Նորություններ

Ինչո՞ւ եք հագել Սերժ Սարգսյանի կոստյումը. Մարուքյան

Դուք նշում եք բոլոր այն հանգամանքները, որոնք արատավոր են եղել, բայց այս նախագծով չեք փոխել այդ երևույթները: Այսօր  ԱԺ-ում կառավարության կառուցվածքի քննարկման ժամանակ ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով «իմ քայլի» իր գործընկերներին:

Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն ինքը այս կառավարման համակարգը համարում էր «Սերժ Սարգսյանի կոստյում»:

Ապա Մարուքյանը ԱԺ ամբիոնի մոտ հանեց իր կոստյումը եւ բացատրեց.

«Հիմա դուք բերել եք նախագիծ, որով առաջարկում եք այս կոստյումի կոճակներից երկուսը հանել, մյուս կողմից էլ երկու կոճակ եք հանում ու ասում եք՝ այս կոստյումը մենք այսպես հագնում ենք, սա լավ կոստյում է»,- ասաց Մարուքյանը:

Նա ընդգծեց՝ այս կոստյումը, որը կարվել էր, չի փոխվել և այդ սուպերվարչապետական համակարգը մնացել է ուժի մեջ:

«Ինքը՝ վարչապետն այս ամբիոնից ասել է՝ գտնում եմ, որ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ, հետևաբար մտնելու են կառավարության կառուցվածք»: Հիմա այդ նույն նախաձեռնությամբ հանդես է գալիս ԼՀԿ-ն:

«Ձեր ներկայացրած համակարգը Սերժ Սարգսյանինն  է, կոստյումից երկու կոճակ եք հանել, հենց գիտեք թե բան եք փոխել: Եվ էդ երկու կոճակը հանելով՝ վարչապետը մնացել է ոստիկանության պետը, մնացել է ԱԱԾ պետը, վարչապետը մնացել է ՊԵԿ-ի պետը և չկա այլ քաղաքական պատասխանատու օղակ, որը կկրի պատասխանատվություն նշված մարմինների համար»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը:

 «Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի խոստումը չեք կատարում և ի՞նչն է պատճառը, որ հեղափոխությունից արդեն մեկ տարի անց դուք հագել եք Սերժ Սարգսյանի կոստյումը, ինչո՞ւ եք այդ կոստյումը հագել, ո՞ւմ է պատիվ բերում այդ կոստյումը»:

Back to top button
Close