ՆորություններՏնտեսական

«Պատերազմները միշտ նպաստել են տնտեսության զարգացմանը, որովհետև պատերազմները միշտ խթանել են տնտեսության ինովացիոն զարգացմանը». տնտեսագետ

Պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագիծը էականորեն փոխվել է։ Չնայած տնտեսական բարդ իրավիճակին, նրանք ավելի պարտաճանաչ են դարձել։  Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի հետ ունեցած աշխատանքային հանդիպումից հետո:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում տնտեսագետ Գագիկ Վարդանյանը նշել է, որ իրեն չի զարմացում հարկ վճարողների պարտաճանաչությունը, որովհետև հարկատուները չէին կարող ոչ խոհեմ լինել և ժամանակին չվճարել իրենց պարտավորությունները. այնպես որ միանգամայն սպասելի էր:

«Պատերազմի ժամանակ ապրանքատեսակների պահանջարկը պետք է որ մեծացած լինի, և բնականաբար հարկային պարտավորությունները կմեծանան, այսինքն՝ լրացուցիչ ծառայություններ են մատուցվում, լրացուցիչ ապրանքներ են սպառվում՝ խաղաղ դրության համեմատ: Պատերազմների ժամանակ գործազրկության մակարդակը նվազում է, եթե չասեմ, որ ընդհանրապես գործազրկություն չի լինում»,- հայտարարեց տնտեսագետը:

Գագիկ Վարդանյանը չունի մտավախություն, որ պատերազմը հանգեցնելու է տնտեսության անկման.

«Որքան էլ որ պարադոքսալ թվա, բայց պատերազմները միշտ նպաստել են տնտեսության զարգացմանը, որովհետև պատերազմները միշտ խթանել են տնտեսության ինովացիոն զարգացմանը: Բայց մեր երկիրը ինովացիոն ակտիվ քաղաքականության մասով խնդիրներ ունի, քանի որ ազգային ինովացիոն համակարգը ձևավորված չէ, և մենք ինովացիոն տնտեսություն չունենք:

Եթե Հայաստանի տնտեսությունը այս պահին մեկ բառով նկարագրենք, ապա այն մոբիլիզացիոն է, այսինքն՝ հիմա բոլոր կազմակերպությունները գործում են պատերազմի ժամանակ գործող օրենքների համաձայն, և շուկայական ազատությունները որոշակի սահմանափակումների մեջ են դրված և ծառայում են երկրի անվտանգության ապահովմանը»,-հայտարարեց Վարդանյանը:

Տնտեսագետն ասում է՝ այս պահին հստակ որևէ կանխատեսում անել հնարավոր չէ, որովհետև դրա համար լուրջ ուսումնասիրություններ են պետք:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել և շրջանառության մեջ է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին նախագիծ:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից և կգործի վեց ամիս ժամկետով: Մինչ այդ պետությունը բիզնեսին կտրամադրի 2,5 ամիս՝ ներմուծման նոր շուկաներ գտնելու համար:

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը ինչպիսի՞ ազդեցություն կթողնի տնտեսության վրա, հարցադրմանն ի պատասխան տնտեսագետը հայտարարեց.

«Դրանում ես սարսափելի ոչինչ չեմ տեսնում, ընդհակառակը, դա նաև արժանապատվության հարց է: Ընդհանրապես այս իրավիճակում եվրոպական երկրներ կան, որ խթանում են իրենց տեղական արտադրանքի սպառումը: Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը, որպես այդպիսին, էական ազդեցություն չի թողնի տնտեսության վրա, որովհետև արգելքի դիմաց այլընտրանք կա: Թուրքիայի արտադրությունը և տնտեսությունը Չինաստանի հետ համադրելի է, և գիտենք, որ Չինաստանը ամբողջ աշխարհը հեղեղել է իր ապրանքատեսակներով»,-եզրափակեց տնտեսագետը:

Անահիտ Չալիկյան

 

 

 

 

Back to top button
Close