Նորություններ

«Էս պահերին ես միայն իմ զինվորների մասին եմ մտածում, ովքեր իմ աչքի առաջ կյանքի և մահվան դեմ են կռվում, և ես պարտավոր եմ նրանց կյանքը գոնե մեկ վայրկյան երկարեցնել». .զոհված փոխգնդապետ

Փոխգնդապետ 35-ամյա Դավիթ Նազարյանը զոհվել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմում, մարտական գործողությունների ժամանակ:

«Դավիթը ամուսնացած չէր, ինքը ընտրեց զինվորականի կյանքը. ավելին ասեմ՝ անգամ ծառայությունն անցկացնելու համար ընտրել էր այն տարածքը, որտեղ սարերն ու լեռներն են: Մտածում էր, որ զինվորական է, եթե ընտանիք կազմի, կնոջից հեռու լինելով կցավեցնի, իսկ այդպես արդար չէ:

Ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո Դավիթը ծառայության է անցել Քարվաճառում, Օմարում. մի խոսքով՝ մնացած բոլոր տեղանքներում, որտեղ Դավիթը ծառայել է, այդտեղ շատ դժվար պայմաններ են եղել, և բոլորը չէ, որ կկարողանային դիմանալ այդ պայմաններին: Դավիթը միշտ ամենադժվարն էր ընտրում իր ծառայության համար և մինչև վերջին րոպեն չէր զղջում իր ընտրության համար:

Երբ ասում էինք՝ Դավի՛թ, ամուսնացիր, ասում էր՝ բան չի մնացել, մի երկու տարի հետո, երկու տարուց նաև զինվորական ծառայությունն էր ավարտում:

Ասում էր՝ ծառայությունից հետո ընտանիք կկազմի, որ խիղճը հանգիստ լինի, որ ինչ-որ մեկի աղջկան իրենց տանը հարսի դերում չպահի, այլ ուզում էր կնոջը հոգատարություն տալ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Դավիթ Նազարյանի հարազատներից Կարինե Գևորգյանը:

«Դավիթը պատերազմից առաջ էլ, պատերազմի ժամանակ էլ Ջեբրայիլում էր: Պատերազմի առաջին իսկ օրից այդտեղ է եղել:

Սկզբում Դավիթից լուր չունեի, անհանգստանում էի. փորձել եմ չզանգել, կապ չհաստատել՝ գիտակցելով, որ գուցե վնասեմ, գուցե իսկապես պետք չէ, բայց չէի կարող հանգիստ նստել, զանգում էի, բայց չէի կարող կապ հաստատել:

Հետո Դավիթը զանգեց ու ասաց, որ իր հետ ամեն ինչ նորմալ է, իրենց առջև դրված մարտական խնդիրները պատվով կատարում են, տղերքի կողքին է:

Դավիթը պարտվող, նահանջող չէր, բայց վերջին օրերին արդեն արտահայտվում էր, որ էլ չի կարողանում տեսնել՝ ինչի միջով են անցնում իր զինվորները, որովհետև ինքը 20 տարի համակարգում էր, և իր համար այդ ամենը նորություն չէր, անգամ անակնկալ հարձակումները, բայց զինվորների համար չափից դուրս շատ է այն, ինչ կատարվում է։ Տանջվում էր այն մտքից, որ պիտի ծնողներին վատ լուրեր հայտնի։

Դավիթը միշտ զուսպ է եղել, երբ հարցնում էինք՝ ինչ-որ բանի կարիք ունե՞ս, երբեք չի ասել, որ ինչ-որ բանի կարիք ունի կամ վատ է զգում։ Միշտ ասում էր՝ ամեն ինչ լավ է, նորմալ, դուք ձեզ լավ նայեք: Պատերազմ է, բոլորս էլ գիտակցում ենք՝ ինչ էր կատարվում. ասացի՝ Դավիթ, քեզ ինչ-որ բան պե՞տք է, ինչի՞ կարիք ունես, ասաց՝ ոչ մի բանի կարիք չկա, նա իր զինվորների համար էր անհանգստանում, ովքեր մահվան հետ կռիվ են տալիս:

Ասաց՝ թեժ մարտեր են, պատերազմ է. ես չգիտեմ՝ հաջորդ վայրկյանին ինչ կլինի, բայց հիմա ես ողջ եմ ու իմ տղերքի կողքին եմ: Ինքը գիտեր, որ հնարավորության դեպքում պիտի զանգեր, որ ձայնը լսեինք…

Հետո կապը կորավ Դավիթի հետ, վերջին օրերին գրեց, որ Կարին, ես լավ եմ, ուղղակի բեկորային վնասվածք եմ ստացել: Մի քիչ տխրում եմ, որ նույն ուժով չեմ կարող պայքարել: Ասացի՝ էդպես չի կարելի, պիտի հոսպիտալ գնաս, ասաց, որ ժամանակ չունի և անգամ 1 րոպե չի կարող թողնել իր զինվորներին:

Դավիթը շատ սրտացավ էր և խղճով: Ռազմական համակարգում լինելով հանդերձ՝ տարիները նրան սառնասիրտ չդարձրին: Նա նույն բարի, խղճով, պարզ Դավիթը մնաց:

Նամակից հետո կապը կորավ Դավիթի հետ, իմացա, որ արդեն հոսպիտալում է։ Անկեղծ ուրախացա, որովհետև մտածեցի գոնե բժիշկների հսկողության տակ կլինի, օգնություն ցույց կտան, կբուժվի, հետո նոր կշարունակի իր պայքարը:

Հենց բեկորները հեռացնում են, Դավիթը հարմար պահը գտնում է և հոսպիտալից փախչում է, որ միանա առաջնագծում կռվող իր ընկերներին, զինվորներին. Դավիթը նրանցով էր ապրում:

Վիրավոր վերադառնում է առաջնագիծ, ջերմությունը բարձր նորից տանում են հոսպիտալ, էլի փախչում է առաջնագիծ, բայց այս անգամ թշնամին չի խնայում Դավիթին:

Դավիթը մորն ասել է՝ էս պահերին ես միայն իմ զինվորների մասին եմ մտածում, ովքեր իմ աչքի առաջ կյանքի և մահվան դեմ են կռվում, և ես պարտավոր եմ նրանց կյանքը գոնե մեկ վայրկյան երկարացնել:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին»,- պատմում է արցախյան պատերազմում զոհված հերոսի քույրը:

Դավիթը չխոսկան էր, ինքնամփոփ, բայց կյանքով լեցուն, արդարամիտ: Դավիթը բացառիկ հավատարիմ մարդ էր, բացառիկ նվիրված և բացառիկ կամքի ուժ ուներ:

«Դավիթը սիրում էր ճշտախոս և արդար մարդկանց, չէր սիրում անարդարությունը: Ինչքան էլ ինքնամփոփ էր ու թախծոտ, դրան զուգահեռ լուսավոր տեսակ էր:

Երեխաների էր շատ սիրում, ինչը գուցե պայմանավորված էր նրանով, որ արդեն 35 տարեկան էր, բայց երեխաներ և սեփական ընտանիք չուներ: Երեխաներն էլ իր հետ էին արագ կապվում: Երբ կողքից տեսնում էիր՝ ոնց է երեխաների հետ խաղում, հասկանում էիր, որ ինքը այդ պահին լիարժեք երջանիկ է»,- պատմում է Կարինեն։

«Պատերազմի առաջին իսկ օրերից վախով էի կարդում զոհված զինծառայողների անունները, որովհետև գիտեի, թե որտեղ է Դավիթը, հրաշքով կարող է փրկվել, ինչքան էլ լավ տիրապետի իր գործին: Ես գիտակցում էի, որ սա ուրիշ պատերազմ է, և այստեղ միայն հրաշքով կարելի է փրկվել:

Շատ դեպքերում չէի նայում ցուցակները՝ մտածելով, որ Աստված չանի, եթե Դավիթը զոհվել է, գոնե վայրկյան ուշ թող իմանամ:

Երբ արդեն Դավիթի զոհվելու մասին լուրը իմացա, հավատս չէր գալիս, հիմա էլ չեմ հավատում։ Կհավատամ, երբ այլևս առաջինը չի լինի ծննդյանս օրը շնորհավորողը…

Ներքին վստահություն կար, որ ինչ էլ լինի, Դավիթը թեկուզ վիրավորվելով էլ պիտի ողջ մնա, որովհետև ինքը սիրում է իր զինվորներին, ինքը պիտի լինի, որ մյուսները շարունակեն կռվել, որ որևէ մեկը առանց իրեն չմնա… Դավիթը սիրված հրամանատար էր: Արդեն փոխգնդապետի կոչում ուներ, բայց չէր ասել։ Նրա համար դիրքն ու պարգևատրումները կարևոր չէին։

Կարծես այս ամենը վատ երազ լինի…

Դավիթը շատ նպատակներ և երազանքներ ուներ, բայց միևնույն ժամանակ, երբ խոսում էր դրանց մասին, միանգամից սթափվում էր ու ասում էր, որ չի ուզում խոսել մի բանի մասին, որ շատ հետո է լինելու:

Դավիթի հետ կապված հիշողություններ շատ ունեմ։ Ուզում էի երգչուհի դառնալ, հարազատներս դեմ եղան։ Դավիթն այն քչերից էր, որ ուզում էր երգեմ ու պատրաստ էր ամեն ինչ անել մեկնարկի համար։ Միշտ մերժում էի, 15 տարի մերժեցի։ Պատերազմը երբ սկսվեց, ապրումներս այլևս չտեղավորվեցին մեջս, ու երգ ծնվեց այդ թեմայով։

Միանգամից չասացի Դավիթին, ուզում էի անակնկալ անել արդեն պատրաստի վիճակով։ Չհասցրի… Գիտեմ՝ ուրախ կլիներ, ուզում եմ իմանա, որ այլևս երգելու եմ։

Ուզում եմ տղերքը բոլորը մեկ առ մեկ վերադառնան, պինդ մնան ու էլ չպակասեն, այս մղձավանջն ավարտվի, էլ մայրերը չարտասվեն երբեք, ու հաղթող լինենք»,- եզրափակեց Կարինեն:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close