Նորություններ

«Մարտերի ժամանակ այնպես է, ինչպես աշխատանքի ժամանակ, կենտրոնանում ես պրոցեսի վրա, որ լավ կատարես, ընթացքում էլ մտածում ես՝ ամեն ինչ անես, որ կենդանի մնաս». Սեյրան Մարգարյան

Սեյրան Մարգարյանի մարտական մկրտությունը եղավ 2016թ., ապրիլյան քառօրյա պատերազմում: Սեյրանը ապրիլյան պատերազմի ժամանակ պարտադիր ժամկետային զինծառայող էր: Ասում է՝ ապրիլյան պատերազմին «բախտ վիճակվեց» մասնակցել մարտական գործողություններին և ներդրում ունենալ պետականաշինության գործում:

Սեյրան Մարգարյանը Լոռվա մարզի Ալավերդի քաղաքից է. սովորում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում:

Պատերազմի մասին իմանալուց հետո առանց երկար-բարակ մտածելու ընկերների հետ կապվել է, որպեսզի պայմանավորվեն և մեկնեն առաջնագիծ. իրենց պատերազմը դեռ չի ավարտվել, առաջնագիծ են մեկնում իրենց հաղթանակի հետևից և սերնդեսերունդ փոխանցվող կոնֆլիկտին վերջնական լուծում տալու համար, այն գիտակցումով, թե ո՞վ պետք է կռվի, եթե ոչ մենք, ապա ո՞ւմ վրա պետք է հույսներս դնենք:

«Ամսի մեկից մինչև 13-ը հյուսիսային թևում ենք եղել, ինչպես մյուս զինվորները, այնպես էլ մենք… մինչև մեր հերթափոխի օրը, այսինքն գալիս ենք Հայաստան:

Երբ իմացանք, որ պատերազմ է, տպավորություն էր, որ այդ ամեն ինչը մեզ համար փորձված մի բան է, և որոշեցինք մասնակցություն ունենալ, որովհետև արդեն քառօրյա պատերազմին մասնակցություն ենք ունեցել և հմտություններ ենք ձեռք բերել:

Ես գիտեի՝ ուր եմ գնում և ինչի համար եմ գնում և ինչ կարող եմ անել ռազմաճակատում, այդ հարցերի պատասխանը ես իմ մեջ ստացել եմ:

Ընտանիքում որոշմանս մասին չեն իմացել, ես իրենց չեմ ասել՝ ուր եմ գնում, ինչի եմ գնում, երբ եմ գալու (նույնն էլ հայրս արեց. պապաս Թումանյանի շրջանի ԵԿՄ նախագահն է)»,- պատմում է կամավորը:

Սեյրան Մարգարյանի ընտանիքում 3 սերունդ կռվել և կռվում են Արցախի համար: Սկզբում պապն է կռվել, հետո անավարտ կռիվը անցել է հորն ու որդուն:

Սեյրանն ասում է, որ թիկունքից եկած ցանկացած ուշադրություն, դա կլինի տաք հագուստ, սնունդ կամ նամակ, բարձրացնում է զինվորի մարտական ոգին:

«Ինձ համար այդ ամենը սովորական բան է, ապրիլյանի ժամանակ, երբ մեզ էին ուղարկում, դա այն ժամանակ անսովոր էր մեզ համար:

Տղերքը ոգեշնչվում են. դա ստիպում է հասկանալ, որ դու մենակ չես և կողքիդ ամուր թիկունք ունես, այդ ամենը մի այլ կարգի է դուխ տալիս և ստիպում անել առավելագույնը. ոչ մի հետ քայլ անելու սկզբունքով»,- ասում է Սեյրանը:

Կամավորի խոսքով՝ առաջնագծում կռվող զինվորին անպարտ է դարձնում հայի ոգին և մեր պատմությունը:

«Մեր պատմության մեջ մենք միշտ հաղթական և հերոսական դրվագներ ենք ունեցել. մեր ամբողջականության և ժողովրդի միասնականության շնորհիվ: Առաջնագծում կռվող զինվորը, իմանալով իր պատմությունը, թե Արցախ աշխարհը ինչպես է մեզ տրվել և 30 տարիների ընթացքում արյան գնով է պահվել, այդ ամենը գիտակցելով՝ շարունակում է հարազատների սրբազան գործը:

Ամենադժվարը այն է, որ մտածում ես՝ կարող է գա մի պահ, որ իմ կանգնած տեղը, իմ կողքին կանգնած զինակից ընկերը, մի խոսքով, այդ ամենը էլ իրականություն չլինի, այդ միտքը անընդհատ հետապնդում է:

Մարտերի ժամանակ այնպես է, ինչպես աշխատանքի ժամանակ, ամբողջովին կենտրոնանում ես պրոցեսի վրա, որ լավ կատարես, ընթացքում էլ մտածում ես՝ ամեն ինչ անես, որ կենդանի մնաս:

Մեզ այնտեղ պահում է մեր հավատը, մեր հայրենասիրությունն ու մեր տված երդումը՝ մինչև արյան վերջին կաթիլը պիտի սուրբ հողդ պահես:

Մեր հաղթանակը պետք է լինի մեր հավատի շնորհիվ, և հաղթանակի նշաձողը սահմանելիս հույսը դնենք Աստծո վրա և մեր ուժերի վրա: Մենք պարտվելու իրավունք չունենք»,- եզրափակեց Սեյրան Մարգարյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close