Նորություններ

«Թուրքիայի նախագահ Էրդողանը 2. 8 մլրդ. եվրո է տրամադրել եվրոպական լրատվամիջոցներին, որպեսզի նրանք չլուսաբանեն Արցախում տեղի ունեցող դեպքերը». բելգիաբնակ իրավապաշտպան

«Բոլորս  էլ տեղյակ էինք, որ վաղ թե ուշ պատերազմը վերսկսելու է։ Հատկապես հուլիսյան մարտերից հետո Ադրբեջանի ու Թուրքիայի աննախադեպ դարձած ռազմատենչ հայտարարությունները հենց դա էին հաստատում։ Երբ սեպտեմբերի 27-ից պարզ դարձավ, որ այս պատերազմը ոչ միայն Ադրբեջանն է սանձազերծել, այլ նաև սրանում ակտիվ մասնակցություն են ունենում Թուրքիայի միջոցով  ռազմական գործողություններին մասնակցող վարձկան ահաբեկիչները, մենք Սփյուռքում ապրողներս մտածեցինք, որ օրենքի գերակայությամբ  հայտնի երկրում ենք ապրում և պետք է ամեն կերպ մեր ձայնը հասանելի դարձնենք  միջազգային ատյաններին,-  «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է «Աշխատողների ազգային կենտրոն» (CNE) իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ, բելգիաբնակ Սարգիս Սիմոնյանը և հավելում,- սկզբում մտածում էինք, որ բողոքի խաղաղ ակցիաները  մեր ձայնը տեղ հասցնելու ամենաճիշտ մեթոդը կլինի, ճանապարհներ էին փակում, ֆլեշմոբեր էին անում և այլն։

Անշուշտ, այս մեթոդները  օգնեցին ուշադրություն գրավել։ Այս առումով հատկապես արդյունավետ էր հոկտեմբերի 17-ի ցույցը, որի ընթացքում համայնքը  Արցախի ճանաչման հարցով  ստորագրահավաք նախաձեռնեց, ստորագրեցին նաև քաղաքապետը, պետական համալսարաններում օրենք և քաղաքագիտություն դասավանդող պրոֆեսորներ և այլն։ Սարգիս Սիմոնյանը նկատում է՝ պաշտոնական ստորագրահավաքը ևս շատ կարևոր հանգամանք է, բայց հիմա մեզ համար առաջնային տեղում է Արցախի ճանաչման և ավելի քանի մեկ ամիս տևող ահաբեկչական ուժերի դեմ տարվող պատերազմի օրենսդիր մարմնին՝ եվրոխորհրդարանին ռեալ հասցնելը։ Այս նպատակով առաջիկա չորեքշաբթի հանդիպում է ունենալու։ «Մեծ դժվարությամբ, բայց մեզ հաջողվեց հանդիպում վերցնել եվրոխորհրդարանի  արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի աշխատակազմի հետ»,- նշում է գործիչը։

Ինչո՞ւ է լուռ  ժողովրդավար և իրեն իրավունքների պայքարի ոլորտում ազատամարտիկ հռչակած Եվրոպան, այն պարագայում, երբ ավելի քանի մեկ ամիս աշխարհի մի կետում փաստացի անհավասար պայքարի արդյունքում  անմեղ մարդիկ են զոհվում։ Հարցին բելգիաբնակ Սարգիս Սիմոնյանը, ով միջազգային դաշինքի անդամ է և Հայաստանի ու  Արցախի շահերին է պաշտպանում միջազգային ատյաններում, պատասխանում է՝ լռությունը հարաբերական է.«Եվրոպայում ապրող մարդիկ լուռ չեն։ Լուռ է քաղաքական վերնախավը։ Բայց մենք փնտրեցինք ու գտանք նաև դրա ելքը։ Միակ միջոցը, որով եվրոխորհրդարանում լսելի կլինի մեր ձայնը այն է, որ մենք նրանց դիմելուց համագործակցենք  ոչ պետական  միջազգային դաշինքների հետ, որոնցից մեկի անդամն էլ ես եմ։ Այդ լռությունը, որի մասին դուք հարցնում եք, մի քանի պատճառներ ունի։ Մի օրինակ բերեմ՝ երբ մենք խաղաղ ցույցեր էինք  նախաձեռնում և կատարում, ամեն ցույցից առաջ  լրատվամիջոցներին մամուլի հաղորդագրություն էինք  ուղարկում, որում մանրամասն ներկայացված էր, թե ցույցն ինչ առիթով է կազմակերպված, հանուն ինչի ենք մենք դուրս եկել փողոց։ Բելգիայում գործող բազմաթիվ լրատվամիջոցներից միայն մի քանիսն էին լուսաբանում դրանք, մեծ մասը չէին գալի։ Պատճառը պարզ էր՝ Բելգիայում գործող թուրքական կազմակերպությունները կաշառել են գլխավոր լրատվամիջոցներին, որպեսզի նրանք չլուսաբանեն Արցախում տեղի ունեցող դեպքերը, որի մասին էլ մենք բարձրաձայնում ենք մեր խաղաղ ցույցերի ընթացքում։ Այդ մասին բացահայտ հայտարարվել է նաև տարբեր հարթակներում՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը  2.8 մլրդ. եվրո է տրամադրել եվրոպական լրատվամիջոցներին, որպեսզի նրանք լռեն, կամ միայն ֆեյք լուրեր տարածեն։ Այնպես որ, լռության պատճառները շատ են։   Կովկասի պարագայում Եվրոպայում սա ընդունված պրակտիկա է։ Նրանք կլռեն այնքան, մինչև Ռուսաստանն ինչ- որ բան կասի, հետո կծափահարեն Ռուսաստանին»։

Ի՞նչ արժեքներ է դավանում այսօր  ժամանակակից Եվրոպան, ի՞նչն է կարևոր և ի՞նչն անկարևոր ժողովրդավար Եվրոպայի  արժեքային համակարգում։ «Աշխատողների ազգային կենտրոն» (CNE) իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ, բելգիաբնակ Սարգիս Սիմոնյանը, ով նաեւ միջազգային դաշինքի անդամ է եւ Հայաստանի ու Արցախի շահերն է պաշտպանում միջազգային ատյաններում նկատում է՝  օրերս եվրոխորհրդարանը հայտարարեց, թե կաջակցի Մակրոնի բռնած դիրքորոշումը։ Հիմա պետք է հասկանալ, թե ի՞նչ է նշանակում աջակցել նախագահ Մակրոնին.«Հիմա սա նշանակում է, թե Մակրոնն ինչ որոշի, եվրոխորհրդարանը պետք է անվերապահ համաձայնվի՞ նրա հետ։ Եթե դա այդպես է,  ապա նշանակում է, որ եվրոխորհրդարանը ձայնի իրավունք չունի՞… Սա միանշանակ սխալ մոտեցում է։ Ընդհանուր առմամբ այնպիսի տպավորություն է, որ դեմոկրատ Եվրոպայում նյութական շահը շատ ավելի գերակա է, քան մարդու իրավունքը։ Թուրքիան ու Ադրբեջանը եվրոպական և միջազգային կարգի  անհաշվելի թվով  կազմակերպություններ են գնել, սրանով ապահովելով իրենց շահի հաստատումը։ Սա նույնիսկ անհավատալի է, բայց փաստ,  որ ամեն տեղ նրանք իրենք մարդիկ ունեն»,- ասում է իրավապաշտպան Սարգիս Սիմոնյանը։

Եվ, ի վերջո, ի՞նչ սպասել Եվրոպայից, կամ ո՞րն է ստեղծված իրավիճակում Բելգիայում ապրող հայ համայնքի առաջնային գերխնդիրն այս պահին.«Առաջնային պահանջներից մեկը լինելու է այն, որ եվրոխորհրդարանը լիազորված մարդիկ գործուղի Արցախ, որպեսզի նրանք տեղում՝ ականատեսի աչքերով ֆիքսեն այն ամենն, ինչ կատարվում է այնտեղ։ Նկատենք, որ այդ աշխատանքը Գերմանիայի խորհրդարանն արդեն իսկ կատարել է։ Եվրոպան պետք է հստակ գիտակցի, որ այսօրվա դրությամբ ինքը նույնպես վտանգված է։ Այն, ինչ տեղի ունեցավ տարեսկզբին, երբ Հունաստանի պետական սահմանները փորձում էին հատել վարձկան ահաբեկիչները, դրա վառ ապացույցներից մեկն է։ Նաև այն, ինչ վերջին օրերին տեղի է ունենում Ֆրանսիայի ներսում։ Այս ամենն Էրդողանի գործելաոճն է։ Նա զենք  այլևս չի կիրառում, դրա փոխարեն իր կողմից վարձված ահաբեկիչներին է, որպես զենք օգտագործում՝ պետությունների ու քաղաքակրթության  դեմ իր սանձազերծած ցեղասպանություն հիշեցնող պայքարում։ Հետևաբար,  մեր գերխնդիրն է Եվրոպային պարզ և հասկանալի կերպով բացատրել, որ այս պատերազմը միայն Արցախի և Ադրբեջանի միջև չէ։ Այդ նույն պատերազմն արդեն իսկ սկսվել է Եվրոպայում։ Այս մասին Էրդողանը բացահայտ կերպով հայտարարեց  հրապարակային ելույթի ընթացքում՝ վիրավորելով Ֆրանսիայի նախագահ Մակրոնին։ Սա մարտահրավեր էր։ Սրա հետևանքները պարզորոշ երևում են վերջին օրերին՝ Ֆրանսիայում։ Այնտեղ ապրող Թուրքերն արդեն բացահայտ կերպով  ահաբեկում են հայերին, սպառնում նրանց կյանքին և գոյությանը»,- արձանագրում է գործիչը։

Նրա փոխանցմամբ՝ առաջնային քայլերից մեկն էլ լինելու է եվրոխորհրդարանում  հենց այս վտանգի մասին ինֆորմացիան ամբողջ ծավալով առաջ տանելը։ «Եթե նրանք շարունակելու են տուրք տալ ֆինանսական նպատակահարմարությանը, ապա սա հավասար չափով  դառնալու է նաև  նրանց պատերազմը։ Ինչ վերաբերում է բուն Արցախի հարցին՝ վերջերս ես առիթ ունեցա կարդալու մարդու իրավունքների դատարանին տված ցուցմունքները և դրա հիման վրա նրա ընդունած որոշումները։ Շատ ցավալի է, որ դեռևս 90 ականներին չեն ներկայացվել այն ապացույցները, որոնց հիման վրա  բազմաթիվ հայորդիների արյան գնով ազատագրված տարածքներով Արցախը կարող էր ճանաչվել որպես անկախ պետություն և այդ հարցն ընդմիշտ կփակվեր»,- ասում է իրավապաշտպանը ու ավելացնում, որ մեծ դժվարությամբ, միջազգային անկախ  դաշինքի միջնորդությամբ, որի անդամն եմ նաև ինքը, հաջողվել է դուռ բացել դեպի եվրոխորհրդարան։ Արդեն ժամանակն է դադարեցնելու  փողոցային ակցիաներն ու անցնել իրավական դաշտ։

«Երկու օրից ես այնտեղ հանդիպելու եմ  ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի աշխատակազմի հետ։ Քննարկվելու են Արցախում վերջին ավելի քան մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցող իրողությունները՝ բացառապես փաստերի լեզվով։  Այդ փաստերը, փաստաթղթավորված ես  կստանամ Բելգիայում Հայաստանի դեսպանից։ Ինչ ենք ակնկալո՞ւմ եվրոխորհրդարանից՝ միանգամից ասեմ, որ այստեղ խիստ դիվանագիտական մոտեցման հարց կա։ Պետք չէ ակնկալել, որ այդ կառույցը միանգամից և անհապաղ կլուծի մեր առջև ծառացած բոլոր խնդիրները։ Բայց դրանց ճշգրիտ և համակարգված ներկայացնելու պարագայում, մենք կհասնենք խնդիրների աստիճանակարգված լուծումներին, ինչին է պետք է ձգտել,  գործի դնելով իրավական ամեն ջանք։ Շատ կարևոր է փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծել, որը հետագայում կտա իր ցանկալի արդյունքը։ Այդ հանդիպմանը, մասնավորապես, կխոսվի ադրբեջանական կողմից կիրառության մեջ դրված  արգելված զինատեսակների հարցը, այդ թվում՝ կասետային և սպիտակ  ֆոսֆորով զինամթերքը, որը հումանիտար աղետ է ստեղծում Արցախում՝ ինչպես մարդկային, այնպես նաև էկոլոգիական տեսանկյունից։ Եվ վերջապես, այս զրույցն ուզում եմ սահմանափակել հետևյալով՝  ես հանդիպման մասնակիցներին  պարզ կերպով հասկացնելու եմ, որ հանդես եմ գալիս որպես միջազգային կառույցի իրավապաշտպան, ով ներկայացնում է մարդկանց և կոնկրետ երկրի շահերը և այն որոշումը, որ նրանք կընդունեն այդ հանդիպումից հետո, այդ մասին կտեղեկանա 10 մլն. կազմող ողջ Սփյուռքը, որովհետև այդ մարդիկ սպասելու են այս հանդիպման արդյունքում եվրոպական դատարանի կայացրած որոշմանը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է «Աշխատողների ազգային կենտրոն» (CNE) իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ, բելգիաբնակ Սարգիս Սիմոնյանը, ով նաեւ միջազգային դաշինքի անդամ է եւ Հայաստանի ու Արցախի շահերն է պաշտպանում միջազգային ատյաններում ։

Փաստինֆո

Back to top button
Close