Նորություններ

Աբրահամ Ռուսոն նոյեմբերի 1-ին և 2-ին առցանց բարեգործական համերգներ կունենա՝ հասույթը փոխանցելով արցախցի հայրենակիցներին

Նոյեմբերի 1-ին և 2-ին հալեպահայ երգիչ Աբրահամ Ռուսոն բարեգործական առցանց համերգներ կունենա, որոնք կհեռարձակվեն երգչի ֆեյսբուքյան էջով: Համերգների ժամանակ գոյացած հասույթը Ռուսոն մտադիր է փոխանցել պատերազմի հետևանքով տուժած արցախցիներին:

Ամերիկաբնակ հանդիսատեսը երգչի կատարումները կարող է ունկնդրել այսօր՝ նոյեմբերի 1-ին՝ Լոս Անջելելսի ժամանակով 18:00-ին և Նյու Յորքի ժամանակով 21:00-ին: Իսկ մոսկվաբնակ հանդիսատեսը՝ նոյեմբերի 2-ին՝ 21:00-ին, ինչպես նաև նույն օրը Նյու Յորքի հանդիսատեսի համար երգիչը ևս մեկ համերգ կունենա, որը նախատեսված է Նյու Յորքի ժամանակով 13:00-ին:

Գումարները փոխանցելու համար Ռուսոն նշել է հաշվեհամար (հաշվեհամարը՝ այստեղ), որի միջոցով էլ հանդիսատեսները կարող են կատարել նվիրատվությունը:

Նա նաև տեսաուղերձ է հղել, որտեղ մարդկանց կոչ է անում լինել առատաձեռն, որքան հնարավոր է. «Ցանկացած գումար օգնություն է դրա կարիքն ունեցողների համար, որոնք տառապում են Արցախում տեղի ունեցող պատերազմի պատճառով: Խնդրում եմ անտարբեր չգտնվել և փորձել օգնել: Կարևոր չէ, թե ով ենք մենք: Մենք մարդիկ ենք, որոնք քայլում են նույն երկնքի տակ: Այսօր դուք կօգնեք, իսկ վաղը՝ նրանք»,- մասնավորապես նշել է սիրիահայ երգիչը:

Նշենք, որ Աբրահամ Ռուսոն պատերազմի առաջին իսկ օրերից ակտիվորեն հետևում է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին՝ իր աջակցությունը հայտնելով հայրենակիցներին: Նա ֆեյսբուքյան իր էջով հեռարձակվող «РАЗГОВОР ПО ДУШАМ» հաղորդաշարի միջոցով վերջին շրջանում պարբերաբար անդրադառնում է արցախա-ադրբեջանական հակամարտությանը, որտեղ հրավիրում է տարբեր ազգություններ ու մասնագիտություններ ունեցող անձանց:

Back to top button