Նորություններ

«Երբ քո աչքով ես տեսնում՝ ընկերոջդ արյունը ոնց է թափվում էդ հողին, էդ հողը ավելի սուրբ է դառնում քեզ համար». Արցախի հերոս Էդգար Մարկոսյան

«Մենք այս պատերազմում միանշանակ պիտի հաղթենք, թեկուզ մինչև վերջին շունչը կռվելով, որովհետև այս հարցին պետք է վերջնական լուծում տալ, սերնդեսերունդ Արցախի հարցը ձգձգելը սխալ է». սա Արցախի հերոս 23-ամյա Էդգար Էդվարդի Մարկոսյանի խոսքերն են:

Հիշեցի՞ք Էդգար Մարկոսյանին… լուրջ դեմքով ու համեստ ժպիտով տղան, ով Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի ժամանակ Թալիշի ուղղությամբ խոցել է թշնամու 10 տանկ՝ ամուր պահելով իրեն վստահված հատվածը։

Արցախի հերոսը ողնաշարի հատվածում ստացել է վնասվածք, տեղափոխվել Երևան, Էդգարը դեռևս շարունակում է բուժվել, բայց ասում է՝ էլ չեմ դիմանում. ուշք ու միտքս Արցախում է, շուտ լավանամ, գնամ հասնեմ տղերքին:

Էդգարը տանեցիներին ասել է, որ ինքը չի կռվում, թիկունքում է, բայց հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Էդգարի «սուտը» բացահայտեց. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Էդգար Մարկոսյանը արժանացել է «Արցախի հերոս» բարձր կոչման՝ պարգևատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով:

Մասնագիտությամբ կիբերնետիկ Էդգար Մարկոսյանը ժամկետային զինծառայող է: Ծնվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, բայց 5 տարեկանից ընտանիքով տեղափոխվել են Երևան:

Հերոսը անվճար հիմունքներով ավարտել է Պոլիտեխնիկական համալսարանը, բակալավրն ավարտելուց հետո դիմել է մագիստրատուրա, բայց հրաժարվել է տարկետումից:

Էդգար Մարկոսյանը իր մասին շատ չի խոսում, ասում է՝ ցանկացած հաջողության հետևում թիմային աշխատանքն է:

«Իհարկե բոլորի մեջ էլ վախը կա, որովհետև տեսնելով, թե ինչ է կատարվում, առնվազն անգիտակից պետք է լինես, որ չվախենաս: Ուղղակի պիտի ազդեցություն ունենաս վախիդ վրա ու չթողնես, որ ինքը քեզ հաղթի: Ասեմ, որ հեշտ չի եղել տանկի դիմաց դուրս գալ՝ ճակատ ճակատի, որովհետև կամ դու ես, կամ ինքը, որ մեկդ առաջին կրակոցը վրիպեց, որովհետև 2-րդի հնարավորությունը չի տալիս դիմացինը:

Առաջնագծում կռվող զինվորը ամեն ինչ անում է՝ դրանք հաղթահարելով, մտածում միայն հայրենիքի ու ընտանիքի պաշտպանության և իր առջև դրված մարտական խնդիրը մաքսիմալ արդյունավետությամբ կատարելու և հաղթելու մասին։

Եթե պատերազմ է, ուրեմն հույսը զինվորն է, պիտի կռվի ու առաջ գնա, այնքան, մինչև հասնի հաղթանակի:

Զինվորը միայն մտածում է առաջ գնալու մասին. ի՞նչ դիվանագիտական կամ քաղաքական լուծում, դրանց ժամանակը մինչև կռիվն է, եթե բանը հասնում է զենքով լուծմանը, ապա վերջ, դիվանագիտությունը պիտի քաշվի մի կողմ, որ զինվորը առաջ գնա»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասում է Արցախի հերոս Էդգար Մարկոսյանը:

Արցախի հերոսն ասում է՝ հայկական բանակի միակ ու անփոխարինելի հզոր զենքը, ի տարբերություն մյուս բանակների, հայ զինվորն է, ով ունի մարտական ոգի, խելք, նպատակ:

«Եթե մարդը ունի նպատակ, ուրեմն այդ մարդուն անհնար է կոտրել անգամ կյանքի գնով:

Զինվորը գիտի, որ այսօր ճակատում կանգնած է իր ընտանիքի ու իր հայրենիքի համար, և ինքը գիտի, որ թշնամին եթե առաջ եկավ, գնալու է ու հասնելու է իր տուն, և դրա համար ինքը կյանքի գնով է պահում տունը, որը այս դեպքում հայրենիքն է: Երբ քո աչքով ես տեսնում՝ ընկերոջդ արյունը ոնց է թափվում էդ հողին, էդ հողը ավելի սուրբ է դառնում քեզ համար, և դու էլ, քո կյանքի գնով էլ լինի, չես թողնի, որ թշնամին ոտք դնի այդ հողի վրա»,- ասում է Էդգարը:

Արցախի հերոսին հարցնում եմ՝ ի՞նչ զգացողություն է Արցախի հերոս լինելը՝ բացի հպարտությունից և պատասխանատվության զգացումից, ասում է.

«Շատ մեծ պատիվ է, ոգևորեցնող է, որովհետև քիչ մարդկանց է այդ կոչումը շնորհվում… բայց հաստատ կարող եմ ասել, որ սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվոր, ով չի ընկճվում, ու իր դուխը չեն կարող կոտրել ու չեն կարող ստիպել, որ նահանջի, ինքը արդեն հերոս տղա է»,- եզրափակեց Էդգար Մարկոսյանը:

 

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close