Նորություններ

«Երբ իմ արյունը տեսա այդ հողի վրա, ես մի բան հասկացա, որ այդ հողը չի կարող լինել մեր թշնամունը»

«Ամսի 27-ի առավոտյան, երբ պատերազմը սկսվեց, ես խրամատում էի, մարտական հերթապահության էի: Առաջին արկը խփեցին, հետո սկսեցին տանկերով գրոհել: Յոթ օր կռիվ ենք տվել, ութերորդ օրը մեզ գցեցին շրջափակման մեջ: Մեջքիս հատվածում ստացել եմ հրազենային վիրավորում:

Ծառայությունս շատ լավ էր անցնում. թե՛ զորամասի հրամկազմը, թե՛ մեր ընկերները դարձել էին շատ հարազատ մարդիկ, որոնց կորցրել եմ պատերազմի ժամանակ, հրամանատարս՝ Վարդգես Մինասյանն էր, գյումրեցի Վկուլը, ով իր կյանքը զոհեց հանուն իր զինվորների, հանուն հայրենիքի:

Ինչպես միշտ է եղել, հային նախահարձակ կոտորել են, այս անգամ էլ նույն ձեռագրով սկսեցին կռիվը, բայց էս անգամ հայը չի կոտորվելու, հայը չի կոտրվելու. մենք հաղթելու ենք, և դա միանշանակ է, որովհետև մենք այնպիսի տղերք ունենք… սպասում եմ, որ շուտ ապաքինվեմ, գնամ հասնեմ իմ եղբայրներին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է ժամկետային զինծառայող Արմեն Գագիկի Ասատրյանը:

Արմեն Ասատրյանը ծնվել է Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղում: Սովորում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:

Ծառայում է Ջեբրայիլի զորամասում, երկու ամսից կավարտի պարտադիր ժամկետային ծառայությունը:

«Պատերազմից առաջ եթե կային մարդիկ, ում հետ հարաբերությունները մի տեսակ ուրիշ էր, կռվի ժամանակ դա անցնում է, բոլորը իրար նկատմամբ հարազատ եղբայրների նման են դառնում. մի հացը իրար հետ կիսել, մեկը կյանքի գնով էր գնում ջուր բերելու, և չգիտեինք՝ ինքը որ գնաց, արդյո՞ք հետ կգա, թե չէ… աղոթում էինք, որ տղերքը հետ գային: Երբեմն մտածում եմ, որ կարոտել եմ արդեն խրամատային կյանքը:

Պատերազմը շատ բան է ստիպում հասկանալ, դու տեսնում ես կռվի ժամանակ իսկական դուխը, իսկական կռվողին: Այն մարդը, որ կյանքում չես մտածել, որ կարող է քեզ փրկի, օգնի, կռվի. ինքն է այդ պահին այդտեղ՝ կողքդ:

Իսկ ումից ինչ չէիր սպասում, կարող է այնպիսի բան անել, որը անսպասելի էր քեզ համար:

Շատ ընկերներ և հարազատ մարդիկ եմ կորցրել, շատ ծանր եմ տարել, բայց դե հույսներս չենք գցում, հիմա մեր հույսը միայն Աստված է:

Ես 7 օր փորձությունների միջով եմ անցել, ու 7 օր իմ միակ հույսը եղել է Աստված, ինձ իմ հավատը փրկեց»,- շարունակում է Արմենը:

«Մեր հաջողության գրավականը մեր հավատն է, մեր միասնությունը: Պատերազմի դաշտում ամենադժվարը խուճապն է:

Պանիկա սահմանին չկա, ինչը չես ասի ժողովրդի մասին, իսկ այդ խուճապը արդեն իսկ կոտրում է… ֆիզիկապես գուցե հիմա թուլացած լինենք, բայց երբ հոգեպես ես թուլանում, այդ ժամանակ պարտությունն անխուսափելի է:

Ես շատ զգայուն մարդ եմ, բայց երբ գալիս ասում էին՝ գիտես, այս մարդն է մահացել, արդեն սառած վիճակ էր ինձ մոտ:

Մանկության ընկերս է մահացել, շատ ծանր եմ տարել, բայց կորուստների մեջ այն է ուժ տալիս, որ պատերազմ է, և պատերազմում փլավ չեն բաժանում, մենք կռվում ենք հայրենիքի համար և մեր հողի համար ենք արյուն թափել:

Ես երբ իմ արյունը տեսա այդ հողի վրա, ես մի բան հասկացա, որ այդ հողը չի կարող լինել մեր թշնամունը: Այն հողը, որտեղ իմ ու իմ եղբայրների արյունն է թափվել, ուղղակի չի կարող թուրքինը լինել»,- ընդգծում է Արմենը:

Արմեն Ասատրյանը պատմում է, որ մի քանի օր առաջ է տոնել ծննդյան 20-ամյակը, ասում է՝ իր հետ պառկած վիրավոր տղերքը անակնկալ են արել, ասում է՝ երեք անգամ առիթ եղավ տորթի մոմերը փչելու. երեք անգամվա երազանքը մեկն է եղել.

«Խաղաղություն… չգիտեմ մեր աղոթքները հասնո՞ւմ են երկինք:

Ոչ մի մարդ թող չտեսնի այն, ինչ մենք տեսանք այս օրերին, մենք տեսանք այն, ինչը ամենավատ ֆիլմում էլ չես տեսնի:

Ամեն րոպե աչքերիդ առաջ մահվան և ապրելու պայքար է գնում, և ապրելու համար չես հոգնում, պայքարում ես, բայց ոչ թե քեզ համար, այլ քո հարազատների:

Մենք պարտավոր ենք ապրել, և եթե Աստված մեզ փրկել է, ուրեմն դեռ անելիք ունենք և պետք է անենք»,- եզրափակեց Արմեն Ասատրյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close