Նորություններ

«Անհրաժեշտ է ինստիտուցիոնալացնել քաղհասարակության հետ համագործակցությունը, ինչպես դա արվեց Վրաստանում». Հովսեփ Խուրշուդյան

ԳԱԼԱ-ի հարցազրույցը «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ:

 — Պարոն Խուրշուդյան, հեղափոխությունից մեկ տարի է անցել: Արդյոք կարելի է ասել, որ մենք ապրում ենք Նոր Հայաստանում։ Ի՞նչ ակնկալիքներ ունեիք մեկ տարի առաջ, և ի՞նչ չափով են դրանք արդարացել:

— Այո, մենք ապրում ենք Նոր Հայաստանում, որտեղ քաղաքացիներն ազատ են, չեն հետապնդվում իրենց հայացքների համար, որտեղ բիզնեսն ազատ է, և նրան չեն խոչընդոտում, որտեղ, ամենակարևորը, ժողովուրդն ինքն է ձևավորել իր իշխանությունը: Ճիշտ է, որքան էլ որ ես ուրախ էի և եմ հեղափոխության հաղթանակով 2018-ի գարնանը, հատկապես, որ դա համարել և համարում եմ նաև իմ երկարամյա պայքարի արդյունք, ես, այնուամենայնիվ, չեմ պատկանում այն մարդկանց թվին, ովքեր ընկան էյֆորիայի գիրկը և, որպես հետևանք, հսկայական սպասումներ ձևավորեցին իրենց մեջ: Ես հենց սկզբից էլ հասկանում էի, որ սպասումները չափազանցված են և չեն կարող այդքան մեծ ծավալով և այդքան կարճ ժամկետում իրականություն դառնալ: Բայց, ամեն դեպքում, փոփոխությունները, բարեփոխումներն ընթանում են անգամ իմ չափավոր սպասումներից էլ դանդաղ: Հատկապես անցումային արդարադատության ներդրումը շատ է ուշանում:

Պարոն Խուրշուդյան, որո՞նք են մեկամյա «թավշյա» իշխանությունների սխալներն ու բացթողումները, և ի՞նչ կարևոր ձեռքբերումներ կմատնանշեիք:

— Ժողովրդի կողմից ընտրված նոր իշխանությունների ամենամեծ սխալը կադրային քաղաքականության մեջ է: Կարծում եմ, դա նախևառաջ անձամբ Նիկոլ Փաշինյանի սխալ մոտեցման հետևանքն է: Զարմանում եմ, որ ունենալով ադքան մեծ հեղինակություն՝ նա, այնուամենայնիվ, իշխանական օղակները, խոսքը, հատկապես, կառավարության և Ազգային ժողովի մասին է, համալրեց հիմնականում նեղ-կուսակցական սկզբունքով, իր անձին մոտ կանգնած, կամ իրեն անձնապես հավատարիմ կադրերով: Արդյունքում կորսվեց նախկին իշխանությունների դեմ հետևողական և անզիջում պայքար մղած քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի հնարավորությունը, որը թվում է՝ կարող էր Փաշինյանի համար նվազ կառավարելի դարձնել պետական համակարգը, որոշակի քաղաքական դիվիդենտներ բերել նաև ՔՊ-ից դուրս գտնվող ուժերին և քաղաքական գործիչներին, սակայն մյուս կողմից՝ թույլ էր տալու ներգրավել քաղաքականապես հասուն կադրերի կառավարման բոլոր օղակներում՝ շեշտակիորեն բարձրացնելով կառավարման արդյունավետությունը, միաժամանակ կիսելով պատասխանատվության բեռը, որն այսօր ընկել է բացառապես Նիկոլ Փաշինյանի և միայն մասամբ ՔՊ-ի ուսերին: ԱԺ-ն համալրած ՔՊ-ի պատգամավորները հիմնականում կնոպկա սեղմողների մակարդակ ունեն: Նրանցից ոմանք անգամ երկու բառ չեն կարողանում իրար կապել և անգամ ապրիլյոթյան շնորհավորական ուղերձը քոփի են անում ուրիշներից: Եվ դրանից հետո ՔՊ-ն որպես քաղաքական թիմ որևէ հետևություն չի անում, և նման պատգամավորը շարունակում է մնալ ԱԺ-ում: Կրկնում եմ՝ այս ամենից տուժում է կառավարման որակը, բարեփոխումների տեմպը, որը հիմնականում կախված է ԱԺ-ի ընդունած օրենքների որակից:

Արդյոք հեղափոխական իշխանությունը շարունակում է մնալ հեղափոխության հռչակած գաղափարներին հավատարիմ: Որո՞նք են իշխանությունների այն քայլերը, որոնք հակասում են հեղափոխության արժեքներին:

— Ես չեմ տեսնում ինչ-որ առանցքային շեղումներ հեղափոխության հռչակած արժեքներից: Կարծես թե իշխանությունների մոտ կա ցանկություն՝ քննարկելու և արդեն այս տարի ընդունելու ընտրական և կուսակցությունների մասին օրենսգրքերը: Ամենակարևորը՝ իշխանությունները շարունակում են մնալ հավատարիմ կոռուպցիայի դեմ պայքարին և իրենք էլ, կարծես, չեն կոռումպացվում: Միակ մեծ հարցականն այս առումով նախկին օլիգարխ Սամվել Ալեքսանյանի մեծածախ մատակարարումները ոչ ամբողջությամբ ստվերից հանելու իրողությունն է, որն այնպիսի ծավալների է հասնում, որ առանց իշխանությունների թողտվության դա հնարավոր չէր լինի անել: Արդյունքում մյուս արտադրողներն ու ներկրողները, որոնք մանրածախին մթերք են մատակարարում, հայտնվել են անհավասար պայմաններում: Ես ահազանգել եմ այդ մասին դեռ 40-50 օր առաջ, ապա մեկ անգամ ևս 10 օր առաջ՝ նշելով, որ մանրածախ առևտրի կետերից տեղեկություն ունեմ, որ այդ գործարարին պատկանող ընկերությունները մատակարարումների մի մասն անում են առանց փաստաթղթավորման, ինչը նաև դժվարություն է ստեղծում մանրածախ առևտրի համար՝ բոլոր վաճառվող ապրանքների վրա ՀԴՄ խփելու պահանջը կատարելու առումով: Սակայն իրավիճակը համառորեն չի փոխվում: Իսկ դա նշանակում է, որ Սամվել Ալեքսանյանը շարունակում է մնալ օլիգարխ, այսինքն՝ իշխանություններին սերտաճած և նրանց հովանավորչությունից օգտվող խոշոր բիզնես:

Բացի այդ, անհրաժեշտ է ինստիտուցիոնալացնել քաղհասարակության հետ համագործակցությունը, ինչպես դա արվեց Վրաստանում: Այստեղ ևս մեծ ներուժ կա բարեփոխումների արագացման ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը գնում է իրականացնելու տնտեսական հեղափոխություն: Արդյոք սկսե՞լ է: Դուք նկատո՞ւմ եք: Կա՞ ծրագիր, քայլերի հաջորդականություն, որով իրականացվում է ՀՀում տնտեսական հեղափոխությունը:

— Նման կադրերով, որոնք իր շուրջ հավաքել է Նիկոլ Փաշինյանը, ամենամեծ ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ իրականացնել տնտեսական հեղափոխություն, այսինքն՝ այնպիսի սրընթաց փոփոխություններ տնտեսության մեջ, որոնք կապահովեն թռիչքաձև զարգացում երկրի համար: Ցավոք, անգամ վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը կադրային հարցում շարունակում է առաջնորդվել նախևառաջ անձնական համակրանքներով և հակակրանքներով, հին հաշիվներով, արդյունքում փայլուն տնտեսագետներ անգամ հասարակական հիմունքներով խորհրդատուների կարգավիճակով չեն հրավիրվում կառավարություն: Դե գոնե թող արտասահմանից առաջատար մասնագետների հրավիրի: Թեկուզ եթե դա շատ թանկ արժենա: Խոսակցություն կար, որ Աճեմօղլուն 300.000 դոլար վարձատրություն էր ուզել վարչապետի խորհրդական աշխատելու համար: Չգիտեմ՝ որքանով էին այդ լուրերն իրականությանը համապատասխանում, բայց անգամ եթե այդպես էր, կարծում եմ՝ կարելի էր այդ գումարը վճարել նրան՝ վստահ լինելով, որ նրա խորհուրդները կարող էին տասնյակ միլիոնավոր դոլարների օգուտ բերել երկրի տնտեսությանը: Էլ չեմ խոսում այն մասին, որ Աճեմօղլուի մուտքը Հայաստան կտրուկ կբարելավեր ներդրումային մթնոլորտը երկրում, մեծ հեղինակություն կբերեր իշխող վարչախմբին:

ՀՀ վարչապետն օրերս նաև ԵԽԽՎ ամբիոնից հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, որ ավելի քան 50 հազար աշխատատեղ է ստեղծվել և դուրս եկել ստվերից: Մինչդեռ ԱՎԾ վիճակագրությունը կոնկրետ գործազրկության ցուցանիշի վերաբերյալ նման առաջընթաց արձանագրող թվային տվյալ չի հրապարակել: Սա թվերի մանիպուլյացիա՞ էր, որ արեց վարչապետը ԵԽԽՎ բարձր ամբիոնից, թե՞ ձեռքբերում:

— Ես էլ եմ տարակուսած այս թվից: Թեև նա հատուկ շեշտեց, որ խոսքը ոչ միայն նոր ստեղծված, այլև ստվերից դուրս հանված աշխատատեղերի մասին է: Բայց անգամ այդ պարագայում դրանք պետք է արտացոլվեին ԱՎԾ տվյալներում: Ամեն դեպքում չեմ ուզում շտապել: Սպասենք կառավարության պարզաբանումներին:

Նիկոլ Փաշինյանն ունի մեծ հեղինակություն, բայց Սերժ Սարգսյանի համար կարված Սահմանադրությամբ է երկիրը ղեկավարվում: Սա վտանգներ պարունակո՞ւմ է իր մեջ:

— Իհարկե պարունակում է: Հակակշիռները պետք է կրեն ինստիտուցիոնալ բնույթ: Այսօր Նիկոլ Փաշինյանն ունի բավարար հեղինակություն և չի չարաշահում սահմանադրությամբ իրեն վերապահված լայն լիազորությունները: Սակայն պետական համակարգի հավասարակշռությունը, կայունությունը, ժողովրդավարությունը չպետք է կախված լինեն մեկ անձի կամքից: Պարզ չէ, թե ինչպես նա կվարվի մեկ-երկու տարի հետո, եթե, օրինակ, այնպես ստացվի, որ իր լեգիտիմության աստիճանը շոշափելիորեն նվազի: Սահմանադրությունը, ի վերջո, պետք է փոխվի, ոչ միայն այն բանի համար, որ այն իշխանության գերկենտրոնացում է ապահովում մեկ անձի՝ վարչապետի ձեռքերում, այլև այն կարևորագույն պատճառով, որ վերջապես պետք է ունենանք ժողովրդի կողմից ընդունված սահմանադրություն: Այլ հարց է, որ, իմ խորին համոզմամբ, դա պետք է տեղի ունենա անցումային արդարադատության մեխանիզմների գործուն ներդրումից և դատական համակարգը նախկինի մնացուկ կոռուպցիոներներից մաքրելուց հետո:

— Մեր երկրում հիմա կա՞ ն հստակ սահմանազատված իշխանություններ և ինստիտուտներ: Երկրի խորհրդարանը, դատական իշխանությունն ի վիճակի՞ են արդյոք իրականացնել սահմանադրորեն իրենց վերապահված իշխանությունը, եթե այո, ապա որքանո՞վ, եթե ոչ, ապա ինչո՞ւ: Եթե ոչ, ապա ինչպե՞ս են գործում հիշյալ իշխանությունները:

— Ինչպես արդեն նշեցի, այսօր միակ գործունակ իշխանությունը կառավարությունն է: Ազգային ժողովը դեռ ցույց չի տվել, որ կարող է ինքնուրույն կարևոր որոշումներ կայացնել, այլ ընդամենը կառավարության նախաձեռնությունները դակող մարմին է, այն է՝ կցորդը: Դեռ լավ է գոնե, որ կառավարության նախաձեռնություններն ուղղված են երկրում արմատական բարեփոխումների իրագործմանը: Բայց ամեն դեպքում, նոր օրենքների որակը տուժում է ԱԺ-ում բարձր պրոֆեսիոնալ մակարդակի քննարկումների պակասից: Դատական իշխանությունն ընդհանրապես չի կատարում իր գործառույթը՝ արդարադատության իրականացումը: Ակնհայտ է, որ այն պետք է մաքրել հին կադրերից, իսկ մինչ այդ՝ գործի դնել անցումային արդարադատությունը:

Վերջապես, երկու խոսք էլ կուզեի ասել չորրորդ իշխանության մասին: Այն, ինչը տեղի է ունենում մեր մամուլում, այլ կերպ, քան վակխանալիա, անվանել չեմ կարող: Ակնհայտ է, որ նախկին իշխանություններին ներկայացնող պետական հանցագործները միլիոնավոր դոլարներ են ծախսում մամուլի միջոցով հասարակության մեջ արհեստական օրակարգերով ցնցումներ հրահրելու համար, որպեսզի թուլացնեն իշխանություններին և այդպիսով խուսափեն պատասխանատվություն կրելուց իրենց թալանի ու սպանությունների համար: Գործի է դրվում ցանկացած միջոց՝ սուտը, վիրավորանքները, ապատեղեկատվությունը, մանիպուլյացիան, վարկաբեկման փորձերը, քաղաքացիների վախերի՝ ֆոբիաների շահագործումը: Իշխանությունների դեմ բազմաթիվ ԶԼՄ-ներում, այդ թվում հեռուստաընկերություններով, նախկինների և նրանց խամաճիկների ծավալած գարշելի արշավը պարզապես սրտխառնոց է առաջացնում: Այս ֆոնին պարզապես կորչում է իրապես անկախ լրատվամիջոցների և քաղաքական ուժերի՝ իշխանություններին ուղղված կառուցողական քննադատությունը: Նախկինում իրենց գործունեության, իրենց թալանի ու ապաշնորհ կառավարման հետևանքով երկրում գաղջ մթնոլորտ ստեղծած ուժերն այժմ թալանած միլիոնների գործադրմամբ փորձում են հեղափոխությունից հետո վերացած այդ նույն գաղջ մթնոլորտը վերականգնել մեդիա-մանիպուլյացիաների և ֆեյքերի միջոցով: Կարծում եմ՝ այս արշավին դիմագրավելու գործուն մեխանիզմներ է անհրաժեշտ կիրառել:

 

Հարցազրույցը՝ Ք. Մկրտչյանի

Ավելին
Back to top button