Նորություններ

ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը հորդորում է չտրվել սադրանքներին

Մասնավոր անձինք և առանձին խմբեր Մոսկվայում բողոքի ակցիաներ կազմակերպելու կոչեր են անում։

 Ռուսաստանում Հայաստանի դեսպանություն հորդորում է ռուսաստանաբնակ հայերին չտրվել սադրանքներին և պահպանել այն երկրի օրենսդրությունը, որտեղ գտնվում են։ Դեսպանությունը Facebook-ի պաշտոնական էջում նշվում է, որ վերջին օրերին սոցիալական ցանցերում մի շարք անձինք և առանձին խմբեր Մոսկվայում տարբեր ակցիաների դուրս գալու կոչեր են տարածում։

«Գիտակցելով ձեզանից յուրաքանչյուրի խորը մտահոգությունը և չափազանց ուշադիր վերաբերվելով իրավիճակին՝ խնդրում ենք ձեզ ձեռնպահ մնալ նման նախաձեռնություններին մասնակցելուց և սոցիալական ցանցերում կոչերի տարածումից, չտրվել հնարավոր սադրանքներին և, ինչպես և նախկինում, պահպանել ՌԴ օրենսդրությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դեսպանությունը խնդրում է ՌԴ-ում գտնվող հայերին մշտական կապ պահպանել դիվանագիտական ներկայացուցչության հետ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Պատերազմի սկզբից ի վեր աշխարհի տարբեր երկրներում հայերն ու նրանց համակիր տեղաբնակները բազմաթիվ ցույցեր են կազմակերպել՝ դատապարտելով թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ։

Մի քանի երկրներում՝ մասնավորապես Ֆրանսիայում ու Իսրայելում, հարձակումներ են գրանցվել խաղաղ ցուցարարների վրա։

 

Back to top button
Close