգնեմ». զոհված կամավոր

Արցախյան պատերազմում քաջաբար զոհված 35-ամյա Գնել Ֆիդանյանը կամավոր էր։ Ծնվել է Արմավիրի մարզի Արգինա գյուղում: Ընտանիքում 3 եղբայր են, Գնելը ավագ որդին է:

Պատերազմի մասին լուրն իմանալուց հետո ընտանիքից թաքուն կամավորագրվել է, հոկտեմբերի 3-ին գնացել Արցախ (Ջեբրայիլ): 35-ամյա կամավորը նահատակվել է հոկտեմբերի 10-ին:

«Գնելը բոլորիցս թաքուն կամավորագրվել էր, ամսի 3-ին մեկնեց Արցախ: Գնելը երբեք չի խոսել իր մտադրությունների մասին, որ զինվորագրվելու է, բայց գնալուց առաջ եկավ մեզ հրաժեշտ տվեց. մենք չէինք էլ կասկածում, որ կամավորագրվել է:

Հետո զանգեց ինձ ասաց՝ գնում եմ հայրենիքս պաշտպանելու, լավ մնացեք, պինդ մնացեք. 18 տարեկաններին չպետք է մենակ թողնենք: Եղբորս թևը նոր վիրահատած էր, իրեն եթե ծանուցագիր էլ գար, բժշկի թուղթ կար, ինքը բուժման մեջ էր:

Գնելը հոկտեմբերի 10-ին է զոհվել. հետախույզ էր, այդ օրը հակառակորդի դիրքերի դիտարկում է կատարել, հետ գալուց հակառակորդի ԱԹՍ-ի կողմից թիրախավորվել է:

Զինակից ընկերները մեզ պատմեցին, որ ընդամենը 5 քայլ էր մնացել, որ հասներ խրամատ, բայց հակառակորդը արկը գցել է եղբորս վրա»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Գնել Ֆիդանյանի եղբայրը՝ Վիրաբ Ֆիդանյանը:

Եղբոր մասին պատմելիս Վիրաբն ասում է՝ Գնելը հալալ քրտինքով ապրող մարդ էր, նվիրված։

«Եղբայրս ամուսնացած էր, 2 երեխա ունի (աղջիկ, տղա), նպատակը այն էր, որ երեխեքին հասցնի իրենց նպատակին: Ընտանիքին, եղբայրներին, ընկերներին նվիրված մարդ էր: Իրեն բոլորը սիրում էին:

Գնելը հայրենիքը ամեն ինչից շատ էր սիրում. ասում էր՝ եթե ես չգնամ, նա չգնա, ո՞վ գնա. ապրում ենք մի հողի վրա, մեր հողն ու հայրենիքն է, և մենք պիտի պաշտպանենք: Ասում էր՝ եկեք տեսեք 18 տարեկանները ոնց են կռվում, մենք տանը նստենք նայե՞նք:

Ասում էր՝ 18 տարեկանը ընտանիք, երեխա չունի. լավ է գոնե ես երեխաներ ունեմ, սերունդս շարունակող կա. բա չգնամ էդ երեխեքի կողքին կանգնեմ:

Զոհվելու օրը՝ ամսի 10-ի առավոտյան, մեր մյուս եղբայրն է հետը խոսել, իսկ ես հետը խոսել եմ ամսի 9-ի գիշերը:

Գնելը մինչև վերջ մերոնց ասում էր՝ մի վախեցեք, ես Գորիսում եմ, ես անտառներում եմ, ապահով տեղում եմ, ինչ կրակոց, ինչ բան, էստեղ ամեն ինչ հանդարտ է: Ասում էր՝ հաղթելու ենք, հաղթանակը մերն է»,- պատմում է Վիրաբ Ֆիդանյանը:

Գնել Ֆիդանյանի եղբայրն ասում է՝ կորստի վիշտը ծանր է, բայց հետո գիտակցում ես, որ ամեն մարդ չի կարող հերոսի մահով մեռնել…

Back to top button