Նորություններ

«Մեր հաջողության գրավականը մեր «աննորմալության» մեջ է. մեր նման ազգ աշխարհում անհնար է գտնել»

Ապրիլյան պատերազմի մասնակից, ԵԿՄ Գեղարքունիքի մարզային բաժանմունքի անդամ Նորայր Զախարյանը պատերազմի առաջին իսկ օրերից կամավորագրվել է, որպեսզի մեկնի առաջնագիծ հայոց սահմանները պաշտպանելու:

Նորայրն ասում է, որ սպասում են ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հրամանին, որ Գավառի ջոկատով մեկնեն առաջնագիծ:

2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Նորայր Զախարյանը կորցրել է ձախ ոտքը. մասնակցել է Մարտակերտի, Թալիշի, Մատաղիսի հատվածների մարտական գործողություններին, իր վաշտի տղաների հետ փայլուն կատարել մարտական առաջադրանքը:

Ապրիլյան պատերազմի հերոսն իր պատերազմը չի ավարտել. ասում է, որ հիմա էլ նույն մարտական ոգով պատրաստ է մեկնել առաջնագիծ՝ կանգնելու իր զինվոր եղբայրների կողքին:

«Հիմա բոլորի մտքին մի բան է, որ սա լինելու է մեր վերջին պատերազմը, որը մենք կտեսնենք: Մեր գալիք սերունդներին ուղղակի պարտավոր ենք խաղաղ Հայաստան նվիրաբերել, որովհետև մենք այս պատերազմում մի ամբողջ սերունդ ենք կորցրել: Եթե այս հարցին վերջնական լուծում չտրվի, ապա ամեն 4-5 տարին մեկ մենք կունենանք հազարավոր զոհեր: Մենք պարտավոր ենք և մեզանից յուրաքանչյուրը, ես երկրորդ կարգի հաշմանդամություն ունեմ, ընկերներս առաջին կարգի հաշմանդամ են, մեր ապրիլյանի տղաները հիմա բոլորը պատրաստ են առաջնագիծ մեկնելու համար: Ես Աստծուն աղաչում եմ, որ զանգը ստանամ և վայրկյան շուտ մեկնեմ առաջնագիծ, որովհետև ես էնտեղ ավելի հանգիստ եմ, ես այնտեղ գիտեմ ինչ եմ անում»,- ասում է Նորայրը:

Նա շեշտում է, որ ապրիլյանից հետո լավագույն դասը, որ պետք է քաղած լինեինք, սեփական ուժերին հավատալն ու ապավինելն է:

«Մեր հույսը մենակ մենք ենք, մեր զինվորն է, մեր հայրն ու մայրն է, թիկունքում գտնվող մեր եղբայրն ու քույրը:

Մենք այս պատերազմում տեսանք, որ աշխարհը կարծես թե աչք է փակում Թուրքիայի արարքների վրա և չի ուզում տեսնի իրողությունը:

Երեկ ՌԴ նախագահը խոսում էր 5+2 (7 շրջանները վերադարձնելու մասին), ես չեմ հասկանում՝ ոնց կարելի է այդպես մտածել, եթե այս ամենի մեջ սովետական տարիների ղեկավարներն են մեղավոր, որովհետև մեր պատմական Արցախ նահանգը նվիրաբերեցին ինչ-որ մի քոչվոր ցեղի, որը հիմա իրեն դրել է չգիտեմ ինչի տեղ և ասում է, որ Արցախը Ղարաբաղն է և Ադրբեջանը: Ախր ոնց կարող է նման բան լինել, եթե մեր Արցախում գտնվող եկեղեցիները ավելի հին են, քան Թուրքիա պետությունը, առավել ևս Ադրբեջանը:

Պատմության հետ պետք է հաշվի նստել և առճակատվել, որպեսզի հասկանանք՝ Արցախը հայկական նահանգ է եղել, այլ ոչ թե քոչվոր ցեղերի»,- շարունակեց Զախարյանը:

Նորայր Զախարյանն ասում է, որ #ՀԱՂԹԵԼՈՒ_ենք կարգախոսը պատերազմի սկզբի օրերին ընդունում էի որպես ոգևորության տարր, բայց հետո հասկացա, որ այս պատերազմում Ադրբեջանը Թուրքիայի անմիջական օգնությամբ հանդերձ չի կարող հաջողություն ունենալ:

«Այդքան զորքով, զինտեխնիկայով իրենք առնվազն 3 օրում պիտի Արցախը գրաված լինեին, բայց դրանք, հանդիպելով մեր 18-20 տարեկան տղաների դիմադրությանը, իրենց փողով կռվող վարձկանները, գեներալները վախեցան ու փախան: Իրենք մեկ ամիս է ընդամենը Ջեբրայիլում են մի քիչ առաջ եկել: Իրենք հաջողություն չունեցան, չկարողացան իրենց առջև դրված խնդիրը կատարել»,- ընդգծեց ապրիլյան պատերազմի մասնակիցը:

Ըստ Նորայր Զախարյանի՝ մեր հաջողության գրավականը մեր «աննորմալության» մեջ է.

«Մեր նման ազգ աշխարհում անհնար է գտնել, մենք երբ խաղաղության մեջ ենք, իրար հետ անընդհատ կռվում ենք, բայց հենց իմանանք, որ սահմանին անգամ մի կրակոց է եղել, բոլորս մի ընտանիքի անդամ ենք դառնում: Մեր գոյատևման, մեր պայքարի, հաղթանակի գրավականը մեր հայի գենն է, հայի արյունն ու ոգին է, մեր ազատամարտիկն է, մեր հայեցի մտածելակերպն է: Մենք կորցրեցինք մեր ծովից ծով Հայաստանը, բայց արյան գնով, ատամներով պահպանում ենք այս փոքր պետությունը:

Վերջին ցույցերը, որ հայերը ամբողջ աշխարհում իրականացրին, հիշում եմ Թալեաթի խոսքերը, որ պետք է միայն մի հայ թողնեն, այն էլ թանգարանի համար:

Մենք կարող ենք փակել Ֆրանսիայի միջպետական ճանապարհները, Գերմանիայի, Միացյալ Նահանգների ճանապարհները, Թրամփի ճանապարհն ենք կարողանում կտրել և ստիպել, որպեսզի խոսեն հայերի մասին:

Աստված տա՝ շուտ ավարտվի այս պատերազմը, մենք սերունդ ենք կորցրել, որոնց էլ չենք կարող վերադարձնել, նրանք արել են անհնարինը, մեր զինվորները շարունակում են անել անհնարինը: Խելահեղ սերունդ է մեծանում, մեզանից բեթար, նախորդներից բեթար լավն են, շատ լավը. այ դրա համար էլ ես համոզված եմ, որ ոչ թե հաղթելու ենք, այլ հաղթում ենք»,-եզրափակեց ապրիլյան պատերազմի մասնակից Նորայր Զախարյանը:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close