Նորություններ

«Վերջին 3-4 տարիների ընթացքում պատմականորեն ցածր մակարդակի վրա են ԱՄՆ-ի հետ Հայաստանի հարաբերությունները, երբեք նման ցածր մակարդակի վրա չի եղել». Սուրեն Սարգսյան

Վաղը ԱՄՆ-ում տեղի կունենա նախագահական ընտրություններ, որը 59-րդ է ԱՄՆ-ի պատմության մեջ։ Ընտրողները պետք է ընտրեն նախագահական ընտրիչներին, որոնք իրենց հերթին 2020 թվականի դեկտեմբերի 14-ին կընտրեն նոր նախագահին և փոխնախագահին, կամ կվերընտրեն գործող նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Մայք Փենսին:

ԱՄՆ նախագահի թեկնածուներն են՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ԱՄՆ 47-րդ փոխնախագահ Ջո Բայդենը:

Ընտրությունների հաղթողի երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2021 հունվարին:

Թեմայի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ:

«Վերջին 3-4 տարիների ընթացքում պատմականորեն ցածր մակարդակի վրա են ԱՄՆ-ի հետ Հայաստանի հարաբերությունները, երբեք նման ցածր մակարդակի վրա չի եղել, և օրակարգի բացակայություն չենք ունեցել, ինչը ունենք այսօր: Մենք հանրապետականների հետ մանավանդ վերջին շրջանում աշխատել չկարողացանք»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Սուրեն Սարգսյանը:

Միջազգայնագետի կարծիքով՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ Հայաստանի աշխատանքը «տապալված» է:

Սարգսյանի խոսքով՝ մենք ձևավորված կարծիք ունենք, որ դեմոկրատների հետ ավելի լավ ենք աշխատել կամ աշխատելու, քան հանրապետականների.

«Հետևաբար Ջո Բայդենի հետ ավելի հեշտ է լինելու, քան Դոնալդ Թրամփի: Սրա պատճառներից մեկն այն է, որ ԱՄՆ հայ համայնքը հիմնականում բնակվում է դեմոկրատական նահանգներում, հետևաբար առավել մեծ ազդեցություն ունի դեմոկրատ օրենսդիրների վրա:

Հանրապետական վարչակազմերը, հետևաբար նաև Թրամփը նույնքան կարևոր են, որքան ցանկացած դեմոկրատ նախագահ»,- ասում է Սուրեն Սարգսյանը:

Միջազգայնագետի կարծիքով՝ պետք չէ ակնկալել, որ ընտրություններից հետո ԱՄՆ-ի դիրքորոշումը կարող է փոխվել, և Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիային հասցեական գնահատական կտրվի.

«Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի համանախագահ միջնորդ երկիր է, և չեմ կարծում, որ դիրքորոշումը այդ հարցում փոխվելու է, այլ հարց է, որ Թուրքիայի նկատմամբ առավել կոշտ քաղաքականություն լինի Ջոն Բայդենի ընտրվելու դեպքում, բայց մեծ հաշվով Ջո Բայդենի ընտրվելու դեպքում մեր տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության էական փոփոխություններ չեն կանխատեսվում»,- ընդգծեց Սարգսյանը:

Սուրեն Սարգսյանը չի բացառում, որ ԱՄՆ-ում ընտրություններից հետո կլինեն հետընտրական ցնցումներ՝ մատնանշելով 2016թ. օրինակը:

Հիշեցնենք, որ 2016թ. ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունեցել նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի դեմ:

 

 

Back to top button
Close