Նորություններ

«Հիմա ով ինչ ասի, ես պետք է արդարանա՞մ»

«Եթե պարոն Ծառուկյանն այդպիսի բան է ասելու, ճիշտ կլինի իրենից էլ ճշտել: Մենք պաշտպանում ենք Հայաստանի Հանրապետության շահերը՝ ի հեճուկս որոշ բիզնես խմբերի շահերի»,- լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ չգիտի, թե ինչ նկատի ունի ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, երբ ակնարկում է ծանոթ-բարեկամների մասին։

«Հիմա ով ինչ ասի, ես պետք է արդարանա՞մ: Իրենք իրենց ասածների համար թող պատասխան տան»:

Պատգամավորը վստահեցրեց՝ ցեմենտի գործարանի մասով հանձնաժողովում բոլոր հիմնավորումները մանրամասն հնչեցրել են։ Նրա խոսքով՝ խորհրդարանի տնտեսագիտական փորձաքննության վարչությունն էլ իր եզրակացությունն է ներկայացրել այն մասին, թե կառավարության ներկայացրած նախագիծն ինչ ռիսկեր ու վտանգներ է պարունակում: Նա նկատեց, թե հարցը քննարկելու դեռ երկար ժամանակ կա, որտեղ էլ ավելի մանրամասն բացատրություններ կլինեն։

Թունյանը հորդորեց լրագրողներին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հարցնել, թե արդյոք իրենք այստեղ քաղաքակա՞ն շահեր են ներկայացնում, թե՞ ինչ-որ կոնկրետ բիզնես շահեր:

«Ես իր հետ խնդիր չունեմ, մեր խնդիրը բոլորի համար հավասար պայմանների ապահովումն է… Այդ խմբակցությանը մի բան էլ կարող եք հարցնել, թե իրենք այստեղ քաղաքակա՞ն շահեր, թե՞ ինչ-որ մեկի բիզնես շահերն են ներկայացնում: Ամբողջ խմբակցությունը ֆիքսվել է մեկ ընկերության վրա ու մեղադրում է, թե ծանոթ-բարեկամ ունես, ինչն անհասկանալի է»,- հավելեց պատգամավորը։

Back to top button
Close