Նորություններ

Ձեր լռությունը սպանում է մեր ժողովրդին. բողոքի ցույց Վիեննայում

Ձեր լռությունը սպանում է մեր ժողովրդին… Լռության անտանելի «ձայնը» ճեղքում են դուդուկի հնչյունները… Ունկնդիրները հայեր են՝ Արցախի դրոշներով, թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող պաստառներով: Լուռ կանգնած են Վիեննայում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ սև հագուստով և սև դիմակներով:

Մարդիկ չեն վանկարկում, ակցիան լուռ է նաև ի հիշատակ առաջնագծում զոհված մեր հայորդիների և խաղաղ բնակչության:

Ավստրիայում ապրող հայ համայնքը ՄԱԿ-ի անդամ երկրների հանցավոր լռությունը Արցախում կատարվող ոճրագործության նկատմամբ դատապարտող նամակ է հասցեագրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ պահանջով՝ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

Համայնքի ներկայացուցիչները նաև պահանջել են վերջ դնել լռությանը, դատապարտել թուրք-ադրբեջանական ագրեսիան հայ ժողովրդի նկատմամբ:

Լուռ հավաքը եզրափակվել է Տերունական աղոթքով:

Հավելենք, որ նմանատիպ ակցիաներ են կազմակերպել նաև Շվեյցարիայի և ԱՄՆ-ի հայ համայնքները՝ Ժնևում և Նյու-Յորքում գտնվող ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակների մոտ:

Նախապես հայ համայնքը խնդրել էր Ավստրիայի ոստիկանությանը ուժեղացնել իրենց ուժերը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց տեղի ունեցող ցույցի ժամանակ՝ հաշվի առնելով Ֆրանսիայում և ԱՄՆ-ում խաղաղ հայ ցուցարարների վրա թուրք-ադրբեջանական զինված հարձակումները:

Իսկ մասնակիցներին կազմակերպիչները նախապես զգուշացրել են ոչ մի դեպքում չտրվել սադրանքների:

Լիանա Անտոնյան

Արմեն Աբիսողոմյան

Back to top button
Close